«Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունն ունի Եղեգնաձորի ակտիվ երիտասարդների խումբ, որը բաղկացած է 4 հոգուց՝ ես ներառյալ: Մեր հիմնական նպատակն է` կազմակերպել հավաքույթներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, վիկտորինաներ և այլ միջոցառումներ՝ մեր մարզի՝ Վայոց ձորի ակտիվ երիտասարդներին ոգեշնչելու համար:
Առաջին ամիսն էր՝ հունիսը, երբ մտածեցինք ցուցահանդես կազմակերպել: Հավաքվեցինք հունիսի 4-ին, պայմանավորվեցինք ցուցահանդեսը ներկայացնել հունիսի 15-ին: Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակիցներից Արուս Ներսիսյանը օնլայն հայտարարություն գրեց, որը մենք պարտաճանաչորեն տարածեցինք սոցցանցերով՝ մարդկանց հետաքրքրությունը շարժելու նպատակով:
Հաջորդ օրը բոլորը հայտարարության մասին էին հարցնում.
-Սո՛ֆ, ի՞նչ ցուցահանդես եք անում:
-Դե՛, երեխե՛ք, պիտի նկարեք խաղաղություն ու ինչքան կարող եք շատ մարդկանց ասեք. հաստատ հետաքրքիր կանցնի:
Ամեն ինչ հասցնելու համար՝ որոշեցինք հունիսի 13-ին հավաքել աշխատանքները՝ ուսումնասիրել, դասավորել և քննարկել: Մասնակիցներին շահագրգռելու համար՝ որոշեցինք ժողովրդի քվեարկությամբ ընտրել ամենալավին, տվյալները ամփոփել մի քանի օր հետո, և հանձնել փոքրիկ նվեր: Քվեարկությունը կատարվելու էր թղթե փոքրիկ զատիկներով: Քվեարկողները դրանք փակցնելու էին իրենց կարծիքով լավագույն նկարի վրա:
Եկավ հունիսի 13-ը, հավաքեցինք նկարները. դրանք, իսկապես, լավն էին: Ամեն մեկն արտահայտել էր խաղաղության վերաբերյալ իր պատկերացումները, ընկալումներն ու մտքի թռիչքը: Ոմանք ապլիկացիա էին արել:
Ցուցահանդեսը լինելու էր ամֆիթատրոնում: Ամենահետաքրքիրը նկարներն առանձնացնելն ու թղթերին փակցնելն էր: Իսկապես հետաքրքիր աշխատանք ստացվեց:
Հունիսի 14-ն էր, ինձ հանձնարարեցին ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամն էր, որ ես նման աշխատանք պիտի կատարեի, այդ իսկ պատճառով շատ լարված էի:
Ահա եկավ այդ սպասված օրը: Ամեն ինչ հիանալի էր անցնում: Մենք երկու ժամ շուտ էինք գնացել ամֆիթատրոն՝ նկարները տեղադրելու:
Ցուցահանդեսն սկսվեց: Ես հայտարարեցի ցուցահանդեսի բացումը, նպատակը և նկարների գնահատման ձևը: Ապա ելույթ ունեցան Եղեգնաձորի երգչախմբի սաները:
Մեր՝ 1-ին հիմնական դպրոցը, պատվոգիր ստացավ՝ ակտիվ մասնակցության համար: Արդեն սկսեցինք բաժանել թղթե փոքրիկ զատիկները: Մարդիկ շրջում էին ու գնահատում, իսկ մենք հետևում էինք նրանց:
Ցուցահանդեսն ավարտվեց ժամը 20-ին:
Ավարտից հետո ոմանք չէին թաքցնում իրենց հիացմունքը: Ամեն մեկը պատմում էր իր տպավորությունը՝ երեխաների խելամիտ պատկերացումների մասին:
Սոֆյա Աբրահամյան
***
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է ճամբարներ `«Ճամբարներ հանուն Հարավային Կովկասի խաղաղության» ծրագրի շրջանակներում: Բայց մինչ ճամբարները կազմակերպվում են ամենամյա ցուցահանդեսներ «Խաղաղությունն իմ աչքերով» խորագրով: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց ճամբարների և ցուցահանդեսների պատասխանատուն` Արուսը, ու ասաց, որ այս տարի ես պետք է մասնակցեմ ցուցահանդեսին և օգնեմ իրեն:
Վրա հասավ նշանակված օրը: Ես ու ընկերներիցս մեկը առավոտյան գնացինք «Սյունիք», չէ-չէ, հանկարծ չշփոթեք Սյունիքի մարզի հետ: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կազմակերպություն է Վայոց ձոր մարզում: Թեև ցուցահանդեսը պետք է սկսվեր երեկոյան վեցին, մենք շուտ գնացինք այգի` սկսելու ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Աշխատում էին բոլորը. թե′ այս տարվա ջոկատավարները, թե′ նախորդ տարիների, և թե′ այս և նախորդ տարիների ճամբարների մասնակիցները: Երեխաների նկարները գնահատելու էին հյուրերն ու այցելուները` կամավորների կողմից բաժանված կպչուն զատիկների միջոցով:
Դե քանի որ ես էլ կրում էի երիտասարդ լրագրող բեյջը, պետք է նաև հարցազրույց վերցնեի ծրագրի պատասխանատուներից մեկից, և քանի որ նա վրացի էր, ես պետք է հարցազրույցը վարեի ռուսերեն լեզվով: Սա իմ առաջին օտարալեզու հարցազրույցն էր, այդ իսկ պատճառով մի քիչ վախ կար, արդյոք ճի՞շտ կօգտագործեմ բառը, սխալ չե՞մ անի, բայց հուրախություն ինձ, կարողացա պատվով դուրս գալ: Ահա և հարցազրույցի հայերեն թարգմանված տարբերակը.
-Բարև Ձեզ, կներկայանա՞ք
-Ես Բուբա Ծիրեկիձեն եմ, HEKS-Հարավային գրասենյակի ծրագրերի պատասխանատուն:
-Իսկ ինչո՞ւ եք հենց այս նկարը համարել լավագույնը:
-Քանի որ ես կարծում եմ` կոնֆլիկտի երկու կողմերն էլ գտնվում են շղթայված հենց կոնֆլիկտի պատճառով: Նրանք շղթայում են և′ միմյանց, և′ կոնֆլիկտը: Աշխարհահռչակ Օլիվերո Տոսկանին նույնպես նման մոտեցում ուներ: Նա ակտիվորեն աշխատում էր ռասսիզմի թեմայի վրա: Տոսկանին հաճախ ցույց էր տալիս նույն շղթայում գտնվող երկու ձեռք` սպիտակամորթ ու սևամորթ, և դրանով ցանկանում էր ցույց տալ, որ ռասսիզմը դժվար լուծելի, ոչ ճիշտ խնդիր է ինչպես սպիտակամորթների, այնպես էլ սևամորթների համար:
-Իսկ ինչպե՞ս եք դուք հասկանում այս նկարը:
-Այստեղ շղթաների մեջ պատկերված ձեռքերը խորհրդանշում են այն երկրները, մարդկանց և ազգություններին, որոնք ձգտում են վերևում աղավնու տեսքով պատկերված խաղաղությանը, սակայն չեն հասնում իրենց իսկ կողմից ստեղծված շղթաների պատճառով, և դրանք չի լինում ջարդել:
-Իսկ ի՞նչ է խաղաղությունը Ձեզ համար:
-Ինձ համար խաղաղությունը դա ընկերական համակեցությունն է:
-Ո՞րն է խաղաղության Ձեր խորհրդանիշը:
-Երևի արևը:
-Ինչո՞ւ հենց արևը:
-Դե, չեմ կարող ասել, երևի`շատ եմ սիրում արև դրա համար:
Բուբա Ծիրեկիձեի և մյուս կազմակերպիչների հետ կհանդիպենք արդեն ճամբարների ընթացքում: Նրանց կճանաչենք ավելի մոտիկից և կհարստացնենք մեր գիտելիքները խաղաղության մասին այդ ոլորտում երկար տարիներ աշխատող մարդկանցից:
Մուշեղ Կուրեխյան