Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ:
-Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ լրագրող:
Երբ ես դպրոցական էի, բոլորը կարծում էին, թե պետք է թատերական ինստիտուտ ընդունվեմ: Ես կարողանում էի շատ լավ նմանակել. սկզբում ուսուցիչներին, հետագայում` արվեստի գործիչներին, իմ ընկերներին: Սակայն քանի որ արվեստը և գրականությունը շատ էի սիրում, ընդունվեցի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետ: Գրականագետ եմ մասնագիտությամբ և երազում էի գրականագիտական ուսումնասիրություններ անել: Սակայն համալսարանն ավարտում էի արդեն Ղարաբաղյան շարժման տարիներին` 1989 թվականին: Մենք` համալսարանականներս, ակտիվ պայքարի մեջ էինք: Սա մի սերունդ էր, որ պայքարում էր, ոչ թե հուսահատությունից կտրում երակները, կամ զբաղվում ժամանակ մեռցնելով: Ամեն մի հանրահավաքը կարծես մի ծես լիներ. հանդիպում էինք մեծերին, որոնք հարթակից խոսում էին մեզ հետ, իսկ մենք հարգում էինք խոսքը: Այդ տարիներին արգելված գրականություն էր մտնում Հայաստան, և մենք կարդում էինք շատ ու շատ բաներ: Անհրաժեշտ էր լինում տեղում լինել, գրել, թե ինչ է կատարվում: Հենց այդ ժամանակից որոշեցի, որ իմ գրելը ավելի ճիշտ է. և մասնակից լինել, և ականատեսի աչքերով գրել, թե ինչ է կատարվում: Այդ տարիներին սկսվեց իմ գործունեությունը մամուլում: Ես նաև գնում էի Ղարաբաղ, բերում էի ռեպորտաժներ: Շատ քիչ կին լրագրողներ կային, որոնք գնում էին Ղարաբաղ և ազատամարտի մասին հրապարակումներ անում: Դա եղավ պատճառը, որ ընտրեցի լրագրողի աշխատանքը:
-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց իրավական թեմաներով լրագրությունը:
-Երբ Հայաստանը անկախություն հռչակեց, և մենք ունեցանք մեր խորհրդարանը, որը Գերագույն խորհուրդ էր կոչվում, ես լուսաբանում էի խորհրդարանական կյանքը: Գերագույն խորհրդի իրավաբանական վարչության պետը, որը հետագայում դարձավ Հայաստանի գլխավոր դատախազը, Հենրիկ Խաչատրյանն էր: Շատ մեծ իրավաբան, մեր լավագույն իրավաբաններից մեկն էր: Ինքն ամեն անգամ զարմանում էր, երբ ես օրենքների հետ կապված ինչ- որ փակուղիներ էի ցույց տալիս, օրենքը կարդում էի բարեխղճորեն, պատգամավորներին հարցեր էի տալիս: Նա ինձ ասում էր, որ կես խոսքից հասկանում եմ, ու խորհուրդ էր տալիս անպայման այս թեմաներով գրել: Ճիշտն ասած, ես էլ էի սիրում այս ոլորտը, քանի որ պատմվածքներ էի գրում, ու ինձ թվում էր, թե ամենահետաքրքիր պատմվածքները կլինեն դատարանի դահլիճներում: Այսինքն, իմ խնդիրը ոչ թե լրագրողական ժանրը զարգացնելն էր, այլ ընտրելով դատարաններն ու մեկուսարանները, ուզում էի մարդկանց առանձին պատմությունները գրականության մաս դարձնել: Ասեմ, որ դուք ամենաերջանիկներից կլինեք, երբ աշխատեք լրագրող: Դա միակ մասնագիտությունն է, որը շփումների մեջ սահմաններ չի դնում, և դուք ցանկացած ոլորտի մարդկանց հետ շփվում եք: Հետագայում ես հասկացա, որ այնքան եմ խորացել իրավունքի ոլորտի մեջ, որ շատերին թվում էր, թե ես իրավաբանական կրթություն ունեմ: Հետագայում այլ հեղինակների հետ, իմ փորձառությունից ելնելով, մշակեցի և հրատարակեցի 2002 թվականին էթիկայի կանոններ, թե ինչպես պիտի վարվի լրագրողը դատարանի դահլիճում, մեկուսարանում, վիճող կողմերի հետ, տուժողի, դատավորի, ամբաստանյալի և այլն: Էթիկայի կանոնները աշխարհում այնքան ընդունված են, որ իրավապահ լրագրողներն ունեն իրենց առանձին էթիկայի կանոնները, մարզական լրագրողները` իրենց, տնտեսական թեմաներով գրողները` իրենցը և այլն: Մեր թերթը` «Առավոտ»-ը, Հայաստանում առաջին պարբերականն է, որ ընդունել է իր էթիկայի կանոնները: Կգա ժամանակ, երբ ոչ թե թերթը հանդես կգա որպես կանոններ մշակող, այլ թերթի բաժինները այնքան կհզորանան, որ կունենան իրենց առանձին էթիկայի կանոնները:
-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում իրավական լրագրությունը:
- Իրավական լրագրողը նախ պետք է հասկանա, թե ինչ ասել է իրավունքի ոլորտ, ինչ ասել է` փաստաբան, դատարաններ, արդարադատական մարմիններ, դատախազություն, Արդարադատության նախարարություն և այլն: Իրավական թեմաներով գրող լրագրողը պետք է շատ լավ իմանա արդարադատության բոլոր գործառույթները` սկսած ոստիկանությունից վերջացրած պատժիչ կառույցները: Պետք է իմանա, թե ինչ իրավունքներ ունեն բոլոր կողմերը` լինի տուժող թե ամբաստանվող, սակայն առաջին հերթին պետք է լավ իմանա լրագրողի իրավունքները, մամուլի և զանգվածային լրատվության մասին օրենքը, տեղեկատվության, ազատության մասին օրենքը: Սա բավարար չէ, լրագրողը շատ լավ պիտի իմանա այն օրենքները, որոնց շրջանակում ինքը պետք է աշխատի: Լրագրողը նաև տեսական հարթության մեջ պետք է պատրաստ լինի: Տեսեք, ենթադրենք, քաղաքացուն ձերբակալում են, լրագրողը ահազանգ է ստանում, որ քաղաքացին տարվել է ոստիկանություն: Հիմա դու ոչ միայն պետք է գնաս արձանագրես, որ ինքը տարվել է ոստիկանություն, այլ պետք է իմանաս, թե տվյալ անձը երբ է տարվել, նորից անդրադառնաս, թե արդյո՞ք 72 ժամվա ընթացքում ինքը բաց թողնվեց, թե ոչ, որովհետև դա էլ է ցանկալի լուր: Դու այնքան պիտի պատրաստ լինես, որ ոչ թե դատարանում դռնբաց դատական նիստի ժամանակ դատավորին հարցնես, թե իրավունք ունե՞ս լուսանկարելու, այլ ինքդ իմանաս, որ դռնբաց դատական նիստի ժամանակ դու իրավունք ունես և՛ լուսանկարել, և՛ ձայնագրել: Ցանկացած զրուցակից, երբ տեսնում է, որ դու պատրաստ չես, օգտվում է քո անտեղյակությունից: Դու անպատրաստ մտել ես դատարան ու իր օրենքները չգիտես, քո իրավունքները չգիտես, էլ չեմ ասում գործը, որի մասին պետք է գրես: Իրավական լրագրությունը հենց դա է. իրավունք իմացող, իրավունքի ոլորտը վերջին լուրերով, վերջին նորություններով լավագույնս տիրապետող վիճակում գտնվող լրագրող, ով հանրության համար լուսաբանում է այդ ոլորտը անաչառ ու գրագետ:
- Արդյո՞ք հատուկ կրթություն է պետք ունենալ իրավական լրագրող դառնալու համար:
- Նախ անհրաժեշտ է, որ լրագրողը մարդ լինի: Լրագրող լինելը նրա համար չի, որ արձանագրես ինչ-որ դեպք կամ երևույթ: Ամեն դեպքի և երևույթի հետևում մարդիկ են: Պիտի գրել իմանաս, լավ գրել: Ես, օրինակ, միշտ մտածում եմ, որ զրուցում եմ ընթերցողի հետ: Բնականաբար իմ ամեն օրվա աշխատանքը ես գնահատում եմ իբրև զրույց ընթերցողի հետ: Հիմա գուցե դաժան է իմ զրույցը, որովհետև ամենացավոտ խնդիրների մասին եմ գրում, բայց միևնույն է, զրույց է: Պետք է լավ լրագրող լինել, բանիմաց: Դե, պատկերացրեք. ենթադրենք, դուք գրում եք մշակութային թեմաների մասին, սակայն գիրք չեք բացում, չգիտեք ինչ է պոեզիան, կամ ով է այդ նկարիչը, որի ցուցահանդեսը պիտի լուսաբանեք:Ես հիշում եմ տարիներ առաջ ուսանողներից մեկը եկել էր խմբագրություն, պետք է ուղարկեինք մի բանաստեղծուհու հետ հանդիպման, և որքան եղավ զարմանքս, երբ հասկացա, որ չգիտի, թե ով է բանաստեղծուհին, ինչ է գրել: Նույնն էլ իրավունքի ոլորտն է, տնտեսականը: Անպայման պիտի իմանա տնտեսական լրագրողը տնտեսություն, չի կարող ինքը բամբասանքների կամ չգիտեմ, ընդամենը ախուվախերի շուրջ կառուցել իր խոսքը: Իրավունքի ոլորտը առավել ևս, հիմա ես գտնում եմ, որ շատ կարևոր է, որ լրագրողը իրավաբանական կրթություն ստանա հարակից, ինչպես որ ես վարվեցի հետագայում:
-Իսկ մարդկային ի՞նչ հատկանիշներ են պետք իրավական թեմաներով լրագրող լինելու համար:
- Իրավական լրագրողը ո՛չ այլմոլորակային է, ոչ էլ հատուկ կարգավիճակով մեկը: Մենք ենք հիմա տարանջատում: Ասենք, Պաշտպանության նախարարություն, ոստիկանություն, միշտ պահանջում են հավատարմագրել լրագրողին, որպեսզի աշխատեն մի մարդու հետ, որն անընդհատ այդ թեմաներով է գրում, որպեսզի հենց իրենից էլ պահանջեն: Ոչ թե մեկը մի օրով գնա բաժին, մի հատ անհեթեթ բան գրի ու խմբագրությանը գցի պատմության մեջ: Նաև իմացեք, որ այսօր ապատեղեկատվության համար կարող են քրեական գործ հարուցել լրատվամիջոցի դեմ: Նույնիսկ մենք ունեցանք դեպքեր, երբ մեր դեմ քրեական գործեր հարուցվեցին, և լրագրողը ամբաստանյալի կարգավիճակում հայտնվեց: Առհասարակ լրագրողը պետք է սիրի իր մասնագիտությունը, կապ չունի դու իրավունքի ոլորտ ես լուսաբանում, թե սոցիալական ոլորտ, մշակույթ թե տնտեսական… Դու պիտի սիրես այն, ինչ անում ես: Իրավունքի ոլորտում էլ, նույնն է: Ես չեմ ասում սիրես ահաբեկչին կամ կամ էն մարդկանց, որոնք անվերջ էդ քո գործերի լուսաբանման շրջանակներում պիտի լինեն: Բայց դու պիտի հարգես մարդկանց զգացմունքները: Դրա համար են էթիկայի կանոնները. պետք է հարգել նաև տուժողի զգացմունքները: Շատ է եղել, որ ինձ դիմել են իմ մտերիմները, որոնք խնդիր են ունեցել դատարանների հետ: Բայց ես ինքս հրաժարվել եմ լուսաբանելուց, որովհետև մտածել եմ` օբյեկտիվ չեմ լինի և իմ փոխարեն ուղարկել եմ իմ գործընկերներից մեկին:
Հիմա մենք ունենք նաև ցավոտ մի իրավիճակ, երբ լրագրողը զանգում է գործընկերոջը, ասում է` մի հատ չե՞ս ասի` ինչ կատարվեց այս տեղում: Այսինքն, փչացած հեռախոսի լրագրություն է ձևավորվում: Երբ լրագրողը սրանից-նրանից իմանալով նյութ է պատրաստում: Ասում ես, դե լավ, հիմա իրեն թույլ է տվել զանգել է` պատմեմ: Բայց նպաստում ես վատ բանի: Եթե դու չես եղել, լավ, մի նյութ էլ մի գրի, բարի եղիր, հղում արա այն լրատվամիջոցին, որից օգտվել ես: Դա գալիս է նրանից, որ շատերը իրենց մասնագիտությունը չեն սիրում: Թիվ մեկ խնդիրը` սիրել մասնագիտությունը և լինել մարդ: Մարդը խնդրում է, ասում է` մի նկարի, բայց նկարում ես: Պետք է մտածես, չէ՞, որ դու էլ կարող է նույն իրավիճակում հայտնվես:
-Իսկ ձեր մասնագիտությունը վտանգավոր չե՞ք համարում:
- Ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է: Հայաստանում գնալով կդառնա ամենավտանգավորը: Եղել են դեպքեր, որ մտել են խմբագրություն, ջարդել գույքը, սպառնացել: Անվերջ դատարաններում ենք: Հենց հիմա թերթի և անձնապես իմ դեմ դատ կա: Հայաստանում այդպիսի դատ չի եղել: Հարցազրույց եմ արել նախաքննական մարմնի հետ: Քննիչն է որոշել սահմանները, որի շուրջ տվել է ինձ տեղեկություն: Ինձ հիմա մեղադրում են անհատական տվյալներ հրապարակելու մեջ: Ես չեմ ընդունում դա, որովհետև ասում եմ, որ ես հարցազրույց վերցնողն եմ, ինֆորմացիայի տերը ես չեմ: Փորձում են նախադեպ ստեղծել, որ լրագրողը խուսափի նման թեմաների անդրադառնալուց: Անգամ ֆեյսբուքի գրառումների համար դատի են տալիս: Լրագրողը անվերջ դատական գործընթացներում է:
-Դուք բոլոր դատերը լուսաբանո՞ւմ եք:
-Կան դատեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, և բոլոր առաջատար լրատվամիջոցները մասնակցում են: Թերթի շահերն է ստիպում, որ անդրադառնաս: Կան նաև դատավարություններ, որոնք դու ինքդ ես ընտրում: Օրինակ, ես բացի հնչեղից, փորձում եմ նաև էն դատերը լուսաբանել, որոնց քաղաքացիներն են դիմում: Մի մոռացեք, որ լրատվամիջոցները նաև մրցակից են, դրա համար միշտ պետք է մտածես, թե ինչի մասին կուզենա կարդալ ընթերցողը: Իսկ դրանք կենդանի պատմություններն են: Ես կոնկրետ ձեզ խորհուրդ կտայի շատ շփվել հասարակ մարդկանց հետ, դա ամենամեծ դասագիրքն է: Ես գնում եմ հասարակ մարդկանց դատերին, որոնց ասում եմ «անտեր դատեր», մտքիս մեջ իհարկե, որ վիրավորանք չպարունակի կողմի համար: Այդ դատերում մարդ չկա: Վերջերս մի այդպիսի դատի էի: Մեղադրյալը պատիժն է կրում, և այս ընթացքում կուրացել է, տեսողությունը կորցրել է կալանավայրում: Եկել է ուղեկցողը, ու մարդ չկար: Միայն ես էի դահլիճում: Ի՞նչ զգաց, երբ ասաց. «Լավ, պիտի սենց անտեր դատվե՞մ», ու իրեն պատասխանեցին. «Չէ, չէ, անտեր չես, լրագրող կա»: Ինչպես պայծառացավ, երբ իմացավ, որ նստած եմ:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ձեր մասնագիտությունը, բացի նրանից, որ ներկա եք գտնվում դատավարություններին:
-Ես միայն ներկա չեմ լինում դատավարություններին, լինում եմ խմբագրությունում, որտեղ մարդիկ են գալիս, որոնք ունեն պրոբլեմներ: Էդ պրոբլեմները պատկան մարմիններին չեն կարողանում հասցնեն: Մենք կարողանում ենք հրապարակումներով օգնել մարդկանց: Մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, և չեմ թաքցնում, որ երբեմն փաստաբանի դեր էլ եմ կատարում:
-Իսկ եղե՞լ են դեպքեր, որ դատարանը ձեր հոդվածի հիման վրա կամ ձեր հոդվածի պատճառով իր որոշումը փոխի:
-Դատարանները միշտ հայտարարում են, որ իրենք անկախ են: Բայց առաջին ատյանի դատարանը չի կարող որոշումը փոխել, առաջին ատյանը համենայն դեպս ինքն էլ իր դիրքորոշումը ունի: Բայց հետագա ատյաններում հասարակական կարծիք ստեղծելու արդյունքում որոշակի փոփոխություններ եղել են:
-Ըստ ձեզ, զարգացա՞ծ է իրավական լրագրությունը Հայաստանում:
-Եթե համեմատեմ 90-ականների հետ, ապա` այո: Պարզապես հիմա մի քիչ փոխվել է լրագրողի տեսակը: Եթե էն ժամանակ անում էիր բաներ ինքնամոռաց, ապա տեսնում ես, որ շատերը ճանաչում ունենալու նպատակով են անում: Ճանաչումը դժվարացնում է աշխատանքը, հավատացեք: Երբ ինձ չեն ճանաչում, ավելի հեշտ է տեսնել այն սխալները, որոնք իրենք անում են: Երբ ինձ ճանաչում են, սկսվում է թատրոնը:
-Վերջերս Դուք պարգևատրվել եք Մովսես Խորենացու մեդալով: Ի՞նչ փոխվեց դրանից հետո ձեր կյանքում:
-Խորենացու մեդալ եմ ստացել լրագրողական ակտիվ գործունեության համար: Ինձ համար անսպասելի էր: Ես այս տարի նաև Մարշալ Բաղրամյանի մեդալ եմ ստացել Պաշտպանության նախարարության կողմից, երևի թե պատերազմական տարիների համար, երբ գնում էի Ղարաբաղ, և կին լրագրողները շատ քիչ էին, որոնք 10 ժամվա ճանապարհ պիտի անցնեին ու իրենց կյանքը վտանգեին: Իմ բոլոր մրցանակները, որ ստացել եմ, անսպասելի են եղել ինձ համար: Ես երբեք մրցանակի համար նյութ չեմ գրել:
Ի՞նչ փոխվեց մրցանակներից հետո… Եթե ասեմ` կենցաղս, ապա` ոչ: Ես էլի տրանսպորտից եմ օգտվում, աստղային բաներ չունեմ: Ուղղակի լավ ես զգում, որ դա պետության մրցանակն է, այն էլ լրագրությանը, հատկապես մի ժանրում, որի կայացման համար քիչ բան չես արել:
Հարցազրույցը գրի առավ Սուսաննա Միկոյանը