-Վ~այ, տատ ջան, ինչ սիրուն ես գործել,- միշտ հիանում էի ես նրա հին գործվածքներով:
-Շատ փոքր էի, որ սկսեցի գործել,- պատմում էր տատս,- մայրս գուլպաներ էր գործում, ուղարկում ռազմաճակատ, ես նայում էի ու սովորում:
-Տատ, դպրոց գնում էիք, չէ՞, իսկ արձակուրդներին ի՞նչ էիք անում:
-Երբ ես դպրոցական էի, հայրս ու եղբայրս զինվոր էին:
-Կռվի ժամանակ ի՞նչ էին անում,- հիմարի պես հարցնում էի ես, իսկ տատս շփոթված ժպտում էր: Բայց ես արդեն պատերազմը մոռացած ուրիշ հարցեր էի տալիս:- Իսկ ձեր գյուղում քանի՞ դպրոց կար, ամեն դասարանում քանի՞ հոգի էիք: Մենք դասարանում քառասուն հոգի ենք ու յոթ զուգահեռ դասարաններ ենք, բա~,- վրա էի տալիս ես:
-Մեր գյուղում մի կիսատ-պռատ դպրոց էր` ութնամյա: Դասարանում էլ մի հինգ-տասը հոգի էին: Շատ քչերն էին դպրոց գնում: Բոլորն աշխատում էին, տուն էին պահում, մինչև իրենց հայրերը կռվից գային: Շատերն էդպես էլ դպրոց չգնացին, միանգամից մեծացան, տան տղամարդ դարձան…
-Տատ ջան, իսկ արձակուրդներին որտե՞ղ էիք հանգստանում,- էլի մի հիմար հարց էի տալիս ես, չընկալելով, թե ինչ էր ասում տատս:
-Հանգստանո՞ւմ, էլի շաշ-շաշ դուրս տվեցիր: Դե կամ տանն էի, կամ էլ մայրս ուղարկում էր սար` տատիս մոտ:
-Տատ ջան, սար էլ ես գնացե՞լ, երևի ընկերներով գնում էիք էնտեղ, վրան խփում, արձակուրդներդ հետաքրքիր էր անցնում:
-Չէ, սար տատիս մոտ էի գնում: Տատս մեր անասունն էր սար տանում, պահում: Բայց սիրտը չէր տանում, հետը գյուղի որբ երեխեքին էլ էր տանում, որ էնտեղ կաթից, պանրից տա` ուտեն: Մի հինգ-վեց հոգով թախտին էինք քնում:
Տատս շյուղերը մի կողմ դրեց, խորը հառաչեց, միտքն ասես ուրիշ տեղ լիներ:
-Տատիկ ջան, ինչո՞ւ տխրեցիր,- զարմացա ես,- մարդ էլ մանկությունը հիշելիս տխրի՞: Լավ, ես գնամ դասարանի երեխաներով տիկնիկային թատրոն ենք գնալու:
-Գնա, Նան ջան,- տատս իրեն հավաքում էր և ուրախ ժպտում,- գնա, հետո վաղը քո թոռներին ուրախ բաներ կունենաս պատմելու: Անպայման գնա:
Տատս վաղուց չկա: Շատ բան նրա ասածներից հիմա եմ հասկանում:
Նանե Սահակյան, 14տ. 2003թ