Ուսանողը ուսումնական ամբողջ համակարգում ամենաանկարևորն է։ Այս համակարգի ամենավերին օղակից մինչև ամենաստորին օղակն ընկած AB տեղամասում մենք ուղղակի բացակայում ենք։ Այստեղ ուսանողը ավելի շատ փորձարարական առնետի մակարդակում է գտնվում։ Բարձր օղակներին կարելի է մեր վրա փորձարկել նոր թերի կրթական համակարգ, կարելի է անվերջ կերակրել հին համակարգով, մինչև մեր ուղեղները փտեն։ Ավելի ցածր օղակները իրենց գիտելիքի պակասն են փորձարկում, բացառությամբ այն եզակիների, ովքեր փորձում են արդեն ամբողջովին բթացած ուղեղումդ մի բան սերմանել, բայց մի քանի հոգու ջանքերը անասելի քիչ են այս հսկայական դեպի դեբիլացում տանող կառույցում։
Չէ ՛, հավատացեք, դա բացարձակապես նորմալ չէ, երբ գնահատականդ բողոքարկելը բուհում խնդիր է դառնում։ Ամեն ինչ սկսում է նրանից, որ քեզ համոզում են, որ եթե բողոքարկես, հնարավոր է գնահատականդ իջնի։ Դե որովհետև իրենք շատ մեծահոգի են ու միշտ մի քիչ բարձր են նշանակում։ Ծանոթ եք, չէ՞, այդ մեծահոգի սիստեմին՝ 9․6-ը կլորացնում են 10, բայց մեր քիչ գիտելիքներն էլ հերիք են իմանալու համար, որ ըստ մաթեմատիկայի օրենքների, 9,6-ը չէիք էլ կարող դեպի 9-ը կլորացնել։ Բա՛, այդքան էլ հիմար չենք, բայց ա՜յ, մեր պնդաճակատությունը երբեք լավ բանի չի բերում։ Հաստատ սա էլ գիտեք, երբ նախորդ միջանկյալ քննությանը պնդաճակատությանդ շնորհիվ կարողանում ես ապացուցել, որ 15-ի փոխարեն պետք է քեզ 20 գնահատեին, բայց այդ արդար և բարեխիղճ մարդիկ քեզ խոստանում են, որ հինգ միավոր պարտքը հաջորդ քննություններին կավելացնեն (գերազանց ստանալուդ հավանականությունը ընդունում է 0): Ու գիտեք, հետո ի՞նչ է անում. հաջորդ քննությանը միտումնավոր ուղիղ 5 միավոր ցածր է նշանակում, որ պարտքի տակ չմնա։
Դու էլ խառնվեցիր իրա՞ր, չհասկացար ի՞նչ կատարվեց։ Գիտե՛մ, ես էլ գրում եմ ու զարմանում, գրում եմ ու չեմ հասկանում` ինչպես են մարդիկ տարիներ շարունակ աշխատում, ու ոչ մի ուսանող չի կարողանում դրա դեմ մինչև վերջ պայքարել։ Որովհետև մեկը չէ, ոչ էլ երկուսը, շատ են ու սփռված են ամբողջ համակարգում։ Համակարգ, որտեղ դու ոչինչ ես, որը աշխատում է քո դեմ, ոչ թե քեզ համար։ Որտեղից դու դուրս ես գալիս դատարկ, իսկ եթե դատարկ չես, ուրեմն իմացիր` դա անձնապես քո ձեռքբերումն է, ու այն մի քանի հոգու, որ իրենց տրված 90 րոպեում դատարկ գլուխդ հասցրեցին լցնել։
Իսկ գիտե՞ք այս և նման արատավոր դեպքերը ե՞րբ ավելի քիչ կլինեին՝ երբ տեխնոլոգիական դարաշրջանում մեր բուհերը ունենային թվայնացված համակարգ։ Որ ուսանողի հանձնած ցանկացած նյութ հասանելի լիներ ոչ միայն դասախոսին այլ նաև՝ տվյալ առարկայի ամբիոնին, դեկանատին, ռեկտորատին, և վերջապես, հենց ուսանողին։ Երբ գնահատականդ բողոքարկելու կամ համալսարանից որևէ փաստաթուղթ ունենալու համար, այստեղ- այնտեղ վազվզելու փոխարեն մկնիկով մի շարժումը բավական կլիներ։ Պետք է վերջապես հասկանա՞նք, որ կարևոր հայտարարությունների տեղը բուհի պատերի վրա չէ, որ գրադարանում եղած գրքերը բոլորիս չեն հերիքում, և դրանք պետք է PDF տարբերակով էլ լինեին, ու լիքը նման բաներ։ Հավատացե՛ք, եթե խանգարելու փոխարեն համակարգը մի քիչ մեր օգտին էլ աշխատեր, այս ամենը ուսանողները իրենց ձեռքերով վաղուց իրականություն կդարձնեին։
Ասում են` իրական պատմությունները ամենահուզիչն են։ Դե սա էլ ձեզ իրական, դառը, հուզիչ պատմություն, որի սցենարը մի օր վստահ եմ ինքներս էլ կփոխենք․․․