Այս տարի լրացավ մեր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Ես չէի կարողանա չանդրադառնալ մեծն Թումանյանին: 2019 թվականի փետրվարի 19-ին Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որի հեղինակ և կազմակերպիչն էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը: Միջոցառման մասնակիցների թվում էի նաև ես:
Մենք Թումանյանի հյուրասենյակի պատկերն էինք ստեղծել դպրոցի գրականության դասարանում, իսկ սեղանին դրել էինք ընկույզի մուրաբա և թեյ: Հիշեցնեմ, որ Թումանյանը շա՜տ հյուրասեր անձնավորություն էր: Մենք Թումանյանի կյանքից հետաքրքիր դրվագների մասին խոսեցինք: Մենք զգացինք Թումանյանի ներկայությունը, և պետք է ամեն վայրկյան հիշել Թումանյանին, կարդալ նրա գործերը և կյանքի կարգախոս դարձրած՝ առաջ քայլել դեպի նոր և հզոր հայրենիք:
Հովհաննես Թումանյանի նման մարդիկ են, որ մեզ ոգեշնչել են հայրենասիրությամբ միշտ պատրաստ լինել պայքարի՝ պաշտպանելու մեր հայրենիքը, գիրը, լեզուն: Թումանյանը չի մեռնում, ամեն անգամ՝ գիրքը բացելիս ու կարդալիս, նա կրկին ու կրկին վերածնվում է: Թող շատ թումանյաններ ծնվեն, որ մեր ազգում կրկնապատկվի հոգևոր հարստությունը: