Հայ ազգն այնքան հերոսներ է ծնել, որ դժվար է հիշել բոլորին անուն առ անուն: Բայց նրանց սխրանքները հիշել պարտավոր ենք: Պարտավոր ենք նաև հիշել մերօրյա հերոսներին: Իմ զրուցակիցը մերօրյա հերոսներից Կամո Հովսեփյանն է:
-Մինչ ծառայության գնալը ինչո՞վ էիր զբաղվում: Ի՞նչ մասնագիտությամբ ես սովորել:
-Զբաղվել եմ սպորտով`ազատ ոճի ըմբշամարտով: 8-րդ դասարանից Դսեղից տեղափոխվել եմ Վանաձոր ու այնտեղ շարունակել սպորտով զբաղվել: Բայց այս մասնագիտությունը իմը չէր, դրա համար էլ չշարունակեցի: Հետո արդեն եկավ ժամկետային զինծառայության գնալու ժամանակը:
-Ինչպե՞ս ես վերաբերվում զինվորական պարտադիր ծառայությանը:
-Ցանկալի է, որ բոլոր հայ տղաներն էլ ծառայեն: Այն պետք է տղաներին, քանի որ տալիս է ինքնուրույն ապրելու փորձ, կյանքը ճիշտ գնահատելու նոր հնարավորություն:
-Քո ծառայության մեծ մասը անց ես կացրել ԼՂՀ սահմանային գոտում: Մի քիչ պատմիր այդ ժամանակվա սահմանային իրավիճակի մասին:
-Սահմանային իրավիճակը նորմալ էր, ընդհանուր լարվածությունը ու կրակոցները միշտ էլ եղել են, ու դրանց լուրջ վերաբերվելու անհրաժեշտություն չկար: Թշնամու կրակոցներին պատասխանում էինք հազվադեպ, միայն ծայրահեղ անհրաժեշտության ու հրաման ստանալու դեպքում:
-Ի՞նչ կպատմես 2015-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերվա մասին:
-Այդ մի օրը ինձ համար հավասարազոր էր մի ամբողջ կյանքի: Ճիշտ է, նախորդ տարվա ապրիլի 2-5-ն ընկած հատվածում ավելի դաժան բաներ եղան, բայց ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ինձ համար բոլորից տարբերվում էր: Դեպքը եղել է մոտավորապես 5-ից քսան պակաս`լուսադեմին: Թշնամին անակնկալ հարձակում էր կազմակերպել: Թափանցելով խրամուղի՝ առաջացել էր դեպի մեզ: Իմ ու զինակցիս`Միրզայի վերակարգն էր, փորձեցին մեզ անցնել, բայց չհաջողվեց: Առաջին կրակոցը եղավ Միրզայի վրա: Նրան օգնեցի, տեղավորեցի խրամաբջջում ու անցա թշնամու դեմ մենամարտի: Կռվել եմ ութ և ավելի հոգու հետ: Ամեն տեսակի զենք էլ օգտագործել են իմ դեմ, բայց չեն կարողացել լուրջ հաջողության հասնել: Ես իմ զենքով որոշ ժամանակ պայքարեցի, հետո կրակեցի թշնամու ուղղությամբ, իրենք էլ ավելի ուժեղ պատասխանեցին: Շարժվելու հնարավորություն էլ չկար, որ հետ գնայի ավելի հարմար դիրքից մարտ վարելու, կրակել եմ մի տեղից, ձեռքիս տակ ունեցած զենք-զինամթերքով: Առաջին նռնակը նետելուց հետո նրանցից մեկը տեղում զոհվեց: Ոչ մի դիակ չէին թողել, ամեն ինչ հավաքել տարել էին, միայն որոշ զենք-զինամթերք էի թողել: Մարտը տևեց 20-25 րոպե: Զոհ չենք ունեցել, վիրավոր մենակ ես էի: Այս օրը կարելի է համարել իմ երկրորդ ծնունդը:
Ողջ եմ մնացել նախ և առաջ Աստծո հովանավորությամբ, հետո արդեն իմ պայքարելու, տվյալ պահին չխառնվելու ու ճիշտ գործողությունների դիմելու շնորհիվ:
-Ի՞նչ վնասվածքներ ստացար մարտի ընթացքում:
-Վնասվածքը եղել է թշնամու նետած նռնակի բեկորից: Ձախ ձեռքիս բազկի ոսկորն էր ջարդվել: Վիրահատվեցի, հիմա ամեն ինչ լավ է: Սկզբում չէի կարողանում շարժել ձեռքս: Իրենց գցած նռնակից հրաշքով չեմ վիրավորվել շնորհիվ գրպանումս եղած Աստվածաշնչի ու զինվորական հուշատետրի: Նռնակը ծակել էր երկուսն էլ, բայց ինձ չէր դիպել:
-Ի՞նչ շքանշաններ ստացար սխրանքիդ համար:
-Ստացել եմ ԼՂՀ նախագահի կողմից Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից՝ Արիության մեդալ ու Պաշտպանության նախարարի կողմից դրամական պարգև:
-Դեպքից հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում:
-Ավելի լուրջ եմ սկսել մտածել դիվերսիաների, թշնամու հարձակումների մասին, քանի որ ինքս եմ զգացել իմ մաշկի վրա: Ընդհանուր, ես նույն մարդն եմ, պարզապես մտածելակերպս է փոխվել, սկսել եմ ավելի արժեվորել կյանքը: Հիմա այն ավելի քան երբևէ թանկ եմ գնահատում: Թանկ եմ գնահատում նաև հայրենիքը, դրա համար էլ հիմա աշխատում եմ Զինված ուժերում որպես դասակի հրամանատար`լեյտենանտ:
-Ի՞նչ է քեզ համար հայրենիքը:
-Այն օրը՝ ապրիլին, կամա թե ակամա, փրկելով իմ կյանքը, ես պաշտպանել եմ նաև իմ հայրենիքի սահմանները: Ինչպես Թեոդոր Ռուզվելտն է ասում. «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»: Ես արդեն ապացուցել եմ, որ կարող եմ մեռնել հանուն հայրենիքի, բայց հիմա հերթը ապրելունն ու հայրենիքը շենացնելունն է: Հայրենիքն ինձ համար այն միակ վայրն է, որտեղ ես կարող եմ ընտանիք կազմել և դաստիարակել երեխաներիս:
-Մեկնարկել է ձմեռային զորակոչը, ի՞նչ խորհուրդ կտաս այն զինվորներին, որոնք նոր են գնում բանակ, և հնարավոր է, հայտնվեն քո իրավիճակում:
-Միայն կասեմ, որ «դուխով» լինեն: Իրենք պիտի իրենց գործողությունները կարգավորեն, յուրաքանչյուր դիվերսիա լինում է տարբեր: Խորհուրդ կտամ զինվորական ծառայության ժամանակ և մասնավորապես դիրքերում ոչինչ ականջի հետև չգցել, միշտ պատրաստ լինել ու զգոն. թշնամին անկանխատեսելի է: Այն, ինչ ասվում է զինվորին, ինչ կա զինվորի օրակարգում, չի ասվում անիմաստ, ամեն բան էլ հետո պետք է գալու: Աստված պահապան բոլոր հայ զինվորներին:
Կամոն մեր գյուղի պատիվը բարձր պահելու ու հայրենիքը անձնվեր պաշտպանելու համար արժանացել է նաև Դսեղի պատվավոր քաղաքացի կոչման: