Կիլիկիայի հայերը կարողացան պահպանել իրենց ազգային պատկանելությունը դարերի ընթացքում: Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին քշելու այնտեղից հայերին։
Թուրքերը հարձակվեցին և սկսվեց հայերի մի նոր ջարդ, որի ընթացքում միայն Մարաշում զոհվեց 12.000, իսկ Հաճնում՝ 7.000 հայ։ Կիլիկիայի հայերը ներկայումս ցրված են աշխարհով մեկ, իսկ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանը ներկայումս գտնվում է Անթիլիասում, Լիբանան:
Հենց Կիլիկիայից են գաղթել մորս նախնիները: Մայրս՝ Վերժինե Ջրաղացպանյանը, պատմում է, որ իր պապիկի ընտանիքում եղել են չորս երեխա՝ երեք տղա, մեկ աղջիկ, երբ տեղահան են արել և նավերով տեղափոխել:
-Մամ, իսկ դժվար չէ՞ր եղել փոքր երեխաների հետ նավ նստել:
-Բնականաբար դժվար է եղել, երեխաները գրկներին … Նավերով տեղափոխել են մի մասին Սիրիա, մի մասին՝ Ֆրանսիա:
Մայրս պատմեց, որ գաղթի ճանապարհին իր պապի ընտանիքը կորցրել է իրենց մի եղբորը, իսկ մնացածը հայտնվել են Բեյրութում: Այնտեղ են ապրել, մեծացել, այնտեղ ամուսնացել են և ընտանիքներ կազմել…
-Բա պապի՞կդ. մամ…
-Պապիկս ամուսնացել է հույն աղջկա հետ և միասին ունեցել են վեց երեխա: Վերջին տղայի ծննդից հետո՝ դա հայրս է եղել, տատիկս մահացել է: Բեյրութում նրանք ապրել են ծովի ափին, այնուհետև 1947-1948 թվականներին եկել են Հայաստան և բնակություն հաստատել Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում, իսկ երեխաներին օգնել է պահել տատիկիս քույրը: Նա այդ ժամանակ ապրել է Բեյրութում շատ բարեկեցիկ կյանքով, ունեցել է ամեն ինչ բացի երեխայից:
Հետագայում նա ևս տեղափոխվել է Հայաստան, որպեսզի ապրի իր քրոջ փոքր որդու ընտանիքում, բայց երկար կյանք չի ունեցել և մահացել է:
Հետագայում երեխաները ամուսնանալով ունեցել են իրենց ընտանիքները:
-Մա՛մ, իսկ հիմա քանի՞սն են ողջ երեխաներից:
-Մեկ տղա և երկու աղջիկ դեռ ողջ են:
-Մա՛մ, իսկ այս պատմությունը քեզ ո՞վ է պատմել:
-Ինձ էլ իմ մայրն է պատմել, քանի որ այդ վեց երեխաներից մեկը հայրս էր, ով ցավոք, վաղաժամ հեռացավ կյանքից: Հայրիկս պատմում էր նաև, որ ինքը հորեղբոր երեխաներ ունի ԱՄՆ-ում, Բեյրությում՝ միայն մեկի անունն եմ հիշում:
Նրա անունը Արտեմ էր, իսկ ազգանունը՝ Դերմերճյան: Նա դասախոսություններով հաճախ էր գալիս Հայաստան:
Կիլիկիայում և Բեյրութում ապրելու տարիներին նրանք կրել են Դերմերճյան ազգանունը իսկ Հայաստան վերադառնելուց հետո նրանց մի մասի ազգանունը թարգմանվել է և դարձել է Ջրաղացպանյան:
Ցեղասպանության արձագանքներն այսպիսին են մեր գերդաստանում: