Երեկ համակուրսեցիս մի հումորային տեսանյութ ուղարկեց ինձ: Ես սկսեցի նայել: Սկզբում ամեն ինչ ծիծաղելի էր: Այդ տեսանյութում համապատասխանեցվում էին համալսարանները ու ինչ-որ երգեր: Հերթը հասավ ՀՊՄՀ-ին: Ես սպասում էի, թե որ երգն է համապատասխանում մեր համալսարանին: Հնչեց «Ռեինկարնացիա» խմբի «Էլի լավ ա» երգը: Ըստ այդ տեսանյութի, մեզ՝ Մանկավարժական համալսարանի ուսանողներիս համար, այստեղ ընդունվելն էլ է լավ՝ էլի լավ ա: Ես չորոնեցի, թե ով է տեսանյութի հեղինակը մտածելով, որ ուղղակի կատակ է, բայց հիշեցի իմ դպրոցում սովորելու ժամանակները: Հիշում եմ, որ դասընկերներս որոշել էին, որ երրորդ կամ չորրորդ հայտով կնշեն Մանկավարժական համալսարանը, քանի որ ըստ նրանց՝ այստեղ ընդունվելը շատ հեշտ էր թվում: Երեխաները հաճախ են դժգոհում, որ դասավանդող ուսուցիչները չեն սիրում իրենց աշխատանքը ու դժգոհությամբ են աշխատում. դե, իհարկե, դա նորմալ է. հենց նրանք են այն մարդիկ, որ վստահորեն չորրորդ հայտով նշել են Մանկավարժականն ու ընդունվել, իսկ դա չսովորելուց «էլի լավ ա»:
Մանկավարժ լինելը խաղուպար չէ: Մանկավարժական ընդունվողների համար ոչ թե էլի լավ ա, այլ` շատ լավ ա: Ես մի ողջ տարի աշխատել եմ ու մեծ ուրախությամբ ընդունվել այս համալսարան ու հիմա էլ մեծ սիրով սովորում եմ, որպեսզի վաղվա օրվա զինվորի համար լավ ուսուցիչ լինեմ: Ես շատ եմ սիրում մեր համալսարանը ու շատ ուրախ եմ, որ համակուրսեցիներս էլ ինձ նման մեծ նվիրումով են հաճախում դասերին ու մատների արանքով չեն նայում դասերին: