Angela Sedrakyan

Իմ գրածները ոչնչի՝ քո մասին են…

Երևի ամենատարրական բանը կգրեմ, բայց կգրեմ՝ բարև… Աշունը սկսվել է,  իսկ ծննդյանս օրից ուղիղ մեկ ամիս է անցել, չեմ էլ հիշում՝ սպասու՞մ էի շնորհավորանքիդ, չնայած, եթե չեմ հիշում՝ ուրեմն չէի սպասում։

Էս քաղաքում տեղեր կան, որ արժի աչքերդ փակ անցնել, ու ես արդեն փակ չեմ անցնում, այլ պարզ, նայում եմ էդ «տեղի» աչքերի մեջ, կամ սրտի, կամ հոգու։

Հիշում եմ էդ ձմռան «տաք» օրը, խոստումների, երդումների ու արցունք սրբոցիի, «Ես քեզ չեմ ցավեցնի էնպես, ոնց քեզ կցավեցնեին երբևէ», փաստորեն դու «մեղավոր ես» էլ ավելի ժամանակից շուտ շատ բան հասկանալուս ու հիմա, ավելի շատ քայլերս հաշվարկելու մեջ, քո շնորհիվ ամեն օր անխոցելի դառնալուս ու Աստծո տված բումերանգի մասին հիշելուս համար: Հա, մեկ էլ հիշում եմ տաք շուրթերդ, որ մատներիս էին հպվում, համբուրում էին, չէին հավատում էդ մեծ հրաշքին, հետո՝ հավատացին, երևի դրա համար էլ չկաս, երևի դրա համար ես հիմա զրոյացած վիճակում, երևի դրա համար եմ չգոյությանդ հետ հաշտվել, ներել, անցել…

Ներում եմ, որովհետև ներելն իմ գործը չի, որովհետև էդ ծածուկ աղոթքների մեջ միշտ խնդրել եմ Իրեն՝ վերջ տա տառապանքներիս, որոնք ունեմ ու, որ երբևէ կունենամ:  Փաստորեն դու տառապա՞նք էիր, բայց չէ, որ տառապանքի պահին եկար ու ասացիր, լիքը բան ասացիր, փաստորեն՝ ուղղակի էին, քո նման անուղղակի։

Էս տողերը անհասցե են, բայց ուղարկում եմ ուղիղ քո հասցեով, ո՞վ կպատկերացներ, որ ամենամեծ հիասթափությանս անվան մեջ հենց այն տառերն են,  որ մարդկանց համար այդքան կարևոր է իրար ասել, իսկ դու զգոն պիտի լինես, քո մասին կգրվի, որովհետև կարդացողը պիտի հասկանա՝ ինչպիսին պիտի չլինել։

Դու անջնջելի հիասթափություն դարձար, դու քո նման մարդուն երբեք ոչ մի հնարավորություն չտվող մեկը դարձար, փոխարենը՝ ես մեծանում եմ ամեն օր, չտանելով էն վստահության երկու կամ երեք կաթիլը, որ ունեի, ու որը վառել էիր իմ մեջ, երևի դրա համար եմ հիմա սա գրում, երևի դու չես էլ հասկանում՝ ինչ է մարդու հոգեբանությունը, ապրումը, էմոցիան, երևի դու ես մեղավոր, որ սրտիս թելը խճճվել է, ու էդ ամենն այն մեծ հիասթափությունից, չընդունելուց ու չտանելուց։ Քեզանից հետո սովորել եմ՝ մի քանի բառով հստակ գրել ուզածը, որովհետև երկար տեքստերն էլ իմ կյանքում տեղ չունեն, իսկ այն, ինչն ուզում էի շարունակ միայն քեզ պատմել ու պատմել, հասկացա՝ հետաքրքիր չեն քեզ, իսկ աշխարհում ամենաշատը անտարբերությունը չեմ տանում, բայց հիմա ասում եմ քեզ՝ ես անտարբեր եմ քո հանդեպ, իսկ իմ գրածները ոչնչի (քո ոչնչի) մասին են։