Ո՞վ է ասել, որ այս (իմ) սերունդը ոչինչ չի տեսել. ոչ մի դժվարություն, ոչ մի ցավ, ոչ մի կարոտ։ Այսօր ամեն ինչ հակադարձեց՝ մեր սերունդը չափից ավելին տեսավ…
Զինվոր ունեմ բանակում, սահմանին, մահվան «բերան»… Չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ նրան, ում պետք է հանդիպեի մի օր, հիմա դիրքերում է։ Չեմ ուզում սպասել, չեմ ուզում տագնապել, չեմ ուզում վախով ապրել… Չեմ ուզում դեռ չգտած՝ կորցնել։ Ուզում եմ ճանաչել, հետը լինել, զգալ իր շունչը, լինել կողքին, ապրել հետը, իմանալ իր մասին… Ուզում եմհենց հիմա իմանա, որ բացի ընտանիքից էլի սպասող ունի։ Կասեմ իրեն: Կգրեմ նամակ ու կուղարկեմ։
«Իմ զինվոր, իմ հերոս, իմ քաջ մարտիկ, հուսամ լավ ես, առողջ ես, կուշտ ես ու ժպտում ես։ Չգիտեմ՝ ով ես, չգիտես՝ ով եմ, բայց կասեմ, որ իմն ես։ Դու ես այն մեկը, ում ես կհանդիպեի մի օր փողոցում, կամ միգուցե մի ուրիշ տեղ, կծանոթանայինք, կմտերմանայինք ու կամուսնանայինք։ Բայց դու հիմա սահմանին ես, կռվում ես որ այդ օրը գա, միասին լինենք։ Գիտե՞ս՝ ինչու, որովհետև այսօր երազումս մենք հանդիպել էինք: Կանաչ, գեղեցիկ, վառ կարմիր ծաղիկներով լեփ-լեցուն դաշտում էր, հեռվում սև ու դեղին մոլեգին ինչ որ պատկեր էր երևում, կարծես պատերազմի հակառակ կողմում լինեինք։ Դու զինվորական համազգեստով էիր, ես` ազգային տարազով, ու դեռ նոր էիր վերջացրել քո մասին պատմելը, երբ ականի պայթյունը խլացրեց ու սթափեցրեց ինձ։ Ես միանգամից որոշեցի՝ գտնել քեզ ու գրել այս մասին։ Ուրախությանս սահման չկար, երբ երազումս լսած անունն ու ազգանունն ասացի զինկոմիսարիատում, ու ասացին, որ կամավորագրվել է և մեկնել սահման… Այսինքն, իրական էր, դա երազ չէր, դա՝ նշան էր…
Եթե հիմա սա կարդում ես, ուրեմն արդեն՝ գտել եմ։
Սպասելու եմ քեզ, ամուր մնա, զգույշ եղիր, հոգ տար քո մասին, որ գաս հասնես ինձ, կողքիս լինես ու կյանքս դարձնես լիարժեք։
Ամուր գրկում եմ»:
Ու այսպիսի քանի՜ նամակներ են անպատասխան մնացել, քանի՜ այսպիսի նամակ գրող է կարոտից տառապել, քանի՜ այսպիսի նամակ է կորել…
Բայց ես կսպասեմ իմ զինվորին։ Գիտեմ, նա կգա: