Lilit Andriasyan

Մինչև գրողի ծոցը

Այս քաղաքում, որ մարմինների համակենտրոնացման ճամբար է հիշեցնում, վաղուց մեր սարսափելի հոգիների վրա նստած է գջլահոտը։ Թվում է, թե ինչ-որ հանցանքի համար մեզ բոլորիս հավաքել են այստեղ, որ մեր ամենամեծ պատիժը մեկս մյուսի նողկալի ներկայությունը վայելելը լինի։ Այս քաղաքում մենք դատարկ մարմիններ ենք՝ թանկանոց քռչերի մեջ, որ վարում ենք ինչ-որ արկղանման զիբիլներ ու տեղից տեղ ենք փոխադրում մեր նաֆթալինի հոտ արձակող մարմինները։

Այստեղ մենք նրանցից մեկն ենք, ումից ենթագիտակցորեն խուսափել ենք, բայց դեպի ում մշտապես հակված է եղել մեր գիտակցությունը։ Այն, ինչ համարել ենք խարան, շուտով թակել է մեր ուսը, և մենք բոլորս հոգու խորքում շինծու անդաստիարակ, սրբապիղծ ու պոռնիկ ենք՝ տղամարդ, թե կին, կամ այնքան վախկոտ ու լպրծուն, որ սարսափում է այս ամենը խոստովանել ինքն իրեն։

Մենք մշտապես զբաղված ենք ինքնախաբեությամբ, հայելիների առաջ մեր դեմքերն ենք ծռում, ծամածռում, մեզ տաշում ենք այնքան, որ շները իրենց դեմքը շուռ են տալիս մեզանից։ Մենք փտում ենք այս լագերում։ Այլևս չի փրկում Շառլը, Je suis malade, սիրելիս, Je suis malade…

Հիմա դու կմտածես, թե սա հերթական դատարկաբանություն է, ֆանտաստիկ դեբիլություն, ու չարժե մարդկանց դնել միևնույն տարայի մեջ ու խոսել մի ճաշի մասին, որից դեռևս կուշտ չես կերել, բայց ե՞րբ է հեղինակին հետաքրքրել, թե ինչ կմտածեն իր մտքերի մասին ամբոխները։ Չէ՞ որ մենք գրում ենք մեր զգացմունքները կիսող այն մեկի համար, որ երևի հիմա մրափած է իր փափուկ անկողնում ու ոտքի բթամատով քորում է ոտքը։ Թող հանգիստ քնի խեղճը, իսկ դու մի բաժակ սուրճ դիր, բայց քաղցր, որ սեփական մտքերիդ դառնությունը չզգաս, ու հեղձուկը անցնի։ Ձեռքի հետ էլ կարելի է մտածել, որ բոլոր մարմինները՝ անկախ իրենց չափերից ու ձևից, պիտի զբաղվեն իրենց գործով, ու չարժի, որ հացթուխը ֆանտաստիկ գրքեր գրի, իսկ ֆանտաստիկ գրքեր գրողը բազմի մի աթոռի ու ֆանտաստիկ օրենքներ գրի այս երկրի համար։ Բայց չմոռանանք, որ դա մեր գործը չէ, թքած։ Եթե մի քիչ էլ միտք անենք այս ուղղությամբ, ստիպված պիտի մահացու մեղքերից ևս մեկը գործենք, իսկ դա մեզ բնավ ձեռք չի տալիս։ Առանց այն էլ այս լագերում լույսերը հաճախ են հանգցնում։

Բայց ինչևէ, վերադառնանք այն կետին, որտեղից սկսել ենք։ Գուցե ոչ միայն այս քաղաքը, այլ ողջ տիեզերքը մարմինների համակենտրոնացման ճամբար է, որտեղ մեզ ուղարկել են պատժվելու։ Ես չգիտեմ, թե քանի կյանք հարկավոր կլինի ապրել այստեղից ճողոպրելու կամ ներքին կանոնակարգին հարմարվելու համար, բայց երբեմն զգում եմ, որ իմ մարմինը դրանցից մի քանիսը արդեն ապրել է։ Ու մի տասն էլ գուցե մաշել է այն մեկը, ով արդեն շուռ է եկել մեջքի ու գլուխն է քորում քնի մեջ։ Չգիտեմ, թե ես ինչ պատրվակով եմ հայտնվել այստեղ, ու որն է իմ իմաստը, ու հենց այդ իմաստը գտնելու գաղափարի վրա էլ ձգվում է կյանք կոչված թելը։

Ինչ-որ մի մեռած պահի, քաղաքի բանուկ փողոցներից մեկով քայլելիս, կամ աղբը թափելիս, կամ էլ գլուխս քորելիս հասկացել եմ, որ ես չեմ ուզում մեռնել այս ճամբարում՝ աննպատակ։ Ես ուզում եմ քաշել սրա ատամները, որ ականջի ցավն անցնի։ Բայց ինչպե՞ս:

1

Գուցե ես ստեղծված եմ ոչ այնքան ինչ-որ մեկի կինը, որքան պարզապես կին լինելու համար։ Ինչ մեղքս թաքցնեմ, ինձ դուր է գալիս ցանկալի լինել ու լինել երկաթե։ Ինչ-որ մի պահից ես սկսել եմ ինձ սիրել։ Ես սկսել եմ սիրել ինչպես եմ շարժվում, ինչպես եմ խոսում, ինչպես եմ շուռ տալիս գլուխս, երբ դիպչում եմ ցավին։ Ես սիրում եմ, թե ինչպես եմ խաղաղվում ինքս ինձ հետ։ Ինչ-որ մի պահից սկսած ես սկսել եմ սիրել, թե ինչպես եմ լռում ու ինչպես երբեք չեմ մտնում կռվի մեջ։ Իմ կռիվը մշտապես եղել է ինձ հետ։

Երբեմն ես այնքան նողկալի եմ, այնքան նվնվան ու սաստիկ զազրելի, որ ուզում եմ ինձ դուրս շպրտել իմ կյանքից։ Երբեմն ես անտանելի եմ ու սկսում եմ կախվել բոլորից ու ամեն ինչից, սկսում եմ կառչել ցանկացած հնացած բանից, որովհետև վախենում եմ թռիչք անել ջրափոսերի վրայով։ Ես վախենում եմ բարձրությունից, բայց մշտապես ձգտում եմ բարձրանալ, ու գուցե միայն նրա համար, որ ցույց տամ, թե ինչպես եմ վախենում ու որքան եմ ուզում, որ դու ինձ առնես ափերիդ մեջ։ Ուզածս պահին ես կարող եմ քեզ դուրս շպրտել իմ տնից, կարող եմ պահանջել հեռանալդ, բայց ոչ թե նրա համար, որ ցանկանում եմ չլինելդ, այլ պարզապես ցանկանում եմ, որ ինձ համոզես մնալ։

Ես սաստիկ վախենում եմ կատուներից ու նրանցից բաղկացած երազների մի հսկայական շարք ունեմ, որտեղ նրանք խմբով կամ միայնակ մշտապես, անդադար գալիս են իմ հետևից, ցատկում են դեմքիս, կախվում են փեշերիցս, ու ես այնքան եմ ուզում այդ երազներից վեր թռչել, բայց միայն այն մտքից, որ դու ինձ չես հանգստացնելու քնիս մեջ, ես ուզում եմ որ այդ ճղճիմներն ինձ հոշոտեն։

Երբեմն ես բարձրից եմ նայում բոլորին ու գիտեմ, որ եթե ինձ իմ տեղը ցույց չտաս, մի օր նստելու եմ գլխիդ ու դա անելու այնքան անմեղ, այնքան մանկական դեմքով՝ կարծես հրեշտակ է նստած ուսերիդ, այլ ոչ թե ինձ նման սատանի ցեղ։ Ես հակված եմ իմ ձեռքը համբուրողին ոտքերս մոտեցնել, ես հակված եմ ոչնչացնել այն ամենը, ինչ սիրում եմ։ Ես հասարակ մահականցու եմ՝ նավթալինի կծիկ՝ ինչ անենք, որ սիրում եմ շներին ու չեմ հարվածում նրանց։ Ես ուզում եմ, որ դու միայն ինձ սիրես, կամ էլ մեռնես, կամ էլ ապրես առանց ինձ՝ մեռնելու նման, քո գործն է։

Սա հենց համար մեկ մահացու մեղքն է, ինչի համար ես դուրս չեմ գալիս այս ճամբարից՝ հպարտությունը։ Սա քո իմացած այն հպարտությունը չէ, բարեկամս, որը քեզ պետք է քո ինքնությունը չկորցնելու համար, սա այն է, ինչ մարդուն գլորում է անդունդը։

Եթե ուզում ես դուրս գալ մեր ճամբարից, սպանիր քո մեջ հպարտության սերմերը։ Ես դա արեցի, երբ սկսեցի սիրել։ (Նա ինձ երբեք չէր ասել, որ սիրում է, բայց երբ իմ թիկունքում էր՝ ես դա գիտեի։ Գուցե հենց դրա համար էր, որ սիրում էի իմ աղջկական ամենամաքուր ջիղերով։ Իմ կանացիությունը միայն նրանն էր ու միայն նրա համար էի ես իմ խելացիության բարձունքից իջնում դատարկամտության գիրկը։ Ես այնքան հիմար եմ, երբ նրա հետ եմ և այնպես եմ սիրում դա։ Գուցե այդ հիմարության մեջ ես ավելի գրավիչ եմ։ Նա ինձ երբեք չէր ասել, որ սիրում է, բայց երբ գրկում էր, ես դա գիտեի։ Ես գիտեի, որ հոսում եմ նրա երակների միջով ու քունքերը պայթում են։ Ես գիտեի, որ ինձ պաշտում է, թեև այդ մասին երբեք ոչ մի խոսք չէր ասել, դրա համար էլ պատրաստ էի գնալ մինչև գրողի ծոցը։ Ես հավատաքաղց էի, բայց ուզած պահին կարող էի լինել նրա աթեիստ աստվածուհին։ Ես նրա ծառան ու տերն էի ու սիրո մեջ երկուսս էլ ստրկացած էինք։ Ես պաշտում եմ, երբ մենք երկուսով ենք ու սիրային ոչ մի լպրծուն լիրիկա, ոչ մի զեղում չկա։ Ես պաշտում եմ ինձ, ու դու ինձ հետ ես՝ իմ մաշկի մեջ միաձուլված։ Իմ աղջկական մաքրությունն ու կանացի ֆանտազիաները քոնն են։ Ես քո Հերան եմ ու մենք վաղուց միասին գրավել ենք Օլիմպոսը։ Դու ինձ այդ մասին երբեք չես ասել, բայց ես դա գիտեմ ու դրա համար էլ սիրում ես ինձ)։

2

Տաք աշուն է, ու ոչ թե նրանցից, որ ուզում ես մերկացնել ուսերդ, այլ այն մեկը, որ օդի մեջ կծվահոտ է բերում։ Թանձրացած կարոտի շերտ կա օդի մեջ ու ինձ թվում է, որ ոչ թե արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ են թափվում վրաս, այլ կարոտամանուշակագույն։ Սրանք ամենավտանգավորն են։ Դեռ ոչ մի օդերևութաբան հեռուստացույցով կամ ռադիոյով սրա մասին չի խոսել։ Ափսոս, կարելի էր մի տեղից իմանալ, որ այսօր կարոտամանուշակաագույն ճառագայթներն օդի մեջ շատ են լինելու ու կարոտամագնիսական դաշտը կայուն չէ, կեսօրին չարժե տնից դուրս գալ։ Արդյունքում՝ կարոտահար չէի լինի։ Բայց հոգ չէ։ Դրանից դեռ մարդ չի մեռել (չհաշված մի երկու խենթ սիրահարների):

Երբեմն ես սարսափելի նախանձում եմ երջանիկներին, այո, մտածում եմ, որ կարելի է տիեզերքի բոլոր երջանիկներին հավաքել մի տեղ ու վառել, ու աշխարհը մնա մեզ՝ ապերջանիկներիս, ու այդ ֆոնի վրա գուցե ես այնքան էլ միայնակ չզգամ։

Երբեմն ես ատում եմ բոլոր նրանց, ում նայում են սիրով, ում համար փուչիկներ են բերում։ Սա երկրորդ մահացու մեղքն է, ինչի համար ես մեր ճամբարից դուրս չեմ գալիս։

Եթե ուզում ես այստեղից փրկվել, սպանիր քո մեջ ապրող նախանձի սերմերը ու երջանիկացիր նրանով, ինչ կա ձեռքիդ տակ։ Սեփական միջնամատն անգամ կարող է քեզ երջանկություն բերել, եթե մտքիդ տեղ լինի։ Ես դա արեցի, երբ սկսեցի սիրել։ (Ու հիմա, երբ դու ինձ հետ ես ու մենք մենակ ենք ինչ-որ հեռավոր արվարձաններում ու իմ մատները դիպչում են երակներիդ, ես պաշտում եմ աշխարհի բոլոր երջանիկներին ու երբեք համեմատության մեջ չեմ դնում ինձ ու օտարներին։ Ես վստահ եմ, որ ոչինչ այնպես չի արժեզրկում հարաբերությունները, որքան դրանք հանրայնացնելը, ու ինձ դուր է գալիս քո մասին միայն իմ իմանալն ու աշխարհի աչքից հեռու քեզ ուշագնացության աստիճան սիրահարվելը)։

3

Ես պաշտում եմ արևածագին վրա հասնող քունը։ Քնում եմ ուշագնացության պես, հափշտակված։ Այդպես տարվում են սիրուն սիրածով կամ բույրով կամ արբեցնող մի բանով, որ հոգի է հանում։ Սրանից մի տարի առաջ կարծում էի, թե քունը երջանիկների համար է, իսկ դժբախտները մշտապես ստիպված են դրա ժամերը հաշվել։ Ես այն վայելում եմ՝ սիրած տղամարդու մարմնի պես։

Երբեմն ես քայլող նյարդերի կծիկ եմ, հայհոյում եմ աջուձախ։ Երբեմն աշխարհի ամենաանտանելի ու սոսկալի արարածն եմ, որ կարող է հանդիպել բնության մեջ։ Ես հայհոյում եմ աստված ու մարդ, ծառ ու տերև, ամենը ողջ տիեզերքի մեջ։ Ես հակված եմ իմ անհաջողությունների մեջ մեղադրել բոլորին, բայց երբեք ինձ։ Ցանկացած դժբախտ պատահականություն ես միտված եմ վերագրել ճակատագրին, ու բոլոր լուսավոր անկյունները, որ հայտնվում են իմ կյանքում, ինձ համար սոսկ պատահականություններ են, որ բուսնել են հանկարծակի։

Ես դադարել եմ հավատալ հրաշքների։ Գուցե դա նրանից է, որ ինչ-որ պահի կտրվել են թևերս։ Բայց ո՞ւմ հետ չի արդյոք դա պատահել։ Կա՞ արդյոք բնության մեջ մի կենդանի շունչ, ում թևերը թռիչքի պահին չեն կոտրվում։ Մեր բակի բալենին ծերացել էր։ Նախորդ ձմեռ կտրեցինք, տեղը բետոնապատեցինք ու թողեցինք, որ ամռանը սեղան ու աթոռներ դնենք։ Գարնանը բետոնի տակից մի փոքրիկ, թուլակազմ շիվ տվեց։

Եթե ծառը ուզում է ապրել, դու երբեք չես կարող դադարացնել նրա աճը։ Եթե ծառը մտքին դրել է, որ տերև է տալու, քամիներն ու ցրտերն անզոր են նրա արգանդը սառեցնել։ Տեսե՞լ եք՝ ինչպես են կռանում դալար շիվերը։ Մեզ նման՝ պարզապես առանց հայհոյելու։ Երբևէ տեսե՞լ եք հիասթափված ծառ։ Մենք հակված ենք նման պահերին դառնանալու, հայհոյելու, իսկ ծառերը ուժերը արմատին են գալիս ու գլուխը վեր ցցում։ Դրա համար նրանք ապրում են հարյուր տարի, իսկ մենք՝ մեռնում ենք շուտ։ Ու երբ ես սիրեցի, ազատվեցի այդ մեղքից, որ բարկություն է կոչվում։ (Հիմա, երբ դու ինձ հետ ես ու ես հազար պատճառ ունեմ բարկանելու, անիծելու, ես այդ խոսքերը սահեցնում եմ անհատակ հեռուներս ու փոխարենը շշնջում եմ քեզ, որ սիրում եմ։ Հիմա ես հասկացել եմ, որ դու այնպիսին ես ինչպիսն կաս ու ես չեմ փորձում դաստիարակել քեզ։ Ես սիրում եմ քո բոլոր կորությունները, իմ մատները քո հոգու վրա այնպես սիրուն են նվագում, որ Բեթհովենը արթնանում է քնից)։

4

Այն միակ հասկացողը, ում համար ես գրում եմ այս տողերը՝ զանգվածների աչքից հեռու, հիմա կամաց թարթում է կոպերը ու վախենում է աչքերը բաց անել։ Բարի լույս, սիրելիս։ Ես քեզ համար հազար յոթ հարյուր տասնչորս բառ եմ գրել, իսկ թե ինչու այսքան ուշացած, կասեմ։ Քո ամենասերը սարսափելի ծույլ է։ Եթե իմ մեջ ապրող այդ ախտը չլիներ, ցուցե ես հիմա այլ վայրում լինեի և այլ կերպ։ Ես հակում ունեմ ամեն ինչ իմ գլխից ցրելու ու մսխելու ժամանակ կոչվածը, միայն թե իմ կարծեցյալ հանգիստը ոչինչ չխանգարի։ Իմ մեջ ապրող ծուլությունը արյունիցս շատ է։ Ես ծուլանում եմ ապրել, սիրել, խոսել, գրել, ու դա աշխարհի ամենամեծ մեղքն է։ Գիրը չի կարելի սպանել, երբ նա ցանկանում է լույսաշխարհ գալ։ Գիտե՞ս, թե քանի հազար բառեր եմ վիժել, որ պիտի գրվեին քեզ համար։

Ես սոսկ մարմին եմ՝ աննյութ, անձև, միատար։ Իմ մեջ ապրող հոգին ծուլանում է ծնվել ու դրա համար մեր ճամբարի փշալարերը այնքան գորշ են թվում ու այնքան գլխատիչ։ Ինձ թվում, որ ես այստեղ կմեռնեմ՝ այսպես աննպատակ ու սուտ։

Բայց երբ ես որոշեցի գրել քեզ համար այն բառերը, որ շուրթերս երբեք քեզ ասել չեն կարող, ես սպանեցի ծուլության ծիլերը իմ մեջ ու տեղը քեզ համար նոտաներ շարեցի, որ նվագես ներսումս։ Հիմա, երբ քո սահուն մատները անցնում են հոգուս հորձանների միջով ու քայլերգ են ձոնում ինձ ու քեզ, ես նոր կրքով լցված գրում եմ քեզ համար, որ կարդաս ու փախչենք այստեղից։

Այս տիեզերքում, որ մարմինների համակենտրոնացման ճամբար է հիշեցնում, գջլահոտով փտում էին մեր հոգիները։ Մեր մեջ ապրող հպարտությունն ու ագահությունը, նախանձն ու կատաղությունը, որկրամոլությունն այնքան շատ էր, որ մենք դադարել էինք ճանաչել իրար։ Մեր մարմինները միատար էին, միագույն, միաձև։

Ես նայում եմ օտարներին ու նրանց մեջ գտնում եմ իմ պատկերը։ Գիտես, սիրելիս, վերջերս ոստիականական բաժանմունքում ինչ-որ քննության ժամանակ հանցագործն ինձ այնքան նման էր։ Չեմ հիշում՝ մարդասպան էր, թե գող, բայց իմ աչքերից ուներ։ Մենք նայում էինք իրար ու նրա ցավն ստամոքսս տակնուվրա էր անում։ Ես սոված էի ու զսպում էի ցանկությունս, որ չթռցնեմ սեղանին դրված շոկոլադի սալիկը ու նա հասկանում էր իմ հայացքից, թե ինչպես ինչ-որ բանի կարիք ունեմ ու դա չունեմ, ու ճար չունեմ ուրիշ կերպ գտնելու։ Սիրելիս, ինչու մեր ճամբարում ոչ ոք մյուսի մեջ չի տեսնում իրեն։ Ինչո՞ւ է Մարիան պոռնիկ, իսկ Լուսիկը՝ սուրբ, մի՞թե երկուսն էլ նույն «ծառայությունը չեն մատուցում» իրենց տղամարդուն։ Ուրեմն, ամուսնությունն էլ օրինականացված պոռնկություն է։

Ինչո՞ւ են մեր ճամբարում այսպես կծոտում իրար։

Հիմա, երբ ես ինձ հետ եմ, ես քանդել եմ մեր ճամբարի փշալարերը, ու արևը ավելի շատ է ընկնում ինձ վրա։ Հիմա ես ազատվել եմ այն կեղտից, որ կոչվում է զանգված ու մաքրել եմ հոգիս ամեն տեսակ հիվանդությունից։ Ես փորձում եմ ազատվել աշխարհի կեղտերից, բայց թող ների Աստված, ես ստիպված եմ խախտել մի տեղ մի բան, որ ապրեմ։ Հիմա, երբ ես ինձ հետ եմ, ես դադարել եմ ինձ համար ստեղծել իդեալներ ու հետո նեղանալ, որ այդ մսի կույտի մեջ իմ պատկերացրած հոգին չի մտնում: Մարմինը չի կարող պատռվել, որ տեղավորի այն աշխարհը, որը ես ուզում եմ տեսնել քո մեջ:

Ես մաքրվել եմ իմ հոգին կաշկանդող կեղտից, բայց գիտեմ, որ էս սատանի ծնունդը՝ սև, խոշոր աչքերով ու մազերով ոսկի, մի օր ինձ խաչին է հանելու, բայց դեռ հոգիս է բնից հանում։

Էս սատանի ծնունդը, որ մի օր հայտնվում, տաս օր էլ պարտքով է տալիս, որ փոթորկի պես գալիս, ավազի պես մնում, ջրի պես գնում է, գիտեմ, որ մի օր ինձ սաղ-սաղ թաղելու, վրաս էլ արցունք է ցանելու, բայց ուզում եմ մինչ էդ ափերիս տակ մնա։

Տվածը առնում է, տվածս տանում է, ինձ թողնում է սոված ու անտուն։ Երազս քամում է, հույսերս թաղում է, գրկում է, սարքում է գերին։ Էս սատանի ծնունդը՝ հայացքով, ժպիտով ոսկի, գիտեմ, ինձ մի օր անդունդն է նետելու, բայց էսօր ափերին եմ նետվում։ Թե որ վանք եմ ուզում, սրա դուռն եմ գալիս։ Թե որ դարդ եմ ուզում, սրա մեղքն եմ լալիս։ Տանը երազում եմ սրա գրկի մասին, սրա կապույտ գրկում երազներս քնում, խաղաղվում են…

Մարմինների այս համակենտրոնացման ճամբարը քանդել եմ, որ գաս ու կարդաս տողերս ու փախչենք միասին հեռավոր այն տունդրաները, որ մարդու ոտք չի կպած։

Ես համատարած կապույտ եմ, որ ինձ գցես ուսերիդ ու վրադ չնստեն ճանճեր։ Ես հոգնել եմ հոգին կաշկանդող փշալարերից։ Երջանկությունը նյութի մեջ չէր։ Ամեն ինչ հեշտ է, երբ հավատալու բան ունես։ Միայնակ կինն ամեն ինչ կարող է՝ բացի երջանիկ լինելուց։ Միայնակ տղամարդը ոչինչ չի կարող՝ բացի երջանիկ ձևանալուց։ Այսուհետ ես կձևացնեմ, թե ոչինչ չեմ կարող՝ բացի քեզ երջանիկ դարձնելուց ու մենք կլրացնենք իրար՝ խնձորի երկու կեսերի պես։ Մի թող երկար մնանք ծառին, որ ներսներս ճիճուներ բույն չդնեն։

Արի այս գաղջից փախչենք հեռավոր մեր տունդրան ու ապրենք կենդանիների պես ու դու վախեցիր ինձանից, ու թող քեզ ծաղրեն ցուլերը։ Մի ամաչիր, չէ՞ որ քո կինը առյուծ է, իսկ իրենցը՝ կով։

Ես չեմ ուզում այսուհետ նավթալինի կծիկ լինել, ես չեմ ուզում մեռնել աննպատակ։ Ես չեմ ուզում, որ Մարիան պոռնիկ լինի, իսկ Լուսիկը՝ սուրբ։ Միակ ընթերցողս, որ տրորում է աչքը, հասկանո՞ւմ ես, կինն այդպիսի բան է։ Մի՞թե օրիանականությունն է որոշում՝ ով պիտի լինի քո մարմնի ու հոգու տերը։ Այդպես է հաճախ, ընկերս, երբ մատանին հանում ես կնոջ մատից, ոչ մարմնի տերն ես, ոչ հոգու։

Ձեր տներում շատ ոսկիներ պահեք, որ ծախեք ու առնեք իրար։ Ձեր ամբարներում շատ մետաղադրամներ պահեք, որ առնեք ձեր զավակների խաղաղությունը։ Խաղացեք ձեր դերերը, կանայք, երազեք այլոց մարմինների մասին ու սրբի պես մտեք անկողին։ Կարդացեք աշխարհի խելացի գրքերը, որ աննպատակ ցիտեք նողկալի ցիտատներ աջուձախ։ Ամուր կապվեք ձեր թելերից ու թույլ տվեք, որ իր սահուն մատներով մեկը խաղացնի ձեզ։

Իսկ դու՝ սիրելիս, իմ սատանի ծնունդ, դեն նետիր փշալարերն ու ինձ գրկիր այնպես, որ կատուների մասին երազից արթնանամ ու համբուրեմ մատդ։ Ինձ ոտից գլուխ կապույտ արա։

1800-ականներն էին ու ես մի բակում շուն էի, որ ձագեր ունեի, ու ձագերիս տարան։

1900-ականներն էին, չեմ հիշում, ես կարմիր էի, ու ինձ հագնում էին, ու չէր սազում կանանց, ու քիչ աչք էր ծակում։

Մի տեղ անտուն մեկը, մի տեղ հարուստ տիկին, մի տեղ անիծյալ քած էի ու մի տեղ էլ ցնդած թատերագիր ու բոլոր հարյուր կյանքերում ես ապրում էի որոնելով այն մեկին, ով պիտի իմ մարմնից հոգին հանի ու իմ գույնը փոխի, ու իմ դեմքի վրա նկարի նոր հայացք։

Այն միակը, ով հասկանում է ինձ, հիմա սուրճ է դրել ու մի քիչ էլ քաղցր, որ կոկորդին նստած կծվահոտը անցնի։ Ու իր միակ տողագիրը շուռ է գալիս տեղում ու քմծիծաղ տալիս իր պատերի վրա։ Կարելի է նաև այս պատերը քանդել, որ հեշտ լինի մաքուր օդի ներս հորդալը։

Ինչ լավ է, որ դու չես կարդում գրածներս, իմ ամենասեր, ու հիմա քնած ես մի տեղ ու ականջիդ նստած ճանճերին ես քշում, որ հոգիդ չհանեն։ Թող ինձ ների Աստված, բայց մի քանի պատգամ պիտի խախտեմ ու պիտի ստիպեմ, որ միայն ինձ սիրես կամ մեռնես առանց ինձ։

Քեզ հետս դժոխք եմ տանելու, իսկ մինչ այդ գալու եմ հետդ մինչև գրողը ծոցը…

Որտե՞ղ ես, Շառլ, երգիր, սիրելիս, մեր բոհեմը։