Առավոտյան սառը օդը շնչելով՝ արթնանում ենք ու «սրթսրթալով» գնում դպրոց: Մտնում ենք դասարան ու բարևը կորցրած՝ սկսում ենք.
-Երեխե՛ք, էս ի՜նչ ցուրտ ա:
-Երեխե՛ք, մեռա՜:
-Արդեն ձմեռ ա, «մառոզները սկսվեցին»:
Ու էսպես սպասում ենք զանգին: Զանգը դեռ չի հնչել, ուսուցչուհին մտնում է ներս.
-Վա՜յ, երեխե՛ք ջան, էս ինչ ցուրտ է, բայց ձեզ տեսա, տաքացա, շատ լուսավոր դասարան ունենք:
-Մենք ենք դասարանը լուսավորողները, ոչ թե ձմռան «սառը» արևը կամ անսարք մարտկոցները:
Ու մի պահ մտածում ենք՝ ինչո՞ւ ենք մրսում՝ ցո՞ւրտ է, թե՞ դաս չենք սովորել: Շատերիս համար՝ երկուսը մեկում, կամ էլ երկրորդը: Փորձում ենք դասը շեղել, խոսել ավելի արդի թեմաներից: Օրինակ՝ ի՞նչ եք մտածում կառավարության տարկետման վերաբերյալ որոշման մասին: Բայց ապարդյուն, չի ստացվում:
-Ո՛չ, երեխանե՛ր, մեր Վարուժանը կնեղանա, որ մենք շեղվենք,- ասաց ուսուցչուհին ու անցանք դասին:
Երրորդ-չորրորդ ժամին արդեն ազատվում ենք ձմռան տաք վերարկուներից և մեզ «տալիս ենք արևին»:
Շշուկներ… ԳԹԿ-ն դպրոցում է: Նորից սկսում ենք մրսել:
-Հաստատ ա, երեխե՛ք:
-Ո՞նց ենք գրելու:
-Լավ, մի մտածեք, կօգնենք էլի իրար:
Ուրախության ու տխրության ճիչեր: Մեկ ուրախանում ենք, որ դաս չենք անելու, մեկ տխրում՝ «Ախր, դաս էի սովորել», կամ էլ երրորդ տարբերակը՝ «Մեկ ա՝ տասը րոպեում գրելու եմ, դուրս գամ, դուք մտածեք»:
Օրը սկսվում և ավարտվում է նույն ձևով՝ մրսելով գալիս ենք, մրսելով գնում: Միակ ուրախալի փաստը վերջին ժամին զանգի ձայնն է:
Տանն ենք…