-Տա՞տ, իսկ որ մարդիկ կմեռնին, ի՞նչ կեղնի։
-Չգիտեմ, բալես․․․
Տատս արդեն վաղուց չկա, բայց ես համոզված չեմ, որ հիմա նա գիտի այդ հարցի պատասխանը (դե՜, հասկանում ես՝ ինչ նկատի ունեմ)։
Երբեմն վարկածները այնքան շատ են, մարդիկ քեզ այնպես համոզված են ինչ-որ վարկած ներկայացնում, կարծես թե նրանց վճարել են դրա համար, իսկ նրանք, ջանք չխնայելով, իրենց ֆանտաստիկ կրոնական, երբեմն էլ հակակրոնական առասպելներն են պատմում քեզ ու մի բան էլ նեղանում են, երբ կարծիքը չես կիսում իրենց հետ։
Այս պահիս այստեղ եմ այդ վարկածներից մեկի մասին ձեզ պատմելու, որը լսել եմ ոմն X-ից, ուղղակի դա այն մասին չէ, թե ինչ է լինում, երբ մարդիկ մահանում են, այլ մի հետաքրքրական պատմություն է այն մասին, թե երբ են հարություն առնելու մեռածները։
Մի օր ոմն X-ի հետ քայլում էինք Խանջյանով, խոսում ՀՀ ֆուտբոլի ազգայն հավաքականի վերջին փայլուն ելույթից, և հանկարծ նա ինձ հարցրեց.
- Էդ ֆուտբոլիստներին ինչքա՜ն շատ մարդ է ճանաչում, չէ՞: Ինչ դժվար է իրենց համար։
- Բայց ի՞նչն է դժվար, – հարցրի ես։
- Ըըը․․․ Լավ, նստիր` ասեմ, – ասաց նա՝ կարծես չուզենալով։
- Քանի՞ հոգու ես ճանաչում, որ հարություն են առել։
Ես մի տեսակ գույնս գցեցի ու շփոթված պատասխանեցի.
- Բայց այս ամենը ի՞նչ կապ ուներ քո հարցի հետ, չեմ հասկանում։
- Չէ, դու հարցիս պատասխանիր, քանի՞ հոգու։
Ես մի պահ մտածեցի և պատասխանեցի.
- Դե, ոչ մեկին էլ չեմ ճանաչում, չհաշված Աստվածաշնչյան տարբերակը։
- Չէ, դրա մասին չէր խոսքս, գիտե՞ս՝ ինչի չես ճանաչում։
- Ինչի՞։
- Որովհետև մարդ հարություն է առնում այն ժամանակ, երբ իրեն այս աշխարհում ճանաչող բոլոր մարդիկ մահանում են․․․
Ես մի պահ չկարողացա հասկանալ նրա ասածը, հայացքս հարցական էր, մի քիչ վախեցած։
- Լավ, մոռացի՜ր, վե՜ր կաց, գնացինք, – ասաց ոմն X-ը։
Բավական երկար ժամանակ է անցել այդ օրվանից, բայց ես դեռ այսօրվա նման հիշում եմ իր ասած խոսքերը, իր վարկածը, որը նա կարծես չուզենալով էր կիսվել ինձ հետ: Նա ինձ բացատրում էր, թե մենք որտեղից ենք դեժավյուներ ունենում, և որ այդ հարություն առնել ասվածը ծնվելու նման է: Մենք ամեն անգամ ծնվում ենք նորից, երբ աշխարհում բոլոր մեզ ճանաչող մարդիկ արդեն մահացած են լինում, ծնվում ենք ավելի խելացի, բայց և ավելի չար ու վայրենի, և որ մարդկությունը այսպիսի մի ցիկլի մեջ է ընկել, և որ ինչքան շատ ենք մենք նորից ծնվում, այդքան ավելի մոտեցնում ենք աշխարհի կործանումը։
Չգիտեմ, նա ճիշտ էր, թե սխալ, կամ նա իրական էր, կամ էլ թե որերորդ անգամ էր ծնվել, բայց նրա վարկածը վարկած էր, որն իրավունք ուներ, համենայնդեպս, գոյություն ունենալ։