Anna gasparyan aragats

Հատվող ծառերից մինչև առցանց գրադարաններ

Գրքեր կարդալն այսօր կրկին ակտուալ է: Այն կարելի է համեմատել սպորտով զբաղվելու հետ: Ինչպես որ մարզվելիս մկաններն անընդհատ աշխատում են և ավելի են ուժեղանում, այնպես էլ գիրք կարդալիս մարզվում է ուղեղը, հիշողությունը, երևակայությունը, մտածողությունը: Սակայն կարևոր է հասկանալ, թե ընթերցանության ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ ու նպատակահարմար: Այսպիսով, օգտվել առցանց գրադարանների՞ց, թե՞ պահպանել ավանդական ընթերցանության ձևերը: Օրինակ, 1900-ական թվականներին ֆրանսիացի գրող Անդրե Մորուան համոզված էր, որ գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին, քանի որ ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը։

Տասնութամյա Մարիաննան աշխարհում ամենից շատ գրքեր կարդալ է սիրում: Նրան դուր են գալիս գրքի անուշ բույրը, թերթվող էջերի նուրբ ձայնը և այն զգացողությունը, որ ձեռքերումդ գիրք ես բռնել, ոչ թե հեռախոս կամ ականջակալ: Մարիաննայի խոսքով՝ յուրաքանչյուր ընթերցասեր մարդ պետք է իմանա գրքի արժեքը.

«Մեկ գիրք ստեղծելու համար տասնյակ ծառեր կարող են հատվել, ցավալի է, բայց փաստ է, մենք պետք է գիտակցենք դա, իմանանք այդ մեկ գրքի արժեքը ու պարզապես գնահատենք»,- ասում է նա:

Մարիաննան չի սիրում օգտվել օնլայն գրադարաններից, նրա կարծիքով՝ այլ բան է, երբ ամեն տողի հետ շարժում ես մատդ, ապրում ամեն բառը, մտովի պատկերացնում կարդացածը, և մեկ այլ բան է, երբ ստեղնի մեկ հարվածով փոխում ես էջը առանց որևէ բան զգալու:

Մարիաննայի հետ համակարծիք է նաև Մերին, ով բացառապես չի օգտվում առցանց ընթերցանությունից և իր խոսքով՝ պահպանում է աչքերը վնասվելուց.

«Շատերս մեր մեծերից լսած կլինենք, որ հեռախոսներն ու համակարգիչները բացասաբար են ազդում մեր առողջության վրա, առաջին հերթին վնասվում են աչքերը: Ես ճիշտ եմ համարում ձեռքս վերցնել ու կարդալ գիրքը ավելի քիչ վնասելով տեսողությունս, քան առցանց տարբերակով միանգամից ոչնչացնել այն»:

Մեկ այլ ընթերցասերի՝ Հասմիկի կարծիքով, օնլայն ընթերցանությունն ավելի հարմար է ծանր գրքեր քարշ տալուց ու օգտակար՝ երկիր մոլորակի համար:

«Նախ ուզում եմ նշել, որ ժամանակակից ընթերցանության այս տարբերակը շատ առավելություններ ունի և ավելի օգտակար է բնապահպանության տեսանկյունից: Այսինքն, խրախուսելով առցանց ընթերցանությունը, մենք մեծ ռեսուրսներ պահանջող ֆիզիկական աշխատանքը փոխարինում ենք վիրտուալ համարժեքներով, չենք վնասում բնությանը և չենք վնասում մարդկությանը: Եվ հետո ինձ համար ավելի հարմար է օրվա ցանկացած ժամի և ցանկացած տեղ բացել հեռախոսը ու կարդալ նախընտրածս գիրքը, քան քարշ տալ այն ինձ հետ տեղից տեղ»:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Աննան էլ տարբերակում չի դնում ընթերցանության ձևի մեջ։ Ասում է՝ կարևորը կարդալն է, ինչպես ուզում ես, այնպես էլ կարդա։

«Երբ խոսում ենք ընթերցանությունից, ես միշտ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի մտքերից մեկն եմ ցիտում։ Նա ասում էր, որ գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Ուստի էականն այստեղ գիրք սիրելն է, նրան նվիրվելը, նրա հավերժական ընկերը լինելը»,- ասում է նա։

Ըստ անցկացրած առցանց հարցման՝ ընթերցասերների 70%-ը նախընտրում է օգտվել ժամանակակից գրադարաններից, իսկ 30 %-ը ավանդական ընթերցանության ձևերի կողմնակիցն է։

Բնապահպան Վաչագան Մելիքյանը կարծում է, որ առցանց գրադարանները լավ միջոց են բնապահպանական մի շարք խնդիրներից ձերբազատվելու համար:

«Անտառներն ու ջունգլիները ծածկում են ամբողջ երկրի մակերևույթի 30%-ը, իսկ անտառահատումները զանգվածաբար ավերում են դրանք: Միայն ԱՄՆ-ում տարեկան մոտավորապես 32 միլիոն ծառ է օգտագործվում գրքեր պատրաստելու համար, ընդ որում, արտադրության գործընթացում արտանետվում է ավելի քան 40 միլիոն տոննա ածխաթթու գազ: Թվային գրադարաններ տեղափոխվելը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են գրքերի ստեղծման, փաթեթավորման և առաքման արդյունքում»,- ասում է նա:

Համաշխարհային էկոլոգիագետները փաստում են, որ ֆիզիկական գրադարանները գործելու համար շատ էներգիա են պահանջում: Էլեկտրաէներգիան, օդորակումը, համակարգիչները և տեղական գրադարանների սերվերները զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում: Նրանց կարծիքով՝ առցանց գրադարանային ծառայությունները ոչ միայն կօգնեն պարզեցնել գործառնությունները, այլև կնվազեցնեն էլեկտրաէներգիայի ծախսերը:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ գրադարանները կպահպանվեն նաև ապագայում, քանի որ դրանց պարունակած տեղեկատվությունը անփոխարինելի է ինտելեկտուալ ազատ հասարակություն կառուցելու գործում: Թերևս միակ բանը, որ կփոխվի, այն է, թե որտե՞ղ և ինչպե՞ս մենք կցանկանանք գրքեր կարդալ: