Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կուզեիք լիներ ձեր կյանքը։ Չնայած, ի՞նչ եմ հարցնում։ Իհարկե, բոլորն էլ մտածած կլինեն իրենց ապագա կյանքի մասին։ Ոմանք ուզում են դառնալ հայտնի, ոմանք՝ միլիոնատեր, ոմանք ընհանրապես ուզում են համեստորեն ապրել իրենց տրված կյանքը և այլն։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես երազում եմ բարեհաջող ընդունվել համալսարան, ստանալ լավ կրթություն, ունենալ ընտանիք և աշխատել ընտրածս մասնագիտությամբ։ Ճանաչածս մարդկանցից այդպիսի «կյանքի գրաֆիկն» ամենալավը արտահայտվում է պապիկիս մոտ։ Նրան ճանաչելով, իրոք կարող ես ասել՝ «կյանքը հաջողվել է»։
Պապս գերազանց աառաջադիմությամբ ավարտել է դպրոցը, չնայած նրան, որ մոր մահվանից հետո ապրել է իր տատիկի հետ, առանց ծնողի։ Հետագայում ուսումը շարունակել է Կալինինգրադ քաղաքի ոստիկանական ուսումնարանում։ Ի դեպ՝ նա սովորել է այն ժամանակ, երբ ամուսնացած է եղել և ունեցել է 2 երեխա։ Եկեք խոստովանենք, որ ոչ բոլորը կգնային նման քայլի, ոմանք ուղղակի կանցնեին ինչ-որ աշխատանքի` ընտանիքը պահելու համար։ Դե լավ, չշեղվենք թեմայից։ Պապս ոստիկան է եղել բավականին երկար ժամանակ՝ մոտ 23 տարի ու հասել է մինչև մայորի կոչման։ Հետագայում, իհարկե, անցել է թոշակի։
Ի դեպ՝ մոռացա նշել, որ պապս ինքնուս քանդակագործ է։ Քանդակագործությամբ սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ որոշել է իր ձեռքով քանդակել ավտովթարից զոհված մոր գերեզմանաքարը։ Սրանով սկսել է նրա կյանքի, այսպես ասած, երկրորդ «մեծ շրջանը»։ Որոշակի ժամանակ հմտանալով այդ գործում վստահ կարող եմ ասել, որ դարձել է ավելի լավ վարպետ, քան բազմաթիվ համապատասխան կրթություն ստացած մարդիկ են։
Դե իհարկե, այդ տաղանդը չէր կարող ստվերում մնալ։ Նա ունեցել է բազում պատվերներ։ Ինչպես ասում են՝ լավագույն աշխատանքը, դա լավ վարձատրվող հոբին է։ Բացի պատվերներից նա սեփական կամքով ու միջոցներով քանդակել է երկու խաչքար մեր` Մալիշկա գյուղի հիմնադիրների և Վահան Տեր-Առաքելյանի պատվին։ Դե, այսքանից հետո, ինչքան էլ կրկնվող արտահայտություն լինի, ինչպե՞ս չասեմ, որ հպարտանում եմ նրանով։
Քանի որ այս կյանքը իդեալական լինել ուղղակի չէր կարող, վատ բան վերջիվերջո եղավ։ Ցավոք, սուր կաթվածի ու գլխուղեղի բարդ վիրահատությունից հետո պապս հիմա բավականին ծանր վիճակում է։ Իմ կարծիքով, այն հրաշքը, որով պապս փրկվեց, նրա քանդակած խաչքարներն էին․․․
Հիմա պապս համեմատաբար ավելի լավ է, որոշակի օգնությամբ կարողանում է քայլել, ազատ խոսում է և այլն։ Եվ իհարկե՝ ես էլ, նա էլ, անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ նորից մուրճն ու դուրը կվերցնի ձեռքը։