Շատ էի լսել Իջևանի Դենդրոպարկի մասին, բայց երբեք անտեղ չէի գնացել: Որոշեցի հարցազրույց վերցնել Իջևանի Դենդրոպարկի բուսաբան Մեխակ Սայադյանից, բայց չգիտեի Մեխակ պապի (խնդրել էր, որ այդպես դիմենք) բնակության վայրը: Որոշեցի գնալ Դենդրոպարկ և այնտեղ գտնել նրան: Պարզվեց, որ Մեխակ պապը ապրում է հենց այգու կողքին: Նա շատ հյուրասեր էր. անընդհատ փորձում էր ինչ-որ բան հյուրասիրել: Ես հարցրի` արդյոք նա հիշում է 17.am-ի երեխաներին, որոնք Դենդրոպարկի մասին ֆիլմ էին նկարել, բայց նա չէր հիշում: Պատճառաբանեց, որ ծեր է և շուտ է ամեն ինչ մոռանում: Նա ինձ ցույց տվեց այգին և սկսեց պատմել այգու պատմությունը:
-Այգին հիմնադրվել է 1961 թվականին Կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Սայադյանի կողմից: Այս վայրը Աղստև գետի նախկին հունն է եղել, այգին հիմնադրելու ժամանակ խնդիրներ են առաջացել տեղանքի հետ կապված: Հողի շերտի խորությունը 1 մետր է, իսկ դրանից ներքև քար և խիճ է: Այգու ստեղծման նպատակները հետևյալն են. ունենալ Հայաստանի հյուսիսարևելյան շրջանում բուսաբանական այգի (ավելի ճիշտ` ծառայգի, դենդրո՝լատիներենից թարգմանաբար նշանակում է ծառ), և ստեղծել տնկարանային տնտեսություն, որպեսզի Հայաստանի տարբեր շրջաններին մատակարարենք տնկիներ: Անտառ տնկելու կամ ուղղակի կանաչապատման համար չես կարող գուշակել, թե հաճախորդը ինչ կցանկանա, դրա համար էլ փորձում ենք ամեն տեսակի տնկի էլ ունենալ:
Այստեղ փորձարկվել են մոտ 1000 բուսատեսակ՝ աշխարհի տարբեր անկյուններից, բացի Ավստրալիայից (Ավստրալիայի կլիմայական պայմանները շատ են տարբերվում մեր կլիմայական պայմաններից, այդ պատճառով մենք այլևս բույսեր չենք ստանում այդ աշխարհամասից): Այդ բուսատեսակներից միայն 650-ն են անցել քննությունը, և մինչ օրս ամեն տարի ստանում ենք բույսեր և փորձարկում: Խորհրդային տարիներին իրագործում էինք մի ծրագիր, ըստ որի Խորհրդային Միության բոլոր երկրներից մեզ էին ուղարկում բույսեր, իսկ մենք փորձում էինք ստանալ նոր տեսակներ: Շատ մեծ ծրագիր էր, և եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, մենք ավելի առաջ կգնայինք:
Այստեղ իրենց մասնագիտության մեջ հմտացել են տասնյակ անտառագետ ինժեներներ, բուսաբաններ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ, դոկտորական են պաշտպանել 4 հոգի:
Դենդրոպարկը բավականին լուրջ գիտական օբյեկտ է եղել, և հիմա էլ ուսանողները Երևանից գալիս են այստեղ փորձեր անելու: Ապագայում ցանկանում ենք այստեղ հանգստի գոտի կառուցել, որպեսզի մարդկանց հոսքը ավելի շատանա, ցանկանում ենք տեղադրել նստարաններ, քանի որ դրա պակասը այս պահին մենք ունենք: Ծրագիրն իրականացնելու համար մեզ ֆինանսավորում է բնապահպանության նախարարությունը: