Ասում ենք «մանկություն» ու անմիջապես ինչ-որ բառ, ինչ-որ դեպք ենք հիշում, ասում ենք «մանկություն» ու լուռ կարոտում։ Դե հա, մեր դպրոցական տարիներն ենք հիշում, մեր դպրոցը, մեր դասարանը, անգամ մեր դպրոցական սեղանն ու աթոռն ենք կարոտով հիշում։
Մանկության տարիներին երազանքը դպրոցն ավարտելն էր, իսկ հիմա՞: Հիմա նորից դպրոցական լինելը, նորից դպրոց գնալն ու ծանր պայուսակով տուն վերադառնալը, ամեն առավոտ մայրիկի ձայնից արթնանալը…
Դպրոցն ավարտելիս բոլոր ուսուցիչներն ասում էին՝ դպրոցն ավարտելուց հետո էլ նրանց համար հավերժ աշակերտ կմնանք, իսկ մենք զարմանում էինք, թե ինչպես։ Բայց չէ, ճիշտ էին ասում, այդպես էլ կա… Իսկ ուսուցչուհին, ում հետ դպրոցում առաջին քայլերս էի արել, վերջին զանգի օրվա իր խոսքի մեջ նշեց, թե իր համար շատ բան չի փոխվել, ու որ մենք իր համար ոչ թե շրջանավարտ, այլ այն նույն փոքրիկ աշակերտ-աշակերտուհիներն ենք դեռևս։ Դե, երևի, ինչպես ծնողի համար ենք հավերժ երեխա մնում…
Դպրոց էի գնացել ու զգում էի, թե ինչպես, իրոք, ուսուցչուհուս աչքին ես էլի նույնն էի, նույն փոքրիկը, ում նա մայրական ջերմությամբ սովորեցնում էր բոլոր դասերը, հարցեր էր տալիս ու ժպտում, երբ ճիշտ պատասխան էր լսում։ Այսօր նա ինձ ո՛չ երեքի բազմապատկման աղյուսակն էր հարցնում, ո՛չ էլ այբուբեն։ Նրա հարցերն իմ մասին էին, իմ դասերի, իմ ուսանողական կյանքի մասին… Էլի նույն դասարանում, որտեղ տարիներ առաջ կանգնած դաս էի պատասխանում, հիմա զրուցում էի ուսուցչուհուս հետ, ու լուռ հիշում առաջին քայլերս։ Ու գրատախտակի մոտ կանգնած՝ հիմա ես ոչ թե գլուխս կախ դաս էի պատասխանում, այլ գլուխս բարձր ասում, որ դասերս շատ լավ են, իսկ հետո լուռ ժպտում ուսուցչուհուս…
Օրեր առաջ ես ուսուցչանոց մտա ոչ թե կավիճ կամ մատյան վերցնելու՝ ինչպես տարիներ շարունակ անում էի, այլ ուսուցիչներիս տեսնելու համար։ Ու ինչքան անսովոր էր ուսուցիչներիս առաջ կանգնած բարդ ստորադասական նախադասության, Մենդելի օրենքների, արյունատար անոթների ու էլի շատ բաների մասին չխոսելը… Այլ խոսել ուսանողական կյանքից, պատմել ոչ թե դասերի, այլ ինքս իմ մասին… Ապացուցել ոչ թե թեորեմներ, այլ այն, որ դպրոցական տարիները ոչ թե լոկ հիշողություններ են մանկության մասին, այլ օր օրի, թեկուզ՝ անգիտակցաբար, իրար վրա դրված փոքրիկ քարերով մի տնակ շինելու դժվար, բայց և հաճելի ուղի… Ո՞ւ, միայն նախադասությունները չէ, որ բարդ են լինում։ Միայն թեորեմները չէ, որ ապացուցել է պետք, իսկ է՞լ ինչ, է՞լ ինչն ապացուցման կարիք ունի… Կյանքում ամեն ինչ ապացուցման կարիք ունի, հա, ամեն ինչը։ Ու չէ, պետք չէ կանգնել մարդկանց առաջ ու ինչ-որ բան ապացուցել, մտերիմներդ առանց դրա էլ կհավատան քեզ, բայց ինքդ քեզ ապացուցելու կարիք միշտ էլ ունես, իսկ մարդիկ, ովքեր չեմ ասի՝ Մենդելի օրենքների, բայց արյունատար անոթների պես կարևոր են քեզ համար, միշտ կողքիդ կլինեն, ու կօգնեն քեզ ապացուցել՝ ինչ էլ որ ինքդ ուզես…
«Մանկություն» ասելիս շատ բան ենք հիշում, հիշում ենք նաև, թե ինչքան պարզ էր ամեն ինչ, ու թե ինչպես ոչինչ էլ ապացուցման կարիք չուներ։ Հիշում ենք, որ ապացուցել բառն ինքնին անծանոթ էր մեզ…