Ամեն առավոտ արթնանում, վազում էի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ձյուն կա թե ոչ և ամեն առավոտ պատուհանի մոտ վազելիս տեսնում էի, որ ձյուն չկա… Բայց ահա երկար ժամանակ է, որ վայելում ենք այս տեսարանները: Առաջին օրը առանց երկար մտածելու և տաք հագնվելու վազեցի դուրս… Տեսնում եմ, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները հատիկ-հատիկ թափվում վերևից: Դրսում շատ ցուրտ է, մտնում եմ տուն, վազում-նստում վառարանի կողքին: Հինգ րոպե անց ընկերներս կանչեցին, դուրս եկա տնից…
-Հը՞ն, գնա՞նք սահնակ քշելու:
-Հա, հենց դրա համար էլ եկել ենք:
Մոտ երեք ժամ սահնակ էինք քշում, ձնագնդիկ խաղում, ձնեմարդ սարքում և լավ մրսում: Բայց դա մեզ չէր խանգարում:
Երբ գնացինք տուն, շորերս փոխեցի ու նստեցի վառարանի մոտ:
-Մամ, ոնց որ մրսել եմ:
-Բա ինչքան ժամանակ ա դրսում ես:
Առավոտյան ընկերներս նորից կանչեցին:
-Բորիս, Բորիս, գալի՞ս ես…
-Ո՞ւր…
-Արի` ձնագնդի խաղանք:
-Չեմ կարող…
-Ինչի՞…
-Հիվանդ եմ…
Այդպես հիվանդ անցկացրի շաբաթս… Կարող էի միայն լուսանկարել: