Քեռիս 1990-ական թվականներին մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Մի օր հարցրեցի նրան․
-Քե՛ռ, ի՞նչ կլինի, պատմիր էդ ժամանակներից:
-Է՜, բալե՛ս… Պատմելու բան ա՞, որ պատմեմ:
-Լավ էլի, քեռի՛, ի՞նչ կլինի, շա՜տ եմ խնդրում, պատմի՛ր:
Այն, ինչ պատմեց քեռիս, կյանքում չեմ մոռանա.
-Մի անգամ, առավոտ-գիշերով խրամատում կագնած էի, նայեցի ժամին, տեսնեմ՝ 6-ին հինգ է պակաս: Ծխախոտս վառեցի, սկսեցի ծխել ու հիշեցի, թե ինչպես էր ամեն օր առավոտյան 6-ին մերոս տնից դուրս գալիս ու աղոթք անում ամբողջ աշխարհի խաղաղության համար: Կրկին նայեցի ժամին՝ տեսնեմ ուղիղ 6-ն է: Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, գլուխս բարձրացրի ու մեծ արագությամբ գնդակը ականջիս մոտով անցավ: Աչքերիս դիմաց սևացավ, հասկացա, որ գնդակը ինձ չի դիպել: Սկսեցի լաց լինել.
-Վախ, մերոս հենց հիմա դուրսը կանգնած աղոթում է..․
Ու քեռիս այլևս չկարողացավ շարունակել: Այդ ժամանակ ես նկատեցի նրա արցունքները, որոնք կյանքում առաջին անգամ էի տեսնում: Հիմա էլ, երբ փակում եմ աչքերս, հիշում եմ նրա դեմքի արտահայտությունն ու թաց աչքերը:
Mar 29, 2017