Չզարմանաս, խնդրում եմ, բայց պատերազմը այնքան հարազատ ու անբաժան է դարձել, որ առանց դրա օրս չի անցնում։ Դու էլ առանց դրա չկաս, և չեք էլ լինի… Սեպտեմբերի 27… Ուղիղ չորս տարի է, որ ապրում ես մղձավանջի ու քաոսի մեջ։ Փորձում ես լիարժեք ծիծաղել, ուրախանալ, բայց հոգուդ խորքում տանջվում ես ու դանդաղ մեռնում։ Օգնել չի կարող ոչ ոք, և ոչ ոք չի փորձի օգնել. նրանք վախենում են արձագանքիցդ, վախենում են քեզանից։ Մնացածը միայն կասեն, որ հպարտ են, որ քեզ ունեն, հպարտ են, որ գիտեն ու ճանաչում են քեզ։ Հերոս ես դու, բայց, գրողը տանի, ինչ գնով։ Կես մարդ դարձած, հետ ես եկել՝ բարձր ձայներից մինչև հիմա սարսռում ես։ Չէ, վախը քոնը չէ, դու չես վախենում. ուղղակի մոռանալ չես կարողանում ու քնել՝ նույնպես։ Հիշում եմ ամեն մի ասածդ ու ապրածդ։ Ամեն բառդ դաջվել է ոչ թե ուղեղումս, այլ հոգումս։ Չեմ կարողանում անդորր գտնել։ Չեմ կարողանում մոռանալ քո ապրումները՝ անքուն գիշերները, սովին մատնվելդ։ Հիշում եմ, թե ինչպես ձյունը հալեցնում էիր՝ խմելու ջուր ունենալու համար, չգիտես որտեղից ուտելիք հայթայթելու ջանքերդ։ Հիշում եմ նաև զինակիցներիդ վախը, երբ թշնամու համազարկերի տակ կռվում էիր։ Եվ հիշում եմ այն օրը, երբ համարյա ընկերոջդ կողմից փամփուշտ ստացար։ Պատերազմի դաշտում ոչինչ առաջվա պես չէր, և դու վերադարձար, բայց երբեք նույնը չես լինի…
Շուրջբոլորը քեզ «հերոս» են ասում։ 44 օր Օմարը կանգուն պահող հերոսներից մեկն ես եղել՝ ուժեղ, հաստատակամ, կռվել ես կոպիտ, առանց վարանելու։ Նույնիսկ ուտելիս զենքդ մի կողմ չես դրել, միշտ պատրաստ՝ ամեն վայրկյան նոր մարտի։ Բայց իրականում միայն ես գիտեմ, որ նուրբ հոգի ունես։ Քո ներսում ապրում է մի մարդ, որը խաղաղության կարոտ է, որը զգում է ամեն ցավ ու կորուստ։ Դու ապրում ես պատերազմի ստվերում, բայց քո հոգին չի կորցրել իր փխրունությունը։ Կռվի դաշտում դաժան ես եղել, բայց սրտիդ խորքում՝ զգայուն ու խոցելի։ Դու կարեկցում ես, սիրում ես, ու թեպետ այդ ամենը թաքնված է մահվան և պայքարի թանձր շերտերի տակ, ես զգում եմ, թե ինչպես է ամեն ինչ ապրում քո ներսում՝ չարտահայտված, բայց վառ։ Աշխարհը քեզ տեսնում է որպես անպարտ հերոս, բայց ես գիտեմ, որ ամեն հաղթանակդ ներսումդ մի նոր սպի է թողնում, մի նոր ծանրություն՝ հիշեցնող այն ամենը, ինչից ստիպված ես եղել հրաժարվել հանուն հայրենիքի։