Մանկուց սիրել եմ բանակը, զինվորական համազգեստը, երազել եմ ծառայության մասին: Ես տարված էի բանակով, այնքան էի տարվել, որ ընդունվեցի պատանի երկրապահների ակումբ, երդում տվեցի: Սիրում էի բանակը, բանակային կյանքը: Ես վստահ էի, որ ծառայելու եմ և միշտ կծառայեմ, մտածում էի, թե բանակն ինձ համար է ստեղծվել: Բայց այն, ինչի մասին երազում էի մանկուց, օրերից մի օր փշուր-փշուր եղավ: Երազանքս մնաց օդի մեջ, երբ ես հանդիպեցի մի կնոջ: Քույրիկիս հետ գնացել էինք ատամնաբուժարան: Այնտեղ հերթ էր, մարդիկ սպասում էին, սպասելու հետ մեկտեղ՝ զրուցում: Սկսեցին զրուցել բանակից, ապրիլյան պատերազմից: Զրուցակիցների մեջ մի արտասովոր կին կար: Նա այնքան վստահ էր խոսում, պատմում պատերազմի մասին: Որոշեցի հարցնել այդ կնոջը, թե որտեղից գիտի այդ ամենի մասին:
-Կներեք, դուք այդքան ինֆորմացիա որտեղի՞ց ունեք բանակի ու ապրիլյան պատերազմի մասին: Որտեղի՞ց գիտեք, որ զինվորներին զենք-զինամթերքով չէին ապահովում, որ դիրքերում մեկ զինվորը պաշտպանում էր 200 մետր տարածք, որ…
Խոսքս կիսատ թողնելով՝ նա պատասխանեց.
-Արդեն 20 տարի է, ինչ ծառայում եմ: Կյանքիս 20 տարին տվեցի ծառայությանը, ու 20 տարվա մեջ ինչեր ասես, որ չեմ տեսել:
-20 տարի՞,- զարմացած հարցրի ես:
-Այո, 20 տարի ծառայել եմ:
-Իսկ որտե՞ղ եք ծառայել:
-Քելբաջարում: Կյանքիս 20 տարիներն անցկացրել եմ այնտեղ:
-Կամավո՞ր եք:
-Հա, աղջիկ ջան, կամավոր եմ: Կամավոր գնացի, բայց ոչ հայրենասիրությունից դրդված կամ հայրենիքիս համար:
-Իսկ ինչի՞ համար եք գնացել, եթե ոչ հայրենիքի:
-Գնացի, որ կարողանամ ընտանիքս ու 3 որդիներիս պահեմ: Ամուսինս էլ մահացավ թշնամու գնդակից, ու երեխաներիս խնամքը մնաց ինձ վրա, ես պետք է աշխատեի, որ կարողանայի պահել նրանց, ուրիշ ելք չունեի: Բայց փոշմանել եմ, որ կյանքս անցկացրել եմ բանակում: Հիմա կասես՝ ինչու: Որովհետև բանակն էլ առաջվանը չէ, առաջվանը չէ նաև կառավարությունը:
-Առաջվանը չէ՞, ի՞նչ եք ուզում դրանով ասել:
-Հիմա չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունեմ, կասեմ, որ ուղղակի ափսոսում եմ: Բանակում տեսել եմ ամեն ինչ ու դրա համար էլ այնպես արեցի, որ որդիներս չծառայեն: Ապրիլյան պատերազմից ես շատ բան եմ տեսել, ապրիլյան պատերազմը ինչ էր, որ: Այդ պատերազմին զինվորներին մեկ ավտոմատ էին տալիս, այն էլ՝ ժանգոտված, ու ասում էին՝ սահման պահեք: Ինչ-որ գրավել ենք, այդ ամենը մեզնից մի օր կխլեն հաստատ: Որ այսպես շարունակվի, էլի պատերազմ կլինի:
Այս խոսքի վրա բոլորը միանգամից լռեցին ու ընկան մտածմունքների մեջ:
Բանակը, ծառայելը, զիվորական համազգեստ կրելը երազանք կմնան: Այդ կնոջ խոսքերից հետո էլ չեմ ուզում ծառայել, բանակ գնալ, էլ մարդկանց չեմ ասելու, որ երկրապահ եմ, կոչում ունեմ: Ամեն բան փոփոխական է: