Իմ քայլի պատմությունը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Սովորական օր էր բացվել Գյումրիում, ես էլ սովորականի նման առավոտյան արթնացել ու դասի էի գնում: Ճանապարհին մտքումս քննարկում էի Երևանում կատարվող իրադարձությունները, մտածում էի, որ հարկավոր է նմանատիպ ցույցեր կազմակերպել նաև Գյումրիում, չնայած՝ ցույցեր կազմակերպելու փորձ բացարձակ չունեի, ուստի եթե նման փորձ ունեցողները քայլ անեին, ես էլ կմիանայի նրանց, որպեսզի ցույց տամ, որ բողոք ունեմ իշխանության դեմ:

Քայլարշավը սկսվել էր Գյումրիից՝ քաղաքից, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ ինչքան էլ իշխանությունը խարդախություն էր փորձում անել ու կաշառք էր բաժանում, նույնիսկ ձայները կեղծելով՝ չէր հաղթում: Միգուցե դա էր պատճառը, որ միշտ ըմբոստ գյումրեցին հիասթափվել ու համակերպվել էր, որ ոչինչ չի փոխվի: Մտածում էի ու քայլում, հանկարծ ճանապարհին տեսա մի խումբ երիտասարդ ցուցարարների ու ինքս ինձ որոշեցի, որ եթե նույնիսկ մեծերը հիասթափված են, ուրեմն ես ու իմ հասակակիցները պիտի մեր բողոքը անհնազանդությամբ ցույց տանք: Ու ես հայտնվեցի բողոքող ցուցարարների մեջ: Մթնոլորտը շիկացած էր, ու ես էլ՝ դրա մեջ: Երբ տուն եկա, ձայնս էր կտրված, երկար քայլելուց փոշոտված էի ու արևահարված, բայց ուրախ էի, որ իմ մեջ կար հայրենիքումս քաղաքական փոփոխություն կատարելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Եղել են պահեր, երբ ինձ փորձում էին համոզել, որ ես ինչ-որ մի օր պիտի թողնեմ հայրենիքս, ու ընտանիքով գնանք Հայաստանից: Ես միշտ դեմ եմ եղել, միշտ մտածել եմ, որ ուր էլ որ կյանքը ինձ տանի, միևնույնն է, Գյումրիից չեմ կտրվի և վերջում անպայման հետ կվերադառնամ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հուսահատված ու հորս կարոտած եմ եղել: Մի խոսքով՝ շատ չխորանամ զգացմունքներիս մեջ ու ասեմ, որ երբ մտա տուն, մայրս անհանգիստ էր ու լարված, քանի որ գիտեր, թե քաղաքում ու հանրապետությունում ինչ է կատարվում: Ուստի անհանգիստ հայացքը ուղղեց ինձ ու զայրացած ասաց.

-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում այսքան ժամանակ փողոցներում՝ սոված ու ծարավ:

Քանի որ շատ էր զայրացած, ձայն չհանեցի և լուռ անցա լվացվելու: Ուզում էի մորս բարկությունը անցնի, նոր խոսեմ և բացատրեմ: Մայրս հուզված խոսում էր ու խոսում, ինձ հասկացնում, որ գործ չունեմ այդ թոհուբոհի մեջ, քանի որ ոչինչ չեմ փոխի, այն, ինչ «վերևներից» են թելադրում, այդպես էլ կլինի: Ինքն էլ լինելով պայքարող մարդ՝ շատ անգամներ է տեսել, թե ոնց են խեղաթյուրել հասարակ ժողովրդի հաղթանակները: Լռեցի, լռեցի, բայց այլևս չկարողացա լռել ու պոռթկացի՝ ասելով.

-Մա, ձեր սերնդի պայքարողները մեզ համար են պայքարել, բայց չեն կարողացել հասնել նպատակին, ու մեզ թողել եք այնպիսի երկիր, որտեղ ես չեմ ուզում ապրել, և ամեն անգամ ինձ հիշեցնում եք, որ այստեղ ապրելու տեղ չէ, և հնարավոր է, որ մի օր ես էլ Հայաստանից հեռանամ ու ապրեմ դրսում։ Հասկացիր, ես դրսում ապրել չեմ ուզում: Մա, թող որ ես կերտեմ իմ ուզած Հայաստանը, իսկ եթե սխալվեմ, կիմանամ, որ դա իմ սխալն էր։ Եթե հիմա նստեմ տանը ու ընկերներիս մենակ թողնեմ, երբեք ինձ չեմ ների:

Մայրս լուռ լսեց ու ասաց.

-Դե, որ էդպես է, գնա, Աստված քեզ հետ, միայն խնդրում եմ՝ ինձնից գաղտնի մի պահիր քայլերդ, ինձ տեղյակ պահիր՝ որտեղ ես և ինչ ես անելու, որպեսզի իմանամ ու հարկ եղած դեպքում կողքիդ լինեմ:

Ու ընդամենը վեց օր հետո ուրախ-ուրախ տուն մտա ու ասացի.

-Ի՞նչ էիք ասում, որ չի ստացվի, տեսա՞ք, որ ազգովի, երբ բռունցք ենք դառնում, մեզ չեն կարող հաղթել:

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք: