Բարև, գիտե՞ս, էս անգամ էնպես անսովոր ա: Միշտ նյութ որ գրելուց եմ եղել, չէ ավելի ճիշտ կներես, միշտ չէ, վերջին երկու անգամը, ծառայության ընթացքում, միշտ գրել եմ արձակուրդիս ու չգիտեմ ինչի վերջին օրը, վերջին պահին ու արագ, շտապելով, որպեսզի կիսատ չմնար, բացառությամբ «27. 09. 2020թ., Արցախ» նյութը, որը ոնց հասկացաք, բավականին երկար էր, ու դրա համար այն սկսել էի հենց արձակուրդիս առաջին օրվանից: Այս անգամ արձակուրդ չէ: Հա, ի դեպ, եթե ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր կարդացել են իմ նյութերը կամ տեսել ֆոտոները ու ինձ ճանաչում են՝ ասեմ, որ ես վերադարձել եմ, ավարտել եմ ծառայությունս, ու դու հաճախակի կտեսնես թե նոր նյութեր, թե ֆոտոներ իմ ստորագրությամբ:
Հիմա պատմեմ մի քիչ իմ մասին, թե ոնց է ընթանում կյանքս, ինչ կա: Սկսեմ հոդվածներ գրելուց, որը ոնց որ առաջին անգամ լինի կյանքումս, անծանոթ ստեղնաշար, բայց իրականում այն մեծաքանակ նյութերը, որ նախկինում գրել եմ, գրել եմ նույն ստեղնաշարով ու միտքս հեշտությամբ էի շարադրում, դժվար կապակցվող բաներ չկային, ինչպես հիմա է: Բայց ասեմ, հաճելի է, ոնց որ սկսնակ լինես ու պայքարես ամեն խոսքի հետ, որպեսզի լավագույնս արտահայտես մտքերդ:
Երեկ լրացավ մեկ ամիսը, որ ես արդեն իմ ընտանիքի հետ եմ, իմ տանն եմ, իմ սենյակում: Արդեն մեկ ամիս է, ինչ քնելուց առաջ հեռախոսս հանգիստ դնում եմ լիցքավորման և արթնանում հանգիստ, առանց մտածելու, որ քնած ժամանակ ուրիշը կարող է վերցնել: Գիշերը ֆիլմ եմ նայում, գծագրում հատակագծեր, լոգոներ, մշակում ֆոտոներ և նաև այս պահին այս ուշ ժամին գրում այս նյութը` չմտածելով անգամ, որ քուն հրաման է, ու որևէ սպա չի գա ասի` ինչի՞ քնած չես: Բայց դե առաջին 15 օրը, անկախ իմ քնելու ժամից, վեցն անց տասնհինգ արթնանում էի՝ տեսնում անաղմուկ սենյակ, պատից միացված հեռախոսս, տանն առավոտյան հանգստությունն ու մեկ ուրիշ հաճույքով վայելում այդ երկար սպասված պահը:
Մի քանի օրից կգամ Երևան էլի, ավելի ճիշտ, մշտական կտեղափոխվեմ թե ապրելու, թե մնացած երկու տարին համալսարանը շարունակելու:
Երբ մի քանի օր առաջ Բաղանիսից եկա Երևան, կարծես թե առաջին անգամ էի քաղաքում, բայց գիտեի, որ շենքի հետևում սուպերմարկետն է, որտեղից միշտ գնումներ էի անում տուն գնալուց առաջ: Նույն կերպ համալսարանը: Ես հիմա երրորդ կուրս եմ՝ գնալու եմ դասի ուրիշ համակուրսեցիների հետ: Դեռ չեմ ճանաչում ոչ մեկին, և էլի կարծես առաջին անգամ եմ ուսանող: Իրականում ես երկու տարի սովորել եմ այդտեղ՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում, համալսարան, որը կստիպի էլի քաղաքի անցորդներին շեղել ուշադրությունը դեպի իմ կողմը, իմ ձեռքի գծագրերի ու մեծ գծագրական տախտակի պատճառով, ու արդեն սեպտեմբերյան ոճով, ինչպես միշտ, ծննդյանս օրով, էլի համալսարան սեպտեմբերի 1-ին:
Արդեն քսաներկու տարեկան եմ դառնում, բայց դե վերջին երկու ծննդյանս օրը անմոռանալի էին ինձ համար: Առաջինը մարտավարամասնագիտական դասերին սողեսող ցեխերի մեջ, իսկ երկրորդը` 148 մարտական դիրքում գիշերը, դիրքում կանգնած ժամանակ, տղաների հաճելի անակնկալը. վաֆլիի վրա լցրած սուրճի ու խտացրած կաթի միջոցով ստացված շոկոլադե տորթը:
Լավ ամիս է սեպտեմբերը: Չգիտեմ ինչու, միշտ լավ հիշողություններ են եղել սեպտեմբերի հետ կապված. թե որպես աշնան ամիս, որն իմ սիրած եղանակն է տարվա, թե որպես արձակուրդներից հետո նոր կյանք մտնելու ու սկսելու ամիս, և ինչու չէ, նաև ծննդյանս օրվա պատճառով: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը կստիպի ամեն ամիս այդ օրը լրջանալ, քարանալ, հիշել, փշաքաղվելով հիշել, թե ինչպես առավոտյան սկսեց այդ արյունալի պատերազմը: Փակել աչքերը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ես կամ, և շարունակել ապրել, ոնց որ մնացած մարդիկ, այդ ամենը չմոռանալով, բայց թողնելով անցյալում: Այսքանը, երկար չեմ գրի: Ուղղակի գրել եմ, որ ես եկել եմ, ու մենք հաճախ կհանդիպենք իրար, թե նյութի, թե ֆոտոների տեսքով, ու ևս մեկ անգամ էլ կրկնեմ. ուղղակի ուրախ եմ, որ էլի հնարավորություն ունեմ էստեղ գրելու ու իմ նյութերով Ձեզ հետ շփվելու:
Մինչ նոր հանդիպում: