hayk sargsyan

Մշակութային շոկի զոհերը

-Սամ, արդեն որոշել ես, թե ի՞նչ ես հագնելու:

-Հա, ոնց որ մտածում էի` Ջոկերի դիմակս կդնեմ:

-Իսկ ես չեմ կողմնորոշվում: Կամ կմախքի կերպար կընդունեմ կամ էլ Ջոկերի: էն էլ, որ ասում ես` Ջոկերը դու ես, ես երևի կլինեմ կմախք:

-Իսկ ես կլինեմ «մանյակ»,- սերիական մարդասպաններին բնորոշ ժպիտով մեջ մտավ Դավիթը:

-Բայց զգույշ, չափից շատ նման չլինես,- ծիծաղեցինք բոլորս:

-Որոշել ես, չէ՞, թե ում տներն  ենք մտնելու,-հարցրեց Սամվելը:

-Հա, Լիլիթի հետ պայմանավորվել եմ, իրանք լիքը լավ կոնֆետներ են գնելու,- մեծ ախորժակով պատասխանեցի ես:

-Իսկ դդո՞ւմ:

-Արմեն, մենք Ավշարում ենք ապրում, ի՞նչ դդում:

Հնչեց զանգը այդ օրը վերջին անգամ, ու բոլորս գնացինք տուն` պատրաստվելու:

Արդեն ժամը 6-ն էր, պայմանավորվածությանը համաձայն, պետք է հանդիպեինք գյուղամիջում: Ոչ ոք չէր ուշացել: Փողոցով քայլում էին մի քանի գժուկներ, որոնք նշում էին կելտական յուրօրինակ ու սարսափազդու այս տոնը: Մարդիկ մեզ նայում էին ինչպես Արմաշի հոգեբուժարանի հիվանդների, որոնք փախել էին Ավշար, որպեսզի վեհաժողով գումարեին:

-Ուրա՜խ Հելլոուին…

-Վա՜յ, էրեխեք, լեղաճաք եղա,- պատասխանեց մեր առաջին հյուրընկալը:

Սա այդ օրվա ամենատարածված ռեակցիաների Թոփ 10-ում 1-ին տեղն էր զբաղեցնում: Նրանց հաջորդում էր «Ինչ հավես ա՜, էրեխեք», «Սա սատանիստական տոն ա, այ անամոթներ, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը…» արտահայտությունները: Բայց դե մեզ ոչինչ չէր կոտրում, քանի որ մեզ միավորում էր մի մեծ տոպրակ քաղցրավենիք ու հույս, որ շուտով ուտելու ենք այդ քաղցրավենիքը:

Արդեն 8-ի կողմերն էր: Մեր բարեկամների և դասարանցիների տներն այցելելուց հետո, միտք ծագեց այցելել նաև անծանոթ մարդկանց տներ, սակայն այդ ժամանակ ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ինչի կհանգեցնի մեր այդ  միտքը:

-Եկեք դե այս տունն էլ մտնենք,- չեմ հիշում ով առաջարկեց` մատնացույց անելով այդ չարաբաստիկ տունը:

-Եկե՛ք,- համաձայնվեցինք բոլորս:

-ՈՒՐԱԽ ՀԵԼՈՈՒԻՆ…

-Աաաաա՜աաաա…,- մեզ տեսնելուց հետո մի աղջնակ ճչաց ու լացելով վազեց դեպի ծնողները` բացականչելով. «Պապ, պաա՜պ, գողերը…»

Լսելով նրա ճիչը, դժվար չէր կռահել, որ նա մեզ դրել էր գողի տեղ, ինչը մեզ համար շատ անսպասելի էր, որն էլ հանգեցրեց նրան, որ բոլորս փախանք այդ տնից:

Փախուստի ընթացքում մեր բոլոր կոնֆետները թափվեցին, մեր թանկարժեք շոկոլադե (և ոչ միայն) կոնֆետները, որոնք մենք հավաքել էինք կյանքի գնով, բայց ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե ես պատահաբար չշրջվեի ու չտեսնեի, որ մեզ հետապնդում են այդ աղջնակի հայրիկը և պապիկը: Նրանք վազում էին վագրերի նման, որոնք հետապնդում էին իրենց որսը: Նրանց հայացքում կար ատելություն, դաժանություն ու որսին ինչքան հնարավոր է շուտ հասնելու մոլուցք: Բայց ես էլ հո եղնիկ չե՞մ, որպեսզի նրանք ինձ որսան: Ես քաղաքակիրթ անհատ եմ, որը չէր ուզում փախներ:

«Հոպ, բայց ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ վազում եմ ինչպես «Ֆերրարի»,- մտածեցի ես, ոտքս հանեգի գազի ոտնակից:

-Մենք գողեր չենք…

-Այ, հիմարներ, էդ ո՞ւմ տուն եք մտել,-բղավելով հարձակվեց վրաս տղամարդը:

-Մի խփեք, էսօր հելլոուինն ա, մենք գողեր չենք… ,-բայց միևնույն է, նա շարունակում էր ինձ քյուֆթայի մսի տեղ դնել:

-Ի՞նչ հելլոուին, դուք գողեր եք:

-Չէ, էսօր…

-Թե՞ մտածում եք` կարաք իմ տուն մտնեք: Լավ կայնի, ո՞ւր փախան քո հանցակիցները,- այս ասելով նա բաց թողեց ինձ ու վազեց մյուսների հետևից:

Սա դեռ քիչ չէր, նրանց հաջորդեց տան պապը, ով «ծանր թաթ» էր, ում թաթի ծանրությունը անձամբ ես զգացի իմ մարմնի վրա:

-Տո, այ հիմարներ, գոնե գիտե՞ք ում տունն եք մտել:

-Մենք գողեր չենք…

Ինչպես տեսնում եք, կանգնելը ու քաղաքակիրթ մարդկանց պես խոսելը նրանց համար չէր: Նրանք ուղղակի բռնության մեծ ալիք էին բարձրացրել անչափահաս երեխաների վրա: Ու այս ամենի հետ մեկտեղ, մենք լսեցինք ոստիկանական մեքենաների շչակների ձայնը: Նրանք ոստիկանություն էին կանչել…

…Չեմ ուզում հիշել այս մղձավանջը: Այո, դա իրոք մղձավանջ էր մի խումբ երեխաների համար, որոնք ուղղակի ցանկանում էին նշել Հելլոուին  տոնը և ընկերներով ուրախանալ: Սակայն իմ ուղեղում մի քանի բան չի տեղավորվում: Ո՞ր մի գողը կգար և դուռը կթակեր բացականչելով` «Ուրախ Հելլոուին», ո՞ր մի գողը ներկված կլիներ ասես մանկական թատերական ներկայացումից փախած դերասան, և ո՞ր մի գողը զենքի տեղը կօգտագործեր մի տոպրակ կոնֆետ…

Հա, քիչ էր մնում մոռանայի` բոլորին բարություն և ցտեսություն: