tigran davtyan

Մտորում

Լռություն… Թվացյալ դատարկությամբ քողարկված ազդու խոսքեր ու երբեմնի ճիչ։ Ազդու խոսքեր, որ երբևէ չեն կարող կեղծվել: Ազդու խոսքեր, որ ամեն մեկն ունակ չէ լսել և հասկանալ, բայց գուցե և ստացվի ինքնակրթությամբ ու միևնույն ժամանակ սեփական ուժերի հանդեպ հավատով։ Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ փորձը փորձանք չէ, և Աստված մեզ ընձեռում է երկրորդ հնարավորություն ևս։ Մի դուռ փակվելիս մյուսը բացվում է, ուղղակի պետք է կարողանալ բացասական էմոցիաները մի կողմ դնել, նկատել և խելացիորեն օգտագործելով պահը։ Պետք է թողնել, որ այդ դուռը բացվի։ Եվ վերջիվերջո կյանքը զերծ չէ նաև հրաշքներից։ Ազդու խոսքերը նաև անցանկալի են լինում մեզ համար լսել մեկ ուրիշից։ Եվ կա կյանքի մութ ուղու ծալքերում թաքնված համընդհանուր ճշմարտություն, որը լսելը ցավ է բոլորիս համար։ Ճշմարտություն, որը լսելիս ակամա սկսում է մեր էությունը ապաշխարել։ Սակայն, ինչ արած, բոլորս էլ ունենք սխալներ և ոչ մեկս էլ անթերի չենք, իսկ ո՞րն է այդ ճշմարտությունը։ Ճշմարտությունը բազմապիսի է և բազմաբովանդակ, ինչպես նրանից բխող հետևանքներն ու բացահայտումները։

Ինչ վերաբերում է «երբեմնի ճիչ» ասվածին, դա լինում է այն պահին, երբ արդեն կյանքի բոլոր իրադարձային խաչմերուկները հատում են սահմանը։ Եվ ի՞նչ է լինում այդժամ։ Այդժամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել։

Լռությունը լինում է երկու տեսակ՝ երաժշտական և աղաղակող։ Երաժշտական է այնժամ, երբ հոգումդ ամեն ինչ ներդաշնակ է և լռության հետ չունես որևէ բանավեճ։ Ինքներդ էլ կհամոզվեք, որ օրինակ նշեմ այն երևույթը, երբ միայնակ մնալով լռության հետ՝ սկսում ենք երգել։ Դա մենք չենք երգում, այլ մեր հոգին։ Իսկ աղաղակող լռությունն այն է, երբ քեզ անհրաժեշտ է ուղղակի առանձնանալ ու մեն-մենակ պարզաբանել շատ հարցերի պատասխաններ՝ գտնելով կյանքի կարգախոսը։ Իսկ կարգախոսը մեկը չէ, մի ամբողջ ճշմարտությունների շարան է, որ կարելի է անվերջ թվել, սակայն միայն գտնելուց հետո։ Կարգախոսները բանալիներ են, որոնք օգտագործելով կարող ենք և մեզ, և շատ ուրիշների համար ճիշտ ճանապարհ հարթել՝ բոլորիս համար բացելով նոր դռներ։ Իսկ մյուս իրավիճակում ուղղակի փորձել հույզերից շնչահեղձ ելնելով ստեղծագործել և դուրս հանել լռության ձայնը։ Փորձել լսել լռության ձայնը, դա արդեն իսկ բանավեճ է լռության հետ։ Իսկ ո՞րն է լռության ձայնը, արդեն իսկ պարզ է…

Լռությունը մեղեդի է, լռությունը կյանք է և կյանքի կարգախոսն ու լռության ձայնը հենց իր` լռության մեջ է։ Պարզապես պետք է մենանալ և փորձել այն գտնել։ Գիտես, գուցե և ստացվի, գուցե և ոչ, քանի որ քեզ անհրաժեշտ չափով չես ընդգրկել նրանում, կամ էլ կյանքի անհրաժեշտ ճանապարհը միգուցե դեռ չես անցել ևս մի բանալի բացահայտելու համար, իսկ ո՞վ գիտե, գուցե պարզապես Աստծո կողմից մեզ տրված շնորհն է անհրաժեշտ դրան հասնելու համար։ Բայց այնուհանդերձ, որոշ բաներ սեփական փորձից հաստատ կարող ես քաղել։

Լռությունը խորհրդավոր էություն է, որին բացահայտել ոչ միշտ է հնարավոր և գուցե նրա դժվարությունը կայանում է հենց իր խորհրդավորությա՞ն մեջ։ Բայց նախքան դա պետք է հասկանալ, թե ինչ է այն։

Լռությունը ինչ-որ տեղ նաև մենություն է, իսկ մենությունը՝ ինքնին լռություն։ Մենության մեջ կա այն ամենը, ինչ կա լռության մեջ։

Բոլորիս շատ հայտնի մի արտահայ֊տություն կա, ըստ որի «լռությունը համաձայնության նշան է»։ Համամիտ եմ որոշ չափով, բայց լիովին համաձայնելու համար կավելացնեի մի բան ևս. «Լռությունը համաձայնության նշան է, բայց շատ անգամ նաև կասկածի կամ անորոշության»։ Լռության գինը շա՜տ թանկ է, գուցե և անգին։ Այն շատ դժվար հասանելի երևույթ է իր էությամբ, սակայն այն քիչ թե շատ կարող ենք համարել նվաճված, եթե բացահայտենք դրա խորհրդավոր էության գաղտնիքը։ Իսկ ով գիտե՝ ո՞րն է լռության խորհրդավոր գաղտնիքը։