Սա հեքիաթ չէ, այլ իրական պատմություն:
Տարիներ առաջ, երբ սովորում էի ութերորդ դասարանում, բարեգործական նպատակով գնացել էինք Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ: Մենք հավաքեցինք` ինչ կարող էինք, ու գնացինք ծերերին այցելության: Շատ ճնշող էր այնտեղ. բոլորը ծեր էին, հիվանդ և մի տեսակ անպաշտպան: Երբ բաժանում էինք մեր տարած քաղցրավենիքը, իմ ուշադրությունը գրավեց մի պապիկ, որը հեռվում կանգնած լուռ նայում էր և չէր էլ մոտենում մեզ… Ես զգացի ինչ-որ պահանջ մոտենալու ու զրուցելու պապիկի հետ, սակայն չստացվեց, և ես մոռացա նրա մասին: Այդ այցելությունից անցավ երկու տարի: Երբ հաճախեցի «Մանանա» կենտրոն, և ինձ առաջարկեցին նկարահանել մի հետաքրքիր պատմություն, ես անմիջապես հիշեցի ծերերի տուն-ինտերնատի բարի պապիկին, ով այդ օրը գրավել էր իմ ուշադրությունը: Եվ ես որոշեցի, որ իմ ֆիլմը հենց նրա մասին է լինելու: Գնացիք տուն-ինտերնատ, գտանք իմ բարի պապիկին: Նա ինձ հիշեց: Հարցրի՝ ինչպես է, ինչի կարիք ունի, նա պատասխանեց.
-Շատ լավ եմ, բալա ջան, ոչ մի բանի կարիք չունիմ:
- Ձեր անունն ի՞նչ է,- հարցրի պապիկին:
-Համիկ պապ,- պատասխանեց նա,- բայց երբ եկա էստեղ, հեչ պապ չէի:
-Իսկ ինչպե՞ս և ե՞րբ եկաք,- հարցրի Համիկ պապին:
-Է~, բալամ, երկար պատմություն է,-ասաց Համիկ պապը, -մի վեպ կարելի է գրել իմ կյանքի մասին:
-Ոչինչ, պատմեք, Համիկ պապ, հետաքրքիր է:
- Որ էդպես է, բալա ջան, նախ քեզ տանեմ, ցույց տամ, թե ես ոնց եմ խնամում էս այգին, էս պարտեզը:
Համիկ պապը հպարտությամբ ցույց տվեց ծերանոցի բակում իր աճեցրած այգին. խնամված ծառերը, բանջարանոցը, պարտեզի գեղեցիկ ծաղիկները: Ամբողջ օրը նա զբաղված է այգին փորելով, ծառերը ջրելով, փոցխ անելով, մոլախոտերը պոկելով: Մի խոսքով, Համիկ պապը առավոտից մինչև ուշ երեկո զբաղված է:
- Համիկ պապ, այս բոլորը դո՞ւք եք խնամում,- հարցրի ես:
-Էս, օր կտեսնիս, բալա ջան, սաղ մեր ճաշարանի համար է; Ես կխնամեմ, հոգ կտանիմ, գեղեցիկ ծաղիկներ կաճեցնեմ: Չնայած՝ կյանքը դաժան գտնվավ իմ հանդեպ, բայց սիրուն բան շատ կսիրեմ: Երկրաշարժին կորցրի տունուտեղս, կնոջս ու միակ աղջկաս: Էդքան մեծ չէի, ընդամենը քառասունյոթ տարեկան: Ուզում էի ինքնասպան լինել, ասի՝ էլ ում համար եմ ապրում: Բայց Արցախյան պատերազմը սկսվեց, ասի՝ գնամ, պատերազմի դաշտում զոհվեմ, գոնե մի բարի գործ արած կլինեմ հայրենիքիս համար: Բայց «գյուլլեն» ինձ չառավ: Շուշին գրավելուց հետո վերադարձա: Երկրաշարժից հետո մի «դոմիկ» էին տվել, բայց պատերազմում եղած ժամանակս էն էլ էին տարել: Ու էդպես մնացի անտեր ու անտուն: Ասի՝ գնամ ծերանոց, բայց տարիքս էն չէր, հիսուներկու տարեկան էի: Եկա, տնօրենը բարի մարդ էր, իմացավ իմ պատմությունս, վերցրեց ինձ, տանիք եղավ գլխիս: Ես էլ ասի, մի հանրօգուտ գործ անեմ: Սկսեցի խնամել այգին, ծառ տնկել, բանջարանոց ստեղծեցի, որ մեր մրգերն ու բանջարեղենն ուտենք: Շներին ու կատվներին տիրություն կենեմ: Անլեզու հայվաններ են, մեղք են, մեկը պիտի լինի՞ օր տիրություն անի նրանց: Սրանց մեջ էլ, ինչպես մարդկանց մեջ, կան բարի և համակերպվող, չար և իրարից փայ փախցնող կենդանիներ: Այ ըսենց, բալա ջան, արդեն մոտ քսան տարի կապրիմ էստեղ: Իմ հարազատներն էս այգին, պարտեզը, շներն ու կատուներն են: Մի կին կար, մի քիչ «թլդիկ» էր, էստեղ էնքան էին նեղում նրան, որ մեղքս տվեց, ասի՝ արի ամուսնանանք իրար հետ, որ քեզ տիրություն անող լինի: Հիմա իրար հետ ապրում ենք, մեր կյանքի օրերը մաշում…
Լսեցի Համիկ պապի պատմությունն ու տխրեցի: Մտածում եմ՝ մարդը չունի ոչինչ, ոչ տունուտեղ, ոչ ընտանիք, ոչ երազանք, բայց այդքան բարի է: Նա ամբողջ օրը խոսում է շների ու կատուների, ծաղիկների և ծառերի հետ, նրանց խնամում: Այդ ամենից հետո, նա ոչ թե չարանում, այլ ուրախանում է կյանքով: Չէ որ նա, ինչպես իմ պապիկը, կարող էր ունենալ երեխաներ ու թոռնիկներ, հարազատներ, հպարտանար նրանց հաջողություններով: Կյանքում տեսնել այդքան դառնություն և մնալ այդքան բարի, լինել իսկական քրիստոնյա…
Այդ օրը ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ մեծ, բարի ու անհատակ է մարդու հոգին`անկախ ամեն ինչից: