Ուխ, արդեն գարուն է: Իմ գյուղ Ներքին Կարմիրաղբյուրում եռուզեռ է: Էսկողմ-էնկողմ քայլող մարդիկ բահը, փոցխը ձեռքներին գնում են այգիները մաքրելու, որպեսզի հետո վարեն-ցանեն: Այնքան հետաքրքիր է գյուղը, ոնց որ վերակենդանացած լինի:
«Բայց էն ժամանակվա եռուզեռը չկա»,- պատմում է հայրիկս: Նաև ավելացնում, որ սովետի ժամանակ գյուղում ոչ մի կտոր հող անմշակ չէր մնում, բոլորը մշակում էին: Ու իրենք՝ դպրոցի բարձր դասարանի երեխաները, գնում էին դպրոցի հողը մշակելու: Էն ժամանակ դպրոցը հողեր ուներ, աշակերտներն էին մշակում:
Բայց հիմա, հիմա գյուղում անմշակ հողերն ավելի շատ են, քան էն հողերը, որ մենք ենք մշակում: Չէ, ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ընդհակառակը: Մեր հողերի մեծ մասը թշնամու կրակի տակ է, ու գյուղացիները չեն կարող դրանք մշակել: Բազմիցս եղել են դեպքեր, որ գյուղացիներն իրենց այգիներում վիրավորվել են թշնամու գնդակից:
Բայց վերադառնամ ավելի ուրախ թեմաների: Մի քանի օր առաջ տեսա հայրիկս բահը, փոցխը ու էլի ուրիշ գործիքներ հանել պատրաստել էր, որ արդեն մենք էլ սկսենք գարնանային աշխատանքները: Այնպես որ, մենք էլ ենք գարնանային տրամադրության մեջ:
Քայլում եմ գյուղի փողոցներով. շխկոց, թխկոց, բահերի դրոփյուն, հեռվում աշխատող տրակտորներ, դրանց միախառնվող համահունչ երաժշտությունը տարածվել էր ամբողջ գյուղով` ստեղծելով հաճելի տրամադրություն: Կարծես` ոչ հեռվում գտնվող թշնամուն ուզում ենք հասկացնել տանք, որ մենք այստեղ ենք, մնալու ենք ապրելու, արարելու, ու իրենք թող մտքներովն անգամ չանցկացնեն ոտք դնել մեր հողին:
Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս եղանակին մարդկանց հոգիները թևեր են առնում՝ պարում, երգում, ու իսկապես գարունը նոր տրամադրություն է բերում: