Մեկ ամիս… Ուղղակի գոյատևել (սա ապրել կոչել չի լինի)՝ հույս ունենալով, որ այս օրը կլինի պատերազմի վերջին օրը, երազել, որ այս պատերազմը կլինի մեր երկրի պատմության մեջ վերջինը, և մենք կլինենք հայոց աշխարհի վերջին սերունդը, որը պատերազմ է տեսնում:
Վերջին օրը, որը մենք իսկապես ապրել ենք, եղել է սեպտեմբերի 26-ը: Դրանից հետո մեզ համար կյանքը կանգ է առել: Եվ ո՞վ գիտի՝ մեկ էլ ե՞րբ կսկսենք իսկապես ապրել: Հիմա ենք հասկանում, թե որքան երջանիկ ենք եղել պատերազմից առաջ: Առաջ «ինչ է իրական երջանկությունը» հարցին գուցե կպատասխանեինք շատ երկար փիլիսոփայելով, բայց հիմա բոլորիս պատասխանը մեկն է` «խաղաղությունը»: Ի՞նչ է մեզ հիմա ավելի շատ պետք, քան խաղաղությունը:
Քանի՞ կյանքի փոխարեն ենք ապրելու, քանի չապրած կյանքերի գնով ենք արժանանում մեր այսօրվան… Ցավալի է գիտակցել, որ դու կաս ուրիշների չլինելու գնով, բայց և անսահման պարտավորեցնող է, որ կարողանանք ապրել այնքան ճիշտ և գեղեցիկ, որ մեր հերոսների զոհաբերությունը իզուր չլինի, որ արժանի լինենք ապրելու այն հողի վրա, որը վաստակել ենք նրանց արյան գնով:
Հիմա բոլորս էլ մեր հոգու մի մասնիկով ԶԻՆՎՈՐ ենք` հայրենիքի պաշտպան, հայրենիքով մտահոգված ու հայրենիքով ապրող:
Պատերազմը սովորեցրեց սիրել հայրենիքը սեփական կյանքից առավել, չէ՞ որ առանց հայրենիք չենք լինի մենք, և առանց մեզ էլ` հայրենիք:
Ամենից սարսափելին գիտե՞ք որն է: Այն, որ արդեն ինչ-որ չափով սովորել ու համակերպվել ենք պատերազմին, արդեն չենք զարմանում ոչ մի բանից: Սա իսկապես շատ ավելի վատ է: Բոլորիս կյանքը գլխիվայր շրջվել է, ցերեկն ու գիշերը մեկ են դարձել, իրարից չեն էլ տարբերվում, օրը քսանչորս ժամ լարված ենք, սպասողական, հուզաշատ ու մտահոգ:
Այս օրերին իրար ավելի շատ ոչ թե «բարև» ենք ասում, այլ «հը՞ն, զանգե՞լ են»: Ու ամեն անգամ սրտի թրթիռով սպասում ենք, որ հանկարծ բացասական պատասխան չստանանք: Հանկարծ մի վատ լուր չլինի, հանկարծ նորից հեռուստացույցի էկրանին հերոսների հերթական ցուցակը չհայտնվի, մենք միայն կենդանի հերոսներ ենք ուզում:
Բավական է խոսել հանուն հայրենիքի զոհվելու մասին… Հայրենիքի համար ապրել է պետք… Երջանիկ ապրել, ու մենք ապրելու ենք, ապրելու ենք միշտ, ապրելու ենք՝ մեր ներսում վառ պահելով բոլոր անմահացած հերոսների հիշատակը: Այսուհետ ապրելու ենք նաև նրանց փոխարեն ու կրկնակի անգամ երջանիկ պետք է լինենք: Եվ ինքներս մեզ միշտ գոնե մի փոքր մեղավոր ենք զգալու մեր հերոս եղբայրների կիսատ թողած կյանքի համար: Կներե՛ք մեզ, տղե՛րք:
Թշնամին հիմա էլ նույնն է, ինչպես տարիներ առաջ, միշտ նենգ, անկուշտ, բայց ոչ հաղթող: Եվ մենք էլ նույնն ենք, նույն պայքարող ու ապրող ազգը: Մենք Եղեռն տեսած տատ ու պապի թոռներն ու ծոռներն ենք, չէ՛, չենք ներելու, ու եթե անգամ Եղեռնը ներել կարող էինք, ապա այս մերօրյա պատերազմը՝ ոչ, քանի որ ինքներս ենք ապրում և զգում այն, իհարկե, ոչ բոլորս ենք մեր սեփական մաշկի վրա զգում պատերազմի հետևանքները, բայց հոգեպես… Հոգեպես բոլորս էլ տանջվում ու «վիրավորվում ենք» անընդհատ, սակայն եթե մարմինը զոհվել գիտի, ապա հոգին երբեք չի զոհվում, այն էլ հայի հոգին:
Շատ բան տեսանք այս օրերին, ու ևս մեկ անգամ հասկացա, որ իսկապես հայը պարտվել չգիտի… Ինչպե՞ս կարող է պարտվել այն զինվորը, որի և՛մայրը, և՛հայրը հերոս են, իսկ հերոսներից հերոսներ են ծնվում:
Մի օր ամեն ինչ կավարտվի, բայց յուրաքանչյուրս մեր հոգում շարունակելու ենք կռիվ տալ թշնամու, անտարբեր աշխարհի, ճակատագրի դեմ: Ամեն ինչ կավարտվի, բայց ոչինչ չի մոռացվի, սրանք ճակատագրական ու բախտորոշ օրեր են, որոնք իրենց դրոշմն են թողնելու մեր հետագա կյանքի վրա:
Շարունակենք հուսալ, որ հնարավորինս շուտ կվերջանան այս մռայլ օրերը, և լուսապայծառ օրեր կգան հայոց աշխարհում: Ու թող հաջորդ հոդվածս լինի մեր հաղթանակի մասին, որի ժամանակ մեծ հպարտությամբ ասելու եմ, որ, որքան էլ փորձեն, մեր լույսը մարել չեն կարողանալու: