Պատերազմից հետո Արցախ գնալը մարդիկ դժվար են պատկերացնում.
վախ… տագնապ… հուզմունք…
Նշեմ, որ միայն հպարտություն և հիացմունք պետք է ապրել Արցախ գնալուց։
…Եթե մինչև տրանսպորտ նստելը մի պահ մտածել էի, որ ինչ-որ իրողություն կխանգարի, և չեմ գնա Արցախ, ապա տրանսպորտ նստելուց՝ կարևորագույն փուլը հաղթահարեցի։
Հինգով էինք: Վարորդը կատակում էր, ասելով՝ նախորդ օրն այնքան ուղևորներ կային, որ քիչ էր մնում գլխիս նստեն։
Չնայած սպիտակ փոխադրամիջոցի կիսադատարկ լինելուն՝ զգացմունքներս ամբողջությամբ լցնում էին այն։
Ճանապարհը միայնակ էր ու տխուր, մշտական բնակիչները լքել էին նրան…
Իսկ Շուշիի կողքով անցնելուց, ամեն ինչ այնքան անհավատալի էր, որ այդ պահին ասես ոչ մի զգացողություն չկար։ Հետ գալուց միայն ուշքի եկա, տեսա Շուշիի տխրությունն ու դատարկությունը. նկարագրել չի լինի…
Շուտով հասանք, ես անհամբեր սպասում էի այդ պահին։ Ընկերուհիս՝ Տաթևը, դիմավորեց, գնացինք տուն, հանգստացանք, դուրս եկանք վայելելու Ստեփանակերտը։
Արցախն այնքան լուսավոր է, գունեղ, չքնաղ, որ ես պարզապես հիացած եմ, չնայած նրան, որ շատ եմ եղել այնտեղ։
Անդադար քայլել էի ուզում, ցանկանում էի շրջել բոլոր փողոցներով, զգալ նրա ողջ հզորությունն ու ջերմությունը, որն արդեն մի բուռ դարձած Արցախից էր փոխանցվում։
Մինչև ուշ երեկո քայլում էինք, չնայած նրան, որ հողը փախչում էր ոտքերիս տակից, բայց հասցրեցի ապրել Արցախը։
Առավոտներն արթնանում էի արևածագից շուտ՝ պատուհանից վայելելով Արցախում բացվող հերթական խաղաղ լուսաբացը…
Հաջորդ կայարանն Ասկերանն էր, որտեղ գնալու ճանապարհը կիսեցինք զինվորների հետ։
Ասկերանում իր ամբողջ վեհությամբ մեզ էր սպասում Մայրաբերդը։ Իսկ այնտեղի փողոցներով անցնելուց՝ նկատում էի պատերազմի դեմ պայքարած բերքատու ծառերի պտուղներ… Մի կին իր բակի դարպասը բացեց, հարցրեց, թե որտեղից ենք, հետո ասաց, որ չնայած քիչ մասն է մնացել, սակայն կարող ենք զգալ ողջ յուրահատկությունը…
Գնալ Արցախ և չհամտեսել ժենգյալով հացը՝ աններելի է։ Ինձ հաջողվեց վայելել իմ պատրաստած ժենգյալով հացը, ինչն առանց արցախցի տիկնոջ օգնության՝ անհնարին կլիներ։
Տուն վերադաձա, սակայն չշտապեցի հրաժեշտ տալ հարազատ Արցախին։ Ինձնից մի մասնիկ մնաց Արցախում, իսկ Արցախից մի մասնիկ հասավ Սյունիք։
Արցախը ծաղկում է, այնտեղ չգիտեն, թե ինչ է հանձնվել ասվածը… Ե՛կ Արցախ։
Լուսանկարները` հեղինակի