Հարցազրույց տատիկիս հետ
-Տատիկ, ինչպե՞ս ես հաշվարկում մեկ ամսվա բյուջեն ընտանիքի համար:
-Ես մոտավորապես իմ հաշվարկը գիտեմ, թե որ օրը ինչքան պետք է գումար ծախսել, որ հերիքի ամբողջ ամսվա համար:
-Ի՞նչ եփել:
-Հարցնում եմ ընտանիքի անդամներին, որպեսզի իմանամ` ինչ են ուզում ուտել: Օր կա՝ պատրաստում եմ երկու ձևի ճաշատեսակ, որպեսզի բոլորը գոհ լինեն:
-Ինչպե՞ս ես որոշում՝ ինչ պատրաստել, եթե ընտանիքում ամեն մեկը մի բան է սիրում:
-Պատրաստում եմ մի քանի ճաշատեսակ: Օրինակ՝ պապիկը բրինձ չի ուտում: Ձեզ համար պատրաստում եմ բրնձով փլավ, իսկ պապիկի համար հաճարով փլավ եմ պատրաստում: Եթե հաճար եմ պատրաստում, ոսպ եմ խառնում հետը, որ Արամն էլ (եղբայրս) ուտի:
-Որո՞նք են ընտանիքի ամենասիրած ճաշատեսակները:
-Սպասը, բորշչը, տոլման, կարմրացրած կարտոֆիլը, հարիսան, պասուց տոլման:
-Ի՞նչ սովորույթներ կան ընտանիքում` ուտելիքի հետ կապված:
-Կիրակի բոլորս միասին սեղան ենք նստում ավագ որդուս ընտանիքի հետ: Տասը հոգու համար պատրաստում եմ այնպիսի ուտելիք, որ բոլորն էլ սիրում են: Օրինակ` ջեռոցի մեջ եմ հավ կարմրացնում կարտոֆիլով:
-Հյուրասենյակում պահարանի ապակե դարակների հետևում դրված է սպասք, որը մենք միշտ Նոր տարուց առաջ մաքրում ենք: Ի՞նչ սպասք է դա և ինչի՞ համար է օգտագործվում:
-Երբ շատ հյուրեր ենք ունենում, օգտագործում ենք: Նոր տարուն բոլոր բաժակները և ափսեներից մի քանիսը օգտագործում ենք: Կան բաներ, որոնք չենք օգտագործում:
-Իսկ սովետական տարիներին ինչպե՞ս էիր փողը հաշվարկում, ուտելիք սարքում:
-Այն ժամանակ հերթեր էին երշիկի համար, մսի համար, հացի համար, բանջարեղենի խանութի հերթ էր: Պետք է հերթ կանգնեիր, որ կարողանայիր օգտվել ամեն ինչից:
-Պատմիր պահածոների մասին:
-Ամառը պահածո ենք անում՝ լոլիկի, վարունգի մարինադ, թթու ենք դնում` կաղամբի, խառը, ծաղկակաղամբ: Այդ բոլորը պահում ենք նկուղում ու ձմեռն օգտագործում ենք: Մուրաբաներ ենք պատրաստում, հյութեր: Էկոնոմիայի մեջ մտնում է նաև պահեստավորումը: Սոխը, կարտոֆիլը պահում ենք նկուղում, շատ հաճար ենք գնում, լոբի: Չորացնում եմ կանաչ լոբի:
-Ի՞նչ ուտելիքներ ես սովորել պատրաստել մեծերից:
-Մայրիկից սովորել եմ բադրիջանով տարբեր աղցաններ: Ոսպով-հաճարով փլավը սովորել եմ հայրիկիս մայրիկից:
-Դու ունես շաքարային դիաբետ: Քեզ համար հե՞շտ է դիետա պահելը:
-Իհարկե դժվար է: Չի կարելի ուտել քաղցր, յուղոտ բաներ: Ես կանաչեղեն եմ ուտում, լոբի, հատիկեղեն, մածուն, վարսակ: Պետք է կամքի ուժ ունենաս, որ դիետա կարողանաս պահել:
-Քանի որ դու նաև բուժքույր ես, ուտելիքներն այնպես ես պատրաստում, որ և՛ համեղ են ստացվում, և՛ առողջարար: Ինչպե՞ս անել, որ ուտելիքները և՛ համեղ լինեն, և՛ օգտակար:
-Պետք է առողջ սնունդ օգտագործել՝ շատ կանաչեղեն, բանջարեղեն ուտել, մրգերը շատ ուտել: Փլավեղենի վրա ոչ թե սովորական ջուր եմ լցնում, այլ՝ մսաջուր:
-Օրվա ընթացքում ինչպե՞ս պետք է սնվել:
-Պետք է սնվել ռեժիմով: Առավոտյան դուք միշտ սնվում եք, նոր գնում դասի, փոքր նախաճաշ անում դպրոցում: Ցերեկը՝ ճաշի ժամին, պետք է սնվել, և երեկոյան` յոթից հետո պետք չէ սնվել: Գիշերը ուշ ուտել պետք չէ: