Կանայք կփոխեն աշխարհը

Ասում են, կյանքում միշտ էլ սովորելու բան կգտնես: Ավելի քան վստահ եմ, որ այս տողերն իրոք ճշմարիտ են: Հենց սովորելու  ձգտումն է, որ ինձ դարձնում է ավելի ակտիվ և ստիպում հասնել ավելիին:

Այսպես ստացվեց: Համացանցում տեսա  GLOW աղջիկների առաջնորդության և զարգացման  ամառային ճամբարի հայտադիմումը: Ճամբարը հովանավորվում էր «Խաղաղության կորպուսի», «Նոր Լույս» կազմակերպության, Գյումրու երիտասարդական կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների կողմից: Ճամբարի նպատակն է` զարգացնել 13-15 տարեկան աղջիկների գիտելիքները և դարձնել նրանց երկրի համար ապագա առաջնորդներ:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Եվ որոշեցի դիմել: Որոշ ժամանակ անց տեղեկացա, որ անցել եմ: Սկսեցի նախապատրաստվել և հուլիսի 3-ին մեկնեցի Թորոս գյուղ, որտեղ էլ պետք է անցկացվեր ճամբարը: Ճամբարը տևեց 7 օր: Այդ 7 օրերի ընթացքում ես ձեռք բերեցի մի շարք գիտելիքներ, ավելի ամրապնդեցի իմացածներս, նոր ծանոթություններ, և որ ամենակարևորն է, նոր ընկերներ: Չնայած այն բանին, որ նմանատիպ ճամբարների էլի էի մասնակցել, այս ճամբարն ինձ համար նորովի էր, որովհետև ճամբարի ընթացքում մեզ հետ աշխատում էին ամերիկացի կամավորներ, որոնց հետ պարզապես անկարելի է ձանձրանալ:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Հա, չմոռանամ ասել, որ ուրախությունս կրկնապատկվեց ու եռապատկվեց, երբ այնտեղ հանդիպեցի 17.am-ի թղթակիցներից մի քանիսին, որոնց հետ հիմա լավ ընկերներ եմ: Կարծում եմ պատկերացրիք, թե ինչքան հագեցած ու անմոռանալի օրեր էին: Ճամբարի ընթացքում մենք իմացանք մի շարք հայտնի կանանց մասին, ովքեր հասել են որոշ  փոփոխությունների  բազում դժվարություններից հետո: Քննարկեցինք «Բազմազանություն», «Կարծրատիպեր», «Առողջ ապրելակերպ», և մի շարք այլ թեմաներ: Իսկ որպես ավարտ կնշեմ մեր թիմի նշանաբանը.

«Կոտրելով կարծրատիպերը, կփոխենք աշխարհը»:

Անուշ Մկրտչյան, 14տ., Արմավիրի մարզ, գյուղ Շենիկ

 

***

Նախ  ուզում եմ փոքր-ինչ խոսել ճամբարներից: Ինձ համար ճամբարն այն վայրն է, որտեղ սովորում ես և սովորեցնում, ունենում կյանքի անմոռանալի պահեր, կարճ ժամանակահատվածում ձեռք բերում ընկերներ և նրանցից բաժանվելիս` տխրում: Դժվար է քեզ համար կարևոր դարձած մարդկանցից բաժանվելը: Կարծում եմ՝ չկա մեկը, որը ճամբարում չհասցնի շուրջը հավաքել իր նմաններին և պարզապես ունենալ այն հաճելի պահերը, որոնք այլևս գուցե չեն կրկնվելու: Ես ինքս շատ էմոցիոնալ եմ և երբեք չեմ կարողանում զսպել արցունքներս. դրանք կարծես հավաքվում են կոկորդումս ու սկսում իրենց հոսքի ճանապարհը «փորելով» հոսել աչքերիցս: Ամենասիրածս պահը հենց դա է: Կարծես ամբողջովին լիցքաթափվում եմ իմ մեջ հավաքված և՛ տհաճ, և՛ հաճելի պահերից: Բայց նախքան այդ պետք է վայելել ճամբարային հրաշալի օրերը:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Մայիսն էր, երբ լրացրի GLOW աղջիկների առաջնորդության ճամբարի հայտը: Ճիշտն ասած, չէի կարծում, որ կանցնեմ, քանի որ հայտը երեկոյան շատ անուշադիր էի լրացրել: Բայց հունիսին զանգահարեցին և ասացին, որ GLOW ճամբարի 25 մասնակիցներից մեկը ես եմ: Շատ էի ուրախացել, մանավանդ, որ այդպիսի զանգի չէի սպասում:

Մինչ ճամբար գնալը մեզ հանձնարարված էր կարդալ Պալացիոյի «Հրաշքը» գիրքը: Ի դեպ, ինձ այն շատ-շատ դուր եկավ, սիրեցի նաև Պալացիոյի գրելաոճը:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Հուլիսի 3-ն էր: Շատերդ այդ օրը հիշում եք որպես Վարդավառ, բայց մեզ համար դա ճամբար գնալու և երկար ճանապարհ կտրելու օր էր: Երևանում մենք լավ թրջվեցինք՝ մեր իրերով հանդերձ, բայց խոստովանում եմ, որ եթե Վարդավառ չլիներ, օրն այդքան հետաքրքիր չէր անցնի:

Առաջին անգամ գնացք նստեցի: Կա չէ՞ այդպիսի բան, որ ասում են՝ ինչը դեռ չես փորձել, ավելի հետաքրքիր է թվում:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Հասարակ գնացք էր, չնայած բոլորս մեր մանկության «պու-չկը-չկըն» էինք պատկերացնում:

Հասանք տեղ: Մենք 7 օր մնալու էինք Թորոս գյուղի՝ ճամբարի համար նախատեսված փակ տարածքում: Ինձ առաջին հայացքից գրավեցին նկարազարդ տնակները, իսկ մեզ բաժին ընկավ հենց այն տնակը, որն ինձ ամենաշատն էր դուր եկել՝ Փոքրիկ իշխանի նկարովը:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Ճամբարի օրակարգը շատ հետաքրքիր էր. այնպես որ ո՛չ հոգնում էինք, ո՛չ էլ ձանձրանում: Առավոտյան ունենում էինք «Օրվա կին» վերնագրով պրեզենտացիոն դասեր: Սովորում էինք, որ բոլորս իրար հավասար ենք: Ունենում էինք կին խոսնակներ, որոնք մեզ հետ զրուցում էին՝ տալով կյանքի դասեր: Ավագ ջոկատավարներից Նանեն խոսեց FLEX-ի մասին, որին մասնակցելն ու անցնելն իմ նպատակն է: Կամավորներից Ռեյչելը սովորեցրեց ծրագիր գրել (PDM), որն իմանալը մեծ կարևորություն ունի հետագա գործունեության համար:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Մենք կոչվում էինք ակտիվիստներ, և քանի որ GLOW հապավումը բացելիս ստացվում է, որ աղջիկները իշխում են մեր աշխարհը, մեզ սովորեցնում էին, որ մենք պետք է փոխենք աշխարհը և դարձնենք այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում տեսնել:

Իսկապես, շատ գոհ եմ և՛ աշխատակիցներից, և՛ սննդից, և՛ այն գիտելիքից, որ տվել են մեզ:

Ձեռք բերեցի անմոռանալի ընկերներ, որոնցից չեմ կարող չնշել Գայանեին, որն ինձ պատահած առաջին մարդն էր, որ մտածելակերպով այդքան նման էր ինձ: Այնքան մոտ էինք իրար, որ երկրորդ օրը որոշեցինք մի սենյակից մյուսը տեղափոխել մահճակալ: Սենյակում դարձանք հինգ հոգի՝ ես, Անին, Նոնան և երկու կրտսեր ջոկատավարները՝ Գայանեն ու Մերին: Զրուցեցինք մինչև կեսգիշեր: Ամեն մեկս պատմեց իր կյանքում պատահած զարմանալի դեպքերից: Երևի երբեք չմոռանամ այդ օրը:

Ուզում եմ  նշել մի քանիսին նույնպես, որոնք ինձ հարազատ են դարձել: Օրինակ՝ Մերին, Մարիամը, Անուշը, Ստելլան, Անին՝ նույն ինքը, Մեսսին, Անահիտը և այլք:

Լուսանկարը`GLOW ճամբարի

Լուսանկարը`GLOW ճամբարի

Կարծում եմ՝ այդ ճամբարի մեջ եռանդ էին մտցնում մեր օտարերկրացի կամավորները: Շատ հետաքրքիր էր նրանց հետ շփվելը. հիմնական դասերը նրանք էին անցկացնում:

Վերջին օրը «Տաղանդների երեկոն» էր: Ես, Նոնան և Անին մի հետաքրքիր համար էինք նախապատրաստել և ասում էինք, որ անակնկալ է: Կարծում եմ՝ կարելի էր անակնկալ անվանել. այն բոլորին էլ շատ դուր եկավ: Ինձ էլ շատ դուր եկավ Անուշի ելույթը: Նա կարդաց իր հոր մասին ակնարկ. բոլորս էլ հուզվեցինք:

Դե՛ ինչ, եկանք հասանք այն «հուզվելու» օրվան: Առավոտյան բոլորս իրար հրաժեշտ տվինք:

Մի պահ լուռ նայեցի տնակներին, ճանապարհին, խաղադաշտին ու հասկացա, որ այստեղ քաղցր հուշեր եմ թողնում:

 Սոֆյա Աբրահամյան, 14տ., Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր