milena khachikyan

Նրան, ում կորցրել ենք

Ես քայլում եմ Հանրապետության հրապարակով ու նայում երկինք: Մտքումս Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած տողերն են. «Արդյո՞ք անձրևը հայրենիք ունի, և մի՞թե ինձ վրա քո ամպացած արցունքները չեն թափվոմ»: Մտածում եմ՝ իսկ կարո՞տը: Կարոտը հայրենիք ունի՞: Ես չգիտեմ, բայց թե հարցնելու լինեին, կասեի՝ ունի. նա է, ում մենք կորցրել ենք:

Հրապարակի երկինքը ամպամած է, գուցե անձրեւ գա, թեպետ չեն կանխատեսել: Բայց դա ի՞նչ էական է, չէ՞ որ կյանքն իրականում այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մինչ մենք մտածում ենք, անվերջ մտածում…

Բայց այսօր առանց մտածելու քայլերս ինձ բերեցին այստեղ՝ հիշեցնելու վերջին ժամանակների երեկոները՝ նույն այս երկնքի տակ, բազմամարդ, աղմկոտ… Ժամանակներ, երբ ներսումս ծնվեց ու մեռավ հազար ու մի վախ…

Ապրիլի 20-ն էր, ինձ համար՝ շարժման վեցերորդ օրը: Ներսումս լռեցնելով իմ ինտրովերտ ու դեմոֆոբ մասին՝ դուրս էի եկել փողոց՝ շարունակելու կռիվը նրանց, ովքեր պայքարում էին արդեն տարիներ կամ տարիներ է՝ ֆիզիկապես էլ չէին պայքարում:

Ապրիլի 20-ը փաստորեն ապակենտրոնացման սկիզբն էր, նաև սկիզբն էր շատ ու շատ բաների…

Մի քանի ընկերներով հանդիպեցինք Երիտասարդական մետրոյի տարածքում, բայց չգտանք ոչ ոքի, ում հետ կարող էինք փողոց փակել: Իհարկե, մենք հետո պիտի հասկանայինք, որ այդքանով էլ կարող էինք, իսկ ավելի ուշ՝ նաև համոզվեինք, որ մեզնից յուրաքանչյուրն անգամ մենակ էր կարող: Բայց այդ՝ հետո:

Սկսեցինք քայլել դեպի Մաշտոց՝ հանդիպելու այնտեղ հավաքվածներին: Քայլել՝ կասկածանքով նայելով մեզ անսպասելի միացած մարդկանց, ովքեր գուցե ոչ էլ կասկածելի էին: Պարզապես օդում դեռ ինչ-որ վախ կար, և կար զգացողություն, որ ուր որ է՝ ինչ-որ բան լինելու է:

Եվ այդ ինչ-որ բանը չուշացավ:

Մյուսներին միանալ մենք չհասցրինք, որովհետև Մաշտոցի պուրակ հասնելուն պես հայտնվեցին անհավանական թվով ոստիկաններ, ու սկսվեց այդ օրերի հայտնի բռնոցին. ցուցարարներից շատերը փախան, շատերը բռնվեցին, իսկ ես….

Ես մնացի կանգնած պուրակի կենտրոնում, մենակ, առանց ինչ-որ մեկի: Մի լավ աղջիկ կասեր՝ ամենից հետո միայն ես մնացի ինձ: Եվ իսկապես, ընկերներիս հաջողվեց փախչել, իսկ ես, որ ֆոտոխցիկով էի, մնացի կանգնած նույն տեղում, ու իմ կողքով վազեցին անցան ցուցարարներ, ոստիկաններ… Հիմա՝ այսքան օրեր անց, ինձ երբեմն թվում է, թե ես դեռ կանգնած եմ այնտեղ նույնքան զարմացած, անհաղորդ, կանգնած եմ մենակ, ինքս ինձ հետ, ու իմ կողքով վազում անցնում են ընկերներս, օրերը…

Մի քանի լուսանկար անելուց հետո նկատեցի թերթի մոտակա կրպակը ու շտապեցի այնտեղ: Կրպակի աշխատողը, որ նիհար, ակնոցավոր կին էր, միանգամից նկատեց անհանգիստ տեսքս ու ինձ ներս մտցրեց.

-Արի-արի՛, ֆոտոխցիկդ էլ պահիր, թե չէ քեզ էլ կտանեն:

Ես մնացի նրա մոտ ողջ ընթացքում ու դողացող մատներով գրեցի կատարվածի մասին: Նա էլ պակաս անհանգիստ չէր երևում, ու որքանով ես հասկացա, ինչ-որ մեկը նրա մտերիմներից ցույցի էր ուրիշ մի տեղ: Իհարկե, կարելի էր հետաքրքրվել, թե ով, որտեղ, բայց այդ պահին ես ավելի շատ ընկերներիս մասին էի մտածում, իսկ նա խոսում էր մեզ մոտեցած մի ծանոթ կնոջ հետ, ով շարունակ կրկնում էր.

-Տեսա՞ր, տեսա՞ր՝ վայրենիներն ինչ արեցին…

Երբ ամեն ինչ խաղաղվեց, ես շնորհակալություն հայտնեցի ու հեռացա՝ միանալու մյուսներին՝ ճանապարհին թարս-թարս նայելով ինձ հանդիպած բոլոր ոստիկաններին, իբր նրանք էլ պիտի զգային ու նեղսրտեին:

Չնայած, ո՞վ գիտե:

***

Հրապարակն ավարտվում է, իսկ մտքերս շարունակում են լողալ օրերի ու մարդկանց միջով՝ ի վերջո կանգնելով կրպակի այդ հոգատար կնոջ պատկերի առաջ…

Օրեր առաջ մենք հանդիպեցինք: Դա մեր երկրորդ հանդիպումն էր: Ես իհարկե, էլի էի անցել այդ հատվածով ու կարող էի մոտեցած լինել՝ նրան տեսնելու: Բայց չէի մոտեցել: Չգիտեմ՝ ինչու: Մի անգամ նույնիսկ նկատել էի, որ կրպակը փակ է, բայց ժպիտով էի անցել դրա կողքով ու չէի անհանգստացել: Այնինչ անհանգստանալ պետք էր:

Ուրախ ժպիտով մոտեցա կնոջն ու հարցրի.

-Ինձ հիշո՞ւմ եք:

Կարելի էր ուրիշ սկիզբ մտածել, դժվար թե հիշեր: Պատմեցի, հիշեց, ու ամեն ինչ տեղն ընկավ.

-Հետս դժբախտ դեպք էր պատահել, գլուխս խառն է, կներես…

Ես չգիտեմ՝ ինչպես կարողացա հարցնել նրան, թե ինչ էր պատահել, ու ինչպես շարունակեցի նայել աչքերին, երբ ասաց.

-Տղաս օրեր առաջ մահացավ. հիվանդ էր:

***

Հարցնում եք՝ արդյո՞ք կարոտը հայրենիք ունի: Ունի. այդ հայրենիքը նա է, ում մենք կորցրել ենք: