Հարցազրույց ֆուտբոլիստ և «Ադանա» մանկապատանեկան թիմի մարզիչ Գագիկ Խոջոյանի հետ
-Քանի՞ տարեկանից եք զբաղվել ֆուտբոլով, և ի՞նչն է ամենաշատը գրավում ֆուտբոլում։
-Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել դեռ շատ փոքր տարիքից, քանի որ հայրս մարզիչ է և մանկուց զբաղվել է ինձ հետ: Ֆուտբոլը ինձ գրավում է իր աշխուժությամբ, իր բարդությամբ և անկանխատեսելիությամբ։ Փոքր ժամանակ ինձ շատ էր ոգևորում Իտալիայի հավաքականը, հատկապես Դել Պիերոյի խաղը, իսկ հիմա ոգեշնչվում եմ Բարսելոնայով եւ նրա տոտալ ֆուտբոլով։
-Ո՞ր դիրքում եք հանդես գալիս որպես ֆուտբոլիստ։
-Ես հանդես եմ գալիս կիսապաշտպանի դիրքում։ Լավ կիսապաշտպանը թիմի սիրտն է: Նա պետք է արտակարգ տեսնի դաշտի յուրաքանչյուր հատվածը, քանի որ կապող օղակ է, պետք է ունենա լավ տեխնիկա և ոգևորի թիմակիցներին։
-Ի՞նչ հաջողություններ եք հասցրել գրանցել։
-Սկսել եմ «Ադանայում»` հայրիկիս թիմում, դարձել եմ մարզի չեմպիոն, առաջնության լավագույն խաղացող: Արդեն ավելի մեծ տարիքում հաջողություններ եմ գրանցել «Բանանցի» կազմում. երկու տարի անընդմեջ եղել ենք Երևանի չեմպիոն, եղել եմ առաջնության լավագույն կիսապաշտպան և լավագույն «դիսպետչեր»։ Հետագայում մեկնել եմ Մոլդովա` պատանիների Չեմպիոնների լիգա «Բանանցի» կազմում և գրավել 3-րդ, իսկ հաջորդ տարի` 4-րդ տեղը։
-Ներկայումս ինչով եք զբաղվում։
-Հիմա վերադարձել եմ զինվորական ծառայությունից, աշխատում եմ մարզիչ մեր մարզադպրոցում և դասախոս եմ մեր տեխնիկումում։ Պարապում եմ անհատական, սակայն արդեն կան առաջարկներ դրսից, հատկապես Մոսկվայից, քանի որ մեկ տարի այնտեղ եմ անցկացրել։
-Ո՞վ է Ձեզ համար մարզչական գործի լավագույն օրինակը:
-Ներկայումս շատ եմ հավանում Գվարդիոլայի խաղաոճը, քանի որ նա այն եզակի մարզիչներից է, որ կարողանում է արդյունք ապահովել տարբեր թիմերի հետ, ինչը շատ քիչ է պատահում: Նա Կրոյֆի փիլիսոփայության կրողն է։ Եթե տիրում ես գնդակին, տիրում ես նաև խաղին։ Նա օգտվում է տոտալ ֆուտբոլի փիլիսոփայությունից։
-Կխնդրեի բացատրել, թե ինչ է տոտալ ֆուտբոլը։
-Տոտալ ֆուտբոլը գնդակի ամբողջական տիրապետումն է և բոլոր խաղացողների ակտիվ աշխատանքը: Եթե նախկինում խաղի ելքը որոշում էին առանձին խաղացողներ, ապա հիմա խաղը հաղթում է թիմը։
-Դուք հիմա աշխատում եք երեխաների հետ, որոնք բնականաբար չեն ցույց տալիս նույն խաղամակարդակը։ Ինչպե՞ս եք պահում թիմի հոգեբանական բալանսը, որ ոչ մեկը չմեծամտանա։
-Մենք խաղից առաջ և հետո զրույցներ ենք անցկացնում երեխաների հետ։ Բացատրում, որ ֆուտբոլում բոլորը հավասար են անկախ խաղամակարդակից և սոցիալական դիրքից։
-Հաճախ ֆուտբոլում տեղի են ունենում խաղեր, որոնց ընթացքում թիմը պարտվում է առաջին խաղակեսը, սակայն երկրորդին կարծես մեկ այլ թիմ է դուրս գալիս և հաղթում է խաղը։ Ի՞նչ մեթոդով է մարզիչը այդպես «թափ տալիս» թիմին։
-Մենք ունեցել ենք նման խաղեր, և ընդմիջման ժամանակ հայրս`ընկեր Խոջոյանը, փորձում էր մեր մեջից դուրս բերել այդ լարվածությունը, ուղղակի մեզ բացատրելով, որ մենք կարող ենք, ուղղակի վախկոտություն ենք արել: Նա հանում էր բոլոր հոգեբանական խնդիրները և թողնում միայն խաղային որակները: Երբեմն նույնիսկ կոպտությամբ էր արթնացնում մեր որակները և հասնում ցանկալի արդյունքի։
-Ամբողջ աշխարհում ընդունված են ֆուտբոլի Եվրոպական ստանդարտները, ինչքանո՞վ է մեր հայկական ֆուտբոլը համապատասխանում այդ ստանդարտներին։
-Մեր հայկական ֆուտբոլը մոտենում է UEFA ի ստանդարտներին, քանի որ մեր լավ մարզիչները` Սանամյանը, Խաշմանյանը և էլի շատերը, անցել են UEFA-ի A, B, C, Pro դասընթացները և գրանցում են որոշակի հաջողություններ: Սակայն ֆուտբոլիստների կատարողականը բավականին թույլ է, այդ պատճառով չեն աշխատում Եվրոպական սխեմաները, իսկ դրա մեղավորն է մանկապատանեկան դպրոցների ցածրորակ լինելը։
-Ո՞րն եք համարում ամենահզոր ֆուտբոլային դպրոցը:
-Ես շատ եմ հետաքրքրվել և կարող եմ նշել երկու դպրոց. դա Բարսելոնայինն է, որովհետև ներկայիս Բարսելոնայի կազմը մեծ մասամբ այդ դպրոցի սաներն են, և Ամստերդամի «Այաքսը», որը տվել և տալիս է շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Սուարեսը, Կրոյֆը, Իբրահիմովիչը և էլի շատ-շատերը։
-Որո՞նք են ժամանակակից ֆուտբոլի պահանջները։
-Ներկայիս ֆուտբոլը շատ արագ է, դրա համար պահանջվում են ատլետներ, որոնք կարող են արագ կողմնորոշվել։ Ինձ շատ է զայրացնում, որ ասում են` 22 հոգի մի գնդակի հետևից են վազում, քանի որ ֆուտբոլը ինտելեկտուալ խաղ է, և այդ արագության ներքո կողմնորոշվելը ամեն մարդու բան չէ։ Ներկայումս ֆուտբոլին պետք են խաղային կիրք ունեցող ֆուտբոլիստներ, որոնք անընդհատ ձգտում ունեն և շատ աշխատասեր են։-Վերջերս տեղի ունեցավ Պոգբայի տրանսֆերը 110 մլն դոլարով: Նա տեղափոխվեց «Յունայթեդ»։ Ի՞նչ եք կարծում, մեծ գումարների մուտքը ֆուտբոլ փչացնո՞ւմ է այն, թե՞ մոտիվացնում է խաղացողներին։
-Ես կարծում եմ, որ այդ գումարները կարող են ավելի կարևոր նպատակների ուղղված լինել, սակայն մյուս կողմից դա ֆուտբոլիստի տանջանքի վարձն է, բայց միևնույն է, այդ գումարները շատ ուռճացված են: Սակայն շատ ֆուտբոլիստներ ուղղում են այդ գումարի մի մասը բարեգործության, և դրա համար, ինչո՞ւ ոչ, թող լինեն։
-Մի շատ հետաքրքիր դեպք հիշեցի, եթե չեմ սխալվում 1994թ-ի Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Ռոբերտո Բաջոն եզրափակիչում չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, և դա դարձավ ճակատագրական իր համար։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է դա հոգեբանորեն ազդում ֆուտբոլիստի վրա, և ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել։
-Դե, պետք է լինել ուժեղ և հաղթահարել այդ իրավիճակը: Բոլորն էլ պարտվում են, սակայն ուժեղ է նա, ով կարողանում է հեշտ հաղթահարել այդ վիճակը, Տիմատի Գոլբը հրաշալի գիրք ունի «Թենիսի ներքին խաղը», որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր պարտությանը պետք է նայել որպես դեպք, որը արդեն եղել է, իսկ կյանքը շարունակվում է, և եթե ծանր տանես այդ ամենը, չես կարողանա առաջ գնալ։