Սեպտեմբերի 29-ին Արտաշատ քաղաքի համալիր-մարզադպրոցում անցկացվեց հեռացատկ և եռացատկ մարզաձևերի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 2-րդ պատերազմի հերոս Գեղամ Գրիգորյանի հիշատակին։
Գեղամ Գրիգորյանը ծնվել է 2002 թ. փետրվարի 28-ին Արարատի մարզի Դալար գյուղում։ Սովորել է Դալարի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։
Գեղամը ծառայության է անցել 2020 թվականի օգոստոսի 10-ին՝ Մատաղիսում։
Պատերազմի օրերին եղել է առաջնագծում։
Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։
Միջոցառմանը ներկա էին Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները։ Արտաշատ քաղաքի սպորտի բաժնի ղեկավարի խոսքով՝ միջոցառումը երկու նպատակ ունի.
- Առաջին հերթին վառ պահել ինչպես Գեղամ Գրիգորյանի, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմի մեր բոլոր հերոս տղերքի հիշատակը և 2-րդ հերթին՝ այն օգնում է ի հայտ բերել մեր հանրապետության ուժեղագույն մարզիկներին, ովքեր փորձ են ձեռք բերում և հետագայում միջազգային հարթակներում բարձր են պահելու Հայաստանի եռագույնը։
Հերոսի մարզիչը՝ Արսեն Դերմոյանն էլ նշեց, որ Գեղամ Գրիգորյանը շատ կարգապահ մարզիկ էր․
-Գեղամը բազում հաջողությունների է հասել սպորտաձևում։ Ծառայության մեկնելուց առաջ մասնակցեց հանրապետության պատանեկան առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 2-րդ տեղը։
Հուշամրցաշարում հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ստեփանյանը, Սվետլանա Ավդալյանը, Էլեն Խաչատրյանը, Ռուբեն Բաբագուլյանը, Գոռ Ղևոնդյանը և Գոռ Հովակիմյանը։ Մրցանակները հանձնեց հերոսի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալագիր և հուշանվեր հանձնեցին հերոսի ընտանիքին՝ ի նշան իրենց երախտագիտության։