Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները այսօր փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը։ Ճանապարհը փակելու միակ պատճառը հէկ-երն են։ Բողոքի ցույց են անում, քանի որ արդեն երկու օր է, ինչ գյուղացիներից թաքուն հէկ-երը շահագործվում են։
Գյուղացիներից մեկը՝ Պապիկ Գասպարյանը, նկատել է, որ հէկ-երի աշխատակիցները բարձրանում են այն ճանապարհով, որը տանում է այդ չարաբաստիկ հէկ-երի մոտ։ Նրան կասկածի առիթ է տվել այդ փաստը, և որոշել է բարձրանալ՝ տեսնելու՝ ինչ է կատարվում այնտեղ։ Նա այնտեղ տեսել է, որ սկսել են աշխատեցնել հէկ-երը։ Եվ Պապիկ Գասպարյանը առանց մի բան ասելու գնացել է Արագածի համայնքապետարան, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում, և ինչու է այն սկսել աշխատել առանց գյուղացիների իմացության։
Գյուղացիները ուզում են, որ իրենց ձայնը լսելի լինի, և պետք է այսօր նրանց հետ հանդիպման գա Արագածոտնի մարզի մարզպետը և Ապարան քաղաքի քաղաքապետը։
Գյուղացիները վիրավորված են։ Նրանք 4 ամիս առաջ բողոքի ցույց էին արել և իրենց հաջողվել էր հասնել այն բանին, որ դադարեցնեն շահագործումը։ Բայց այսօր արի ու տես՝ մի քանի մարդիկ որոշել են, որ պետք է աշխատեցնեն հէկ-երը, այն էլ գյուղացիներից թաքուն։
Հենց նոր իմացա, որ գյուղացիների հետ հանդիպման է եկել Արագածոտնի մարզի մարզպետը։
Գյուղացիների հետ խոսելիս նա իր ձայնն է բարձրացրել ցուցարարների վրա և հորդորել է բացել ճանապարհը։ Գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացելուց և ասում են, որ այնքան ժամանակ պետք է փակեն ճանապարհը, մինչև նորից դադարեցնեն հէկ-երի շահագործումը։ Մարզպետը, ոչինչ չկարողանալով անել, թողել և հեռացել է։ Իսկ գյուղացիները բարկացած բղավում են, որ մարզպետը չի կարողանում հարցին լուծում տալ և այդ պատճառով հեռացավ։ Գյուղացիները շատ բարկացած են, և նրանց բարկությունը կհանդարտվի միայն այն ժամանակ, երբ իրենց համար օգտակար որոշում կայացվի։
Տեսեք, թե որտեղ ենք հասել. մարդիկ ուղղակի անցել են գյուղացիների վրայով և արել են այն, ինչ իրենք են ցանկացել՝ բնակիչների ձայնը ոտնահարելով։