Ես Կոտայքի մարզում եմ ապրում, բայց երբեք չեմ ուրացել արմատներս, որ ծլարձակվել են Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ Այդ գողտրիկ անկյունում ապրում են իմ բոլոր բարեկամները։ Իմ ընտանիքը երեկ հրավիրված էր այնտեղ մի կարևոր առիթի, որը հայերը կոչում են բանակի քեֆ, ինչով արդեն ասվում է ամեն բան։ Խնջույքը կազմակերպվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտած իմ զարմիկի համար, ով շուտով կդառնա Հայոց բանակի զինվոր։ Շտապելով բարի ծառայություն մաղթել բոլոր զինակոչիկներին` ուզում եմ ասել նրանց, որ քանի դեռ դուք տալիս եք հայրենիքի պարտքը, մենք պարտք ենք մնում ձեզ` մեզ խաղաղ երկինք բերելու համար: Շնորհակալ ենք, որ ազնիվ եք հայրենիքի ու մարդկության առաջ։
Այգեձոր հասնելու համար մենք անցանք երկու հարյուր երեսուն կիլոմետր, իսկ այդ հինգ ժամ տևած ճանապարհը լի էր զանազան պատմություններով ու դեպքերով, ինչի մասին էլ կպատմեմ հիմա։
Ես շատ հետաքրքիր պատմություններ էի լսել Այգեձորի մասին, բայց այս մեկը նորություն էր ինձ համար։ Այգեձորը, որը շրջապատված է հսկա ժայռերով, ունի գաղտնիքներ իր փեշերին ծվարած անտառներում։ Ասում են, որ գյուղում եղել են մարդիկ, ովքեր երազ են տեսել, և իմանալով թաքնված ոսկու տեղը` գտել են այն և հարստացել։ Հեքիաթի նման է, բայց Այգեձորը տեսնողները հեքիաթներին հավատում են։ Ավազակների համար կուզեի հիշեցնել, որ ոսկի գտնելու համար նախ երազ է պետք տեսնել. կարևոր պայման է։
Ավազակներից անցնենք ավանակներին։ Երեկ ես իմացա, որ ավանակների զգայական հատկությունները չափազանց ուժեղ են։ Նրանք մշտապես քայլում են ամենից անվտանգ ճանապարհով։ Հին ժամանակներում ճանապարհներ կառուցելիս ավանակի հետքերին են նայել, որպեսզի ճամփան լավը լինի։ Հետաքրքիր է` մենք ավանակ ենք կոչում մարդկանց հիմար լինելու դեպքում, բայց այս կենդանիներին հետևելով ենք առաջ գնում։
Երբ հասանք գյուղ, ու հանդիպեցի հարազատներիս, իմ մեջ ավելի ամրապնդվեց այն միտքը, որ ծառը առանց արմատի փայտի կտոր է, որից լավագույն դեպքում պարսատիկ կարելի է պատրաստել, հակառակ դեպքում միայն այրել։ Հայրենիքը ամուր է, երբ արմատները չեն մոռացվում։ Եկեք ամուր պահենք Հայաստանը։