meri antonyan

Կես

Չեմ սիրում կիսատությունները, կիսատ մարդկանց, կիսատ սերը, կիսատ վերաբերմունքը, կիսատ ընկերությունը, կես ընկած ներկայությունը։ Ես պահանջում եմ, որ ինչ լինելու է, լինի լրիվ, անթերի, ամբողջական։ Հա՛, ինձ համարեք ագահ, եսասեր, մեկ է՝ չեմ հանդուրժում որպես ողորմություն նետված կիսատ-պռատությունը։ Ավելի լավ է՝ չլինի, քան թե լինի անբավական, չհերիքող։ Չեղածից լավ ինձ համար գոյություն չունի։ Եթե կա, ուրեմն, պարտավոր է լինել ճիշտ քանակով, չափով։ 

Եթե ես լինեի մի բազմություն, կգերադասեի սոված մնալ, քան բազմությանս մեջ կիսել մեկի բաժինը։ Կգերադասեի մենակ մնալ, քան թե երրորդի հետ կիսել իմ սերը։ Կգերադասեի գիտակցել անազատությունս, քան թե ինձ ազատ հայտարարել մեկ-մեկ ձայնս լռեցնելու համար ինձ նետված ազատությունովս։

Միշտ էլ գերադասել եմ գիշերն ուշ քնել, քան թե առավոտյան քունս կիսատ թողած շուտ արթնանալ։ Միշտ գերադասել եմ դասը չպատասխանել, քան թե կիսատ-պռատ կմկմալ։ Միշտ մտածել եմ, որ ավելի լավ է՝ գործը չսկսեմ, եթե պիտի անավարտ թողնեմ, իսկ սկսածս գործը երբեք կիսատ չեմ թողել։ Գուցե ծիծաղեք՝ ավելի լավ է ուտելիքը քիչ լցնեմ, հետո ավելացնեմ, քան թե ափսեումս կիսատ թողնեմ։

Չեմ սիրում իմ քաղաքի կիսատ շինությունները. քաղաքին անշուք տեսք են տալիս։ Տեսնելիս ուզում եմ քանդել, որ էլ չլինեն, կամ էլ՝ հնարավորություն ունենալ, վերցնել ու սարքել, մի լավ բան դարձնել։

Չեմ սիրում միջակ ուսանողին կամ աշակերտին, ով կիսատ սովորելու արդյունք է։ Սարսափելի է կիսատ մասնագետը։ Պատկերացրեք՝ կիսատ բժիշկ, որ իր կիսատ հմտություններով դեռ շատ կյանքեր է կիսատելու։ Կամ՝ կիսատ ուսուցչին, ով աշակերտի մտահորիզոնն է կիսատելու։

Չեմ սիրում կիսատ վեճերը, որ միայն փչացնում են երկուսի հարաբերությունները, բայց գոնե չեն ձգվում այնքան, որ կիսատ մնացած հարցերը պարզաբանվեն, ու ամեն ինչ առաջվանը դառնա։ Դրանից հարաբերություններն էլ շատ հաճախ կիսատ են մնում ու հետո ամբողջ կյանքում երկուսին էլ ցավեցնում։ Համոզված եմ՝ ձեզ էլ է նյարդայնացնում կիսատ ասած խոսքը.

-Եսիմինչ… Այ, Եսիմինչ…

-Հը՞:

-Հա, լավ, հեչ։

-Թո՛ւհ։

Բա կես-կատակ, կես-լուրջ ասա՞ծը։ Չգիտեմ՝ ոնց ընդունեմ, ասածից ինչ հետևություն անեմ։

Չեմ սիրում երեկոյան ճնշող կիսախավարը, ամպամած օրերը. Ես արև եմ սիրում, որն արդեն իսկ լրիվություն է։

Չեմ սիրում, որ տնային կենդանուն դուրս են շպրտում տնից, որովհետև ձանձրացել են։ Եթե պահելու եք, պահեք մինչև վերջ, ոչ թե կյանքի կեսին անպաշտպան դուրս թողեք, երբ նա ծնված օրից սովոր է ձեր հովանավորությանը։

Քանի չեմ մոռացել. միշտ էլ չեմ սիրել, որ մի բան խոստացել ու չեն արել, իրենց խոստումը կիսատ են թողել։

Եթե քեզ չի բարկացնում կիսատությունը, մի պահ պատկերացրու կիսաեփ ճաշը, խոնավ մնացած լվացքը, դեռ չհասած քո սիրած միրգը, թաց ձյունը, որ կես-անձրև, կես-ձյուն է, կիսատ մնացած հաճելի երազդ, որ ընդհատվեց զարթուցիչի ձայնից, լողանալուդ կեսից ջրերի կտրվելը, աշխատանքիդ կեսին համակարգչի անջատվելը, դու դեռ փողոցի կեսում՝ լուսացույցը կարմիրի փոխվելը, աշունը կիսատ մնացած՝ արդեն ձմեռնանալը, աշխատանքից ուշանալիս կես ճամփին մեքենայի փչանալը…

Զզվում եմ, ախր, ես էդ անտեր կիսատ էություններից, միջակություններից։ Ախր, կիսատությունն ինքնին ողորմելի է։ Ինչո՞ւ դառնանք կիսատ, երբ մենք ծնվել ենք ամբողջական։ Կիսատից ոչ մի օգուտ չկա, է՜։