lilit khlghatyan portret

Հավկիթակռիվ

Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Այն նշանակում է՝ անցում, զատում, բաժանում: Քանի որ Զատիկը շարժական տոն է, և յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի, այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Զատիկը տարվա ամենագեղեցիկ տոներից է, այն ունի իր յուրահատուկ նշման ձևը:

Աշխարհի բոլոր քրիստոնյաներն այդ օրը հավկիթ են ներկում: Այժմ հավկիթ ներկելու է զարդարելու համար նախատեսված են տարատեսակ ներկանյութեր: Սակայն կարծում եմ ամենագեղեցիկը, սոխի կեղևով ներկած հավկիթն է: Դրա համար մայրիկս Զատիկից առաջ հավաքում է սոխի կեղևները և այդ առավոտյան, արդեն հավկիթը խաշում է սոխի կեղևով: Իսկ երբ հանում ենք հավկիթը, արդեն ալ կարմիր է: Ինչ լավ են մտածել մեր մեծերը…

Ախ~, ինչպես կարող էի մոռանալ հավկիթակռիվը, չէ որ դա երեխաների ամենասիրած պահն է: Ինչու ոչ, նաև մեծերի, չէ,որ այդ պահին նրանք էլ են մանկանում: Հավկիթակռիվը տեղի է ունենում 2 հոգու միջև, երբ հավկիթները խբում են իրար, և ում հավկիթը չջարդվեց՝ նա հաղթում է:

Հիշում եմ մի քանի տարի առաջ  մեր դպրոցում Զատիկի տոնին ընդառաջ կազմակերպվում էր միջոցառում: Մեր ամենասիրած միջոցառումն էր դա, երբ յուրաքանչյուր դասարան պատրաստում էր Զատկի ավանդական սեղան, և որ դասարանը ունենար ամենագեղեցիկ և ավանդական սեղանը, այդ դասարանը հաղթում էր: Իսկ դրանից հետո սկսում էինք մեր հավաքույթը: Մի լավ ուրախանում, հավկիթակռիվ էինք խաղում և այդես նշում էինք Զատիկը: Ինչ լավ օրեր էին…

Հա, մոռացա, այդ միջոցառման ժամանակ էլ տեսա ինձ համար ամենամեծ հավկիթը`ջայլամի ձուն, ինչքան էի զարմացել: Այդ հավկիթը քրոջս դասարանի երեխաներից մեկն էր բերել, այդ տարի հենց նրանք հաղթեցին մրցույթում:

Այս տարի Զատիկից առաջ արդեն գարին ցանել էինք, եղբայրս ամեն օր հետևում էր, թե ինչպես է աճում գարին: Այսպես մնում է Զատիկի սեղանի ավանդական ուտեստները պատրաստել:
Մայրիկն էլ կասի.

-Երեխեք, որ հավկիթը ուտում եք՝ դրանով կռվեք: Բոլորը մի ջարդեք, կմնա՝ կփչանա:

Ուրախ Զատիկ եմ մաղթում բոլորիս: