Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն է: Այնքա՜ն խաղաղ է ու պարզ, որ կարծես երբեք չի կեղտոտվել փոշուց ու թափոնից, որ ասես թե ինքը չէր ողջ գիշերը քամուց ալեկոծվում: Մեռած լռություն է տիրում մի ծովի ափին, որը ամպրոպից ավելի բարձր որոտալ գիտեր, արևից էլ վառ շողեր արձակել ու տեղն եկած ժամանակ էլ նավեր խորտակել: Այնքան փոքր էր թվում, բայց այնքան անծայր է հիմա: Այնպես լքված է, հոգնած ու անորոշ: Նույնիսկ ճայերն են լքել:
Քամին երկար սպասելուց հիասթափեցրած հյուրի նման գալիս ու ուղղակիորեն պարանոցիցս քաշում ու տանում է դեղին շարֆս: Թող տանի, գուցե շարֆս ընկեր մնա լքված ծովին:
Խոսելս չի գալիս: Անտաղանդ գիրք թերթողի պես այս ու այն կողմ եմ անում գրքիս էջերը: Ինձ հետաքրքրում էին գրքի էջերը, տեսքը, թղթի բույրը, բայց ոչ բովանդակությունը. անմիտ է թվում կյանքը: Դե հա… մենք հաճախ ենք սիրում անպատասխան: Տեսնում ենք, հիանում, համ հետաքրքրասիրությունից այրվելով տարվում դրանով, ինչպես թմրամոլը ափիոնով: Եվ երբ ուշքի ենք գալիս՝ նախընտրում ենք այն երբեք փորձած չլինելը: Բայց դե, էլ ինչ… Է՛հ, ափիոնս լավն էր, պարզապես… Գրողը դրան տանի:
Ես տարօրինա՞կ եմ խոսում: Կներեք, պարզապես այլ կերպ լինել չէր կարող: Ինձ մի պահ թվում էր, թե այս կյանքից իրոք գլուխ եմ հանում, փիլիսոփա եմ, ով բոլոր հարցերի պատասխաններն իմանալով նախընտրում է լռել: Բայց հիմա ես իրոք խոսել եմ ուզում: Տեսնես՝ ի՞նչ կուզեմ հինգ տարի անց: Լռե՞լ, թե՞…
Մի՞թե այս ծովն իրական է, թե՞ պարզապես կապույտ դատարկություն: Ես սարսափում եմ պատկերացնելուց, թե ամենը խաբկանք էր, պայքարը՝ անիմաստ: Եվ ո՞ւր տարավ դեղին շարֆս:
Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն այնքա՜ն խաղաղ է, լուռ ու հոգնած: Նավերը խորտակված են, լուսինն էլ չի ուզում իր տեղը զիջել արևին: Միևնույնն է, ծովս խաղաղ է ու կապույտ: Նա իր մեջ խեղդեց բոլորին: Ես մնացի:
Դե, հիմա ինչպե՞ս խեղդեմ ինձ իմ մեջ: Դեղին շարֆո՞վ: