Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է։ Սպասումն է հեռուներում թողած պատմությունների ու մարդկանց։ Օդում խելագարության հասցնող հիվանդություն է կախված։ Դա ճակատագրերի տարբերությունն է։ Դա մենակությունն է, որ չգիտես՝ ինչու, բաժին է ընկել նրանց:
Նրանք այն ուժեղներն են, ովքեր կարողանում են ամեն բան հաղթահարել միայնակ։ Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին։ Մենք երբեմն չենք տեսնում նրանց (երբեմն ամաչում ենք, երբեմն չենք ցանկանում), դրանից ոչինչ չի փոխվում։ Նրանք շարունակում են ապրել։ Մենք էլ․․․
Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է ջերմության։ Հայացքներում կարոտն է զրույցի։ Իսկ աչքերում (որոնք վաղուց դադարել են տեսնել լավ)` անցած-գնացած պատմություններ են։ Աչքերում փնտրտուք է մարդկանց, ովքեր կլսեն այդ պատմությունները։ Մարդկանց, ովքեր կհարցնեն՝ ինչպե՞ս ես․․․ Մարդկանց, որոնց իսկապես կհետաքրքրի դա։
Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կողմից «Սննդի օգնություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում մենք՝ կամավորներս,ամեն ամիս այցելում ենք Աշտարակում միայնակ ապրող տարեց մարդկանց, զրուցում նրանց հետ, հանձնում սննդի օգնության փաթեթները, օգնում տնային գործերում։ Մենք ինչ-որ կերպ փորձում ենք մեղմել կարոտի ու միայնության այդ անտանելի զգացումը։
Երբեմն մենք նրանց համար ինչ-որ միջոցառումներ ենք կազմակերպում, որը կհամախմբի նրանց, կզրուցեն իրար հետ ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեն։ Բոլորովին վերջերս Աշտարակի Հայորդաց տան սաները համերգ էին կազմակերպել մեր տատիկ-պապիկների համար։ Իսկ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողները իրենց «Տիտանիկ» ներկայացմանն էին հրավիրել մեր տատիկներին։ Տոմսերը մեզ էր տրամադրել Վլադ Սուքիասյանը։
Ամենավերջում՝ ժպիտ ու բավարարվածության զգացում։ Դա այն էր, ինչը մենք ցանկանում էինք տեսնել այսքան երկար ժամանակ։ Ինչը իսկապես անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։ Դրանք այն վայրկյաններն էին, որոնց մենք միասին սպասում էինք այսքան երկար ժամանակ, ու որոնց հասանք միասին՝ հենց ձեր շնորհիվ։ Որովհետև մենք օգնում ենք ձեր օգնությամբ։