Astghik Ghazaryan

Իշխանությունը փոխվեց մեր ընտանիքում

-Ի’մ բալենի, ես որ կարգին դպրոց ի քյացել, հըմի պրեզիդենտ կըլի։ Չորսամյա կրթութին ունեմ, բայց ծեր համալսարանավարտ մերերն իմ չափ խելք չունեն,- ասում է Ամայը, երբ, նեղացած լինելով հարսներից, ուզում է ընդգծել իր մտավոր առավելությունը վերջիններիս նկատմամբ։

-..,- խոհանոցից ընդդիմության ձայներ են լսվում, բայց տատս շարունակում է:

-Եթե հորս չաքսորեին, ես… Քեռուս աղջիկը չաղ էր, կլխին էլ մի էրկու ծյար մազ, ինձ նախանձըմ էր։ Հորս աքսորիլուց հետո քեռիս մեր ունեցածին տեր ըլավ։ Հերս հարուստ էր, բայց ես գիրք ու տետր չունեի, որ դպրոց քյայի։

Տատիկիս հոր հետ նույն թվականին աքսորվեց նաև պապիս հայրը, բայց ի տարբերություն Ամայի, Երեմ պապը ավարտեց Երևանի տեխնիկումներից մեկը։ Պապս լուրջ ու լուռ մարդ էր, իրենից ոչինչ չէր պատմում, ու նրա մասին ինչ էլ գիտեմ, լսել եմ Ամայից։ Նա եղել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն, քառասուն տարի աշխատել է որպես վարորդ` շրջելով Խորհրդային Միության ամբողջ տարածքով։ Կյանքի վերջին տարիներին Երեմ պապի հիմնական զբաղմունքը խոզ և հավ պահելն էր, բայց եթե Ամայը հարսների հետ չէր յոլա գնում, ապա պապը` սրանց հետ: Երևի այս գործն իրենը չէր:

Իսկ այ, գիրք կարդալ շատ էր սիրում, բայց դա էլ Ամայի ու եղբայրներիս հետ կռվի պատճառ էր դառնում: Գիշերները կարդալու համար սենյակի լույսը վառ էր պահում, եղբայրներս էլ, որ պապի հետ նույն սենյակում էին քնում, բողոքում էին.

- Պապի, դե էդ անտեր լիսն անջատի, քնենք, էլի:

Կողքի սենյակից նրանց ձայնակցում էր Անո մաման:

-Պա’հ, ինտիլգենտ են տյառել. լիսի տակին քընըմ չեն,- պատասխանում էր պապիկը:

Տեսողությունից գանգատվում էր, մինչդեռ չգիտես ինչպես, առանց ակնոցի գիրք, անգամ վազող տողով լուրեր էր կարդում: Երբեմն էլ ակնոց էր դնում, բայց այնպես, որ ակնոցի վերևից էր կարդում, իսկ երբ մոռանում էր դնել այդ անիծյալ ակնոցը, տատս առիթը բաց չէր թողնում.

-Ե’րեմ, բա ասըմ ես` լավ չեմ տենըմ:

-Թու~, քու տիպը կտրի…

Երեմ պապի ընթերցասիրությունը մեկ-մեկ էլ ինձ էր խանգարում: Ժամերով չարչարվելով գրքերը գրադարակում դասավորելուց մի քանի րոպե հետո, երբ տեսնում էի, որ պապիկն ամբողջը խառնել է, իր ուզած գիրքը գտել և հիմա կարդում է, ներսումս պապի հետ կռիվ էի տալիս, ինչն արտաքուստ դրսևորվում էր քթի տակ փնթփնթալով: Ինչևիցե: Մեր տան մեծ գրադարանի բոլոր գրքերը Երեմ պապը կարդացել էր, իսկ «Ռանչպարների կանչն» այնքան էր կարդացել, որ շուտով սկսեց գիրքը վերջից սկիզբը թերթել, մատը սահեցնել ոչ թե ձախից աջ, այլ ներքևից վերև: Չէինք հասկանում` ինչ է անում. մտածում էինք, որ ուր որ է՝ «Ռանչպարների կանչի» մասին գիտական հոդված կգրի, բայց չհասցրեց…

Այսուհանդերձ մեր տասնհինգհոգանոց ընտանիք-պետության «պրեզիդենտը» դարձավ ոչ թե «կարդացած» Երեմ պապը, այլ «չորսամյա կրթութին ունեցող» տատս` Ամայը:

2018/07/28