Մանկությունն ավարտվում է սահուն, զգույշ ու աննկատ։ Դու միայն տարիներ անց ես գիտակցում, որ այն անհոգ ու պարզ երեխան էլ քո ներսում չէ։
Մանկությունն ավարտվում է, երբ մուլտֆիլմերը դառնում են ձանձրալի, երբ խաղալու հավեսն է կորչում։ Ու մեզ արդեն հետաքրքրում են մեծականն ու արգելվածը: Մենք ուզում ենք ավելին իմանալ, այն ինչ հետո երազելու ենք երեխա մնալու, ցերեկը քնելու ու անհոգ լինելու մասին։
Մանկությունն ավարտվում է, երբ «տուն-տունիկ» խաղը դառնում է առօրյա պարտականություն։ Փոքր ժամանակ երկու աթոռներից պարան էինք կապում, տիկնիկի շորերը չորացնում, իսկ հիմա բացում ենք տան պատուհանը ու լվացքը հավաքում։
Մանկությունն ավարտվում է, երբ աղջիկներս ձգտում ենք շպարվել, բարձրակրունկներ հագնել, մազերը ներկել։ Այնքան մեծ է ցանկությունը, որ այդ տարիքին հասնելուն պես արագ վայելում ու նորից ձանձրանում ենք:
Մանկությունն ավարտվում է, երբ խնդիրներն են շատանում, որովհետև փոքր ժամանակ միակ դժվարությունը տիկնիկիդ ուրիշի երեխայի ձեռքում տեսնելն էր կամ ցանկալի խաղալիքը չունենալը։
Մանկությունն ավարտվում է, երբ վերընթերցում ես օրագիրդ ու հասկանում, որ քեզ հուզող հարցերի շրջանակը էապես փոխվել է։
Մանկությունն ավարտվում է, երբ սեր խոստովանելու համարձակությունն է մարում, երբ մանկական ազնվությունն ու միամտությունն է կորչում:
Մանկությունն ավարտվում է, երբ ցրվում են ընկերներդ, որոնց խելքին ընկնելով ինչեր ասես՝ չէիք անում, բակից տուն գալ չէիք ուզում։
Մանկությունը վերջանում է, երբ նոր տերմիններ են ավելանում մեր բառապաշարում․ գունավոր նկարներով Այբբենարանը վերածվում է դասագրքի, հետո հաստափոր գեղարվեստական գրքի, դպրոցական օրագիրը դառնում է ստուգման գրքույկ, դասատուն՝ դասախոս, տնօրենը՝ ռեկտոր, ստուգողականը՝ քննություն։ Հետո հասնում ես աշխատավայր, ու ընկերները դառնում են գործընկերներ, դասամիջոցը՝ ընդմիջում, դեկանը՝ ղեկավար։
Մանկությունն ավարտվում է, երբ հեքիաթային երազանքներդ փոխվում են լուրջ նպատակների, դրանք իրականացնելու ժամանակն է գալիս, ու ռիսկի դիմելու ցանկությունն է մեծանում։
Մանկությունն ավարտվում է, երբ ավելանում է մեր ձեռքի գումարի չափը, երբ դպրոցում 150 դրամով բուլկի գնելն ու 50 դրամը խնայելը մնում է անցյալում: Երբ արդեն ծնողներիդ ծննդյան օրվա առթիվ բացիկ գրելու փոխարեն գումար ես նվիրում, իսկ փողերդ գանձանակի միջից անցնում են բանկային քարտի վրա․․․
Բայց իրականում մանկությունը մեր ներսում հանգած հրաբուխի նման սպասում է դուրս հորդելուն։ Այն նորից քեզ հյուր է գալիս, երբ դու խաղում ես փոքրիկ երեխաների հետ, միացնում ես սիրելի մուլտֆիլմը կամ սկսում ես խոսել տիկնիկիդ հետ։