diana karapetyan

Խճճված ականջակալներ

Առավոտ…

Ինչպես միշտ առավոտյան հնչում է զարթուցիչի անտանելի ձայնը: Կես ժամ, և ես դուրս եմ գալիս տնից և ուղևորվում դպրոց: Վերջին անգամ շրջվում եմ հետ, ձեռքով եմ անում մայրիկիս ու շարունակում ճանապարհս: Ինչպես միշտ՝ մինչև դպրոց հասնելս ունեմ 5 րոպե, և սովորությանս համաձայն, հանում եմ ականջակալներս ու մեծ հիասթափություն եմ ապրում: Նրանք նորից խճճվել են: Բարկությունս ներսից ինձ ուտում է: Ես ինքս ինձ բարկանում եմ ականջակալներիս վրա: Քայլում եմ, միաժամանակ, զգուշությամբ փորձում առանձնացնել ականջակալներիս լարերը: Ընդամենը մեկ, հազվադեպ՝ երկու երգ կարող եմ հասցնել լսել ամբողջ ճանապարհին: Բայց մի պահ սկսում եմ մտածել, ախր, ամեն օր նույն վիճակում եմ հայտնվում, ախր, ամեն օր հենց այդ նույն վայրում գրպանիցս հանում եմ այդ կծիկը ու բարկանում եմ՝ ինքս էլ չիմանալով, թե ում վրա: Չգիտեմ, ինձ վրա՞ եմ բարկանում, թե՞ ականջակալներիս: Մի պահ բարկացած կանգնում եմ ու հետ նայում: Գիտե՞ք, երբեք չեմ մտածել այս մասին, բայց ես այս տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն արդեն անցնում եմ 11 տարի: Աչքերս փակ էլ գիտեմ, թե որտեղ պետք է շրջվեմ, որտեղ զգույշ քայլեմ, որ չընկնեմ, որտեղ պետք է մի րոպե կանգ առնեմ ու նայեմ Սևանին: Հա, եթե չգիտեք, ասեմ, ես ապրում եմ Սևանի ափին, Լճափ գյուղում: Երբեք չէի մտածել, բայց արդեն 11 տարի է, որ ամեն անգամ հետ եմ շրջվում և ձեռքով անում՝ դռան առջև կանգնած մայրիկիս: Ու ամեն անգամ լսում նրա «Զգույշ կլինեք, ու հենց դասերը վերջանան, շուտ կգաք տուն» արտահայտությունը: Երբ փոքր էինք, եղբորս հետ միասին էինք դպրոց գնում, իսկ հիմա, նա մեկ-մեկ ինձնից շուտ է գնում: Այս անգամ ես կրկին մենակ եմ գնում դասի, բայց կարծես երեկ լիներ, որ նա կանգնում էր դռան առջև և բղավում. «Գրողի տարած Դանի՛, ինձ էլ հետդ տա՛ր, ինձ մենակ մի՛ թող»: Իսկ ես ժպտում էի ու ասում, որ շուտ եմ վերադառնալու, որ չտխրի:

Չէի էլ նկատել, որ զարթուցիչի ձայնը լսում եմ միայն դպրոցի օրերին, և նա միայն այդ ժամանակ այդքան անտանելի ձայն ունի: Անգամ չէի նկատել, որ այս 11 տարիների ընթացքում, ճանապարհը, որն անցնում եմ ամեն օր, չի փոխվել: Ոչինչ չի փոխվել, ուղղակի ես եմ մեծացել, և մեծացել են այն դեմքերը, որոնք ինձ շրջապատում էին այս 11 տարիների ընթացքում: Մեծացել են հարազատներս, ընկերներս, ուսուցիչներս ու հարևաններս, բայց այս մանրուքները մնացել են անփոփոխ: Ժամանակն արագ է անցնում և այս չնչին մանրուքներն իմ կողքով անցնում էին աննկատ, ուղղակի պետք էր դրանք նկատել: Մեկ տարի առաջ ինձ համար մանրուք էր այն, որ այդ նույն ճանապարհին կանգնում էի, հետ շրջվում ու, ձեռքերս գլխավերևում պահելով, սրտիկ էի անում ու ի պատասխան ստանում էի նույն սրտիկից ընկերուհուս` Սոնիի կողմից: Այդ ժամանակ դա իմ սովորական օրվա մի պահն էր, և ես անգամ չէի էլ մտածում, որ այսօր ինձ և Սոնիին կբաժանեն հարյուրավոր կիլոմետրեր: Մայրիկս, ականջակալներս, Սոնիի սրտիկը ու Սևանը իմ այս ճանապարհին կանգ առնելու և հետ նայելու պատճառներն էին: Կգա նաև մի ժամանակ, որ ես էլ ամեն օր չեմ քայլի այս ճանապարհով: Հնարավոր է,  որոշ ժամանակ անց, անգամ մոռանամ այս ճանապարհը և այս օրերը, բայց հիմա՝ այս ամենի մի մասը դեռ իմ հետ է՝ իմ կողքին, ու դարձել է իմ հոգու մի մասնիկը, իսկ այն մյուս մասը, որ հեռվում է՝ իմ սրտում է: Կյանքիս անբաժան մանրուքները, որոնք դարձել էին իմ սովորական օրվա սովորական երևույթները, ես ուղղակի չէի նկատում, բայց իմ խճճված ականջակալները հիշեցրեցին նրանց մասին…

Ես նորից բացում եմ երկաթե ճաղերից պատրաստված ճռռացող դուռը: Ահա և ես դպրոցի բակում եմ՝ մեկ, երկու, երեք, մոտավորապես երեսուն քայլ, և բացվում է դպրոցի դուռը ու, ու վերջ: Ես նորից չկարողացա իրարից առանձնացնել ականջակալներս, լա՛վ, ոչինչ, մեկ է վաղն էլ եմ դասի, վաղը կլսեմ իմ երաժշտությունը: Հուսամ՝ վաղը ականջակալներս չեն խճճվի և ով գիտի, թե վաղը ինչ կլինի…