Այսօր պարզեցի, որ իմ 17-ն արդեն ուղիղ 5 տարեկան է դառնում: Պարզեցի լրիվ պատահաբար… Դե՜, այնպես, ինչպես այս երկուշաբթի հանկարծ պարզեցի, որ ժամանակն անտանելի արագ է ընթանում, ու որ քննաշրջանի սկզբին ուղիղ 2 շաբաթ է մնացել: Ժամանակն անտանելի արագ է ընթանում նաև 17-ի հետ ու 17-ի «կողքին», որտեղ գտնվում եմ արդեն 2 տարի: Ես 17-ի «կողքին» եմ հայտնվել 2 տարի առաջ՝ մայիսին, երբ նա արդեն 3 տարեկան էր, ու 17-ը դարձել է իմ կյանքում հարազատ ու սիրելի՝ այն ընկերների նման, որոնք հարազատ չեն մեզ արյամբ, բայց մեր կյանք են գալիս մեր գիտակցական ինչ-որ տարիքում, մեր ապրած ինչ-որ տարիներից հետո ու, հարազատանալով, մնում այնտեղ հավերժ: 17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…