Յուրահատուկ բառը այնքան ծեծված է դարձել, սենտիմենտալ ու շատ օգտագործվող, որ անգամ ինքս էլ օգտագործել չեմ ուզում, բայց չգիտեմ` որ բառով փոխարինեմ այն. միգուցե առանձնահատուկ կամ յուրատեսակ, յուրակերպ, ինքնահատուկ, ներհատուկ: Ինձ թվում է այս բառերը ընդհանրապես համապատասխան չեն, ու կարելի է ուղղակի փոխարինել տարբերվողով: Ցնցող է, մի սենտիմենտալ բառը փոխեցի մյուսով, բայց դրանում էլ հենց կայանում է իմ բնավորությունը. միշտ հակառակվում եմ, գրողը տանի: Բառերին, եղանակին, մարդկանց ու ամեն ամենին: Հակառակվող ու ըմբոստ բնավորություն ունենալը ուժեղ մարդու հատկանիշներ են, իսկ ես ինձ ոչ շատ վաղուց, բայց ուժեղ եմ համարում, բայց ինչ գնով հասա սովորական թվացող այդ ածականին, ուղղակի աննկարագրելի դաժան էր: Իսկ ինչպե՞ս դա կատարվեց:
Վերջերս հայելու մեջ նայելիս տարօրինակ բան զգացի: Այսքան տարվա մեջ այդպիսի դեպք չէր եղել: Ես ինքս ինձ այլևս մեղադրողի հայացքով չէի նայում, այլ հայացքիս մեջ հպարտություն էի զգում: Ինչ տարօրինակ ու անսովոր էր, բայց դա միակ տարօրինակ դեպքը չէր, որ այդ օրը կատարվեց: Փետրվարի 9-ին, ինչպես սովորական օր, գնում էի դասի: 09:00 մետրո ու բազմաթիվ աշխատանքի ու համալսարան շտապող մարդիկ: Երևի կարիք չկա նշելու, թե այդ ժամին մետրոյում ինչ է կատարվում: Մետրոն եկավ, նստեցի, ականջակալներս դրեցի ու վայելում էի սիրածս երգերը: Եկավ իջնելու ժամանակը, ու ականջակալներս հանեցի, որ խնդրեմ` ճանապարհ տալ, ու ի՞նչ լսեցի: Երկու աղջիկ բարձրաձայն ինձնից էին խոսում, ու մեկը մյուսին շփոթված կամ փոքր ինչ նեղված ասում էր. «Երանի այն աղջկան, որ թքած ունի մարդկանց կարծիքների, մտածելակերպի, հայացքների վրա»: Անկեղծ ասած, սկզբից չհասկացա, որ խոսքը իմ մասին է, իսկ երբ հասկացա, միանգամից ընկա մտքերի գիրկը: Կանգնած նայում էի հայելու մեջ ու գիտակցում, որ ոչնչի հեշտ չեմ հասել ու առաջին հերթին սեփական եսիս համակերպվելն ու ընդունելը չափազանց շատ ժամանակ, ավելի կոնկրետ, տարիներ ու բացասական էմոցիաներ պահանջեց, իսկ կորուստների մասին փոքր հետո կանրադառնամ: Վիճել եմ ինքս ինձ հետ, մեղադրել բոլորին նման չլինելու մեջ: Նայել եմ հայելու մեջ ու ինքս ինձ ասել. Մի արա, մի տարբերվիր, ուղղակի նմանվիր նրանց ու կորցրու սեփական եսդ, կարևորը հանգիստ կլինես բոլորի նման, բայց չէ, չստացվեց: Ես մնացի անդավաճան սեփական եսիս ու հասկացա, որ առաջին հերթին պետք է ինքս ինձ ընդունեմ, հետո նոր արդեն մարդիկ: Ու ես վերջապես ընդունեցի իմ յուրահատուկ լինելը: Հա, մոռացել էի ասել, որ կորուստների մասին պետք է խոսեմ, հիմա մի փոքր էլ փորձեմ խոսել կարևորի մասին: Չէ, ավելի ճիշտ, ինչը ժամանակին կարևոր էի համարում կամ ում կարևոր էի համարում: Ինքս ինձ չընդունելու հիմնական պատճառը կյանքիս մեծագույն սերն է եղել, որովհետև նա անգամ ինձ այդքան սիրելով չընդունեց ինձ այնպես, ինչպես կամ: Փաստորեն յուրահատուկ լինելը ոչ ոք չի հանդուրժում, ու բացառություններ չկան ու դժվար էլ լինեն: Այնքան ցավոտ է գիտակցել, որ դու երբեք նրանից չլսեցիր այս խոսքերը: Դու յուրահատուկ ստեղծագործություն ես: Գիտե՞ս, հենց հիմա նստած նայում եմ արտացոլանքիս ու չեմ հասկանում, թե ինձ հետ ինչը այն չէ: Նայում եմ. մազերս շեկ են, բայց հարյուրավոր մարդիկ ունեն շեկ մազեր, նայում եմ աչքերիս, որոնք սովորական շագանակագույն գույն ունեն, նայում եմ դիմագծերիս, որոնք ոչ նուրբ են, ոչ կոպիտ, ոչ հայի են, ոչ այլազգի, շուրթերիս եմ նայում, ոչ բարակ են, ոչ հաստ ու հասկանում եմ, որ սովորական մարդու արտաքին է, բայց այդ դեպքում ինչո՞ւ երջանիկ չեմ: Հասկանում եմ, որ բոլոր հնարավորությունները ունեմ երջանիկ լինելու համար: Խելք, ունակություն, բնավորություն, արտաքին, հաջողություն, բայց մոռանում եմ, որ ցանկություն չունեմ: Ես վերջապես այսօր գիտակցեցի, թե ինչու եմ անքեզ, որովհետև ես այն չեմ եղել, ինչ դու ես ուզել: Դու հանգիստ ու խաղաղ մեկին էիր ուզում, իսկ ես լրիվ հակառակը, քայլող խառնաշփոթ էի կամ այլայլված քամի, գիժ մրրիկ: Դու համեստ մեկին էիր ուզում, ով կկախեր գլուխը քո հայացքից, իսկ ես, հերիք չէ` համեստ չէի, այլ հայացքիցդ գլուխս երբեք չէի կախում, այլ համառորեն ուղիղ աչքերիդ մեջ էի նայում: Չէ որ ես երբեք գլուխ չեմ կախում, ես հպարտ եմ, չափից դուրս հպարտ: Դու ենթարկվող մեկին էիր ուզում, իսկ ես երբեք ոչ ոքի չեմ ենթարկվել ու չեմ էլ պատրաստվում: Ափսոս, այդպես էլ չհասկացար, որ ինձ նման կրակը չեն հանգցնում, այլ հակառակը, բենզին են լցնում, որ ավելի բոց տա, ավելի ուժեղ վառվի: Բացի դրանից, ատում եմ սենտիմենտալ մտքերս, բայց մենք տարբեր էինք, գրողը տանի, շատ տարբեր: Դու ուղղակի անիմաստ խոսքեր էիր շարում իրար կողքի, դեռ տառասխալներով գրելդ ու բարբառդ մի կողմ դրած, իսկ ես միշտ գործողություններով եմ աչքի ընկել ու հետևելով ինքս իմ գործողություններին ու քո՝ անգործությանը, հասկացա, որ սերը քայլ է, հասարակ քայլ՝ ամեն օր նույն մարդուն ընտրելը, անկախ նրա մազերի գույնից, խոսելաձևից, թերություններից, հիմարություններից… Դե, ուղղակի խոսողները ու խոստացողները գնալու բնավորություն ունեն, չգիտեմ՝ դա ոնց է պատահում, բայց նրանք միշտ հեռանում են իրենցից թույլերի մոտ, ընկերոջը բողոքելու կամ օգնելու, կայարան, գյուղ, բայց ուր էր որ գնում են ու ինչքան շատ ժամանակ էլ անցնում է, մեկ է, մի օր ետ են գալիս: Իսկ դու չափազանց ուժեղ ես լինում թույլին հետ ընդունելու համար, որովհետև նա քեզ համար հեռացել էր հավերժ ու միշտ, ոչ թե անժամանակ:
Այսքանից հետո մտածում ես, որ չկա ավելի սարսափելի բան, բայց չարաչար սխալվում ես, շարունակում ես փնտրել: Շարունակում ես փնտրել նրան ամենուր ու ամենքի մեջ. ուժեղ թե թույլ, խելացի թե հիմար, ծույլ թե գործունյա, խոսող թե գործող` կապ չունի: Փնտրում ես բոլորի մեջ ընկերոջ, գործընկերոջ, բոլորի, բոլորի մեջ: Բոլորի և ամենի: Եվ երբեք չես գտնում: Գիտես, որ չես գտնելու, բայց փնտրում ես, որովհետև քո սերն է, միակ սերը, պետք է գտնես: Ու մի օր սենյակումդ կամ լսարանում, տաքսու մեջ կամ ընկերական հավաքույթի ժամանակ նստած մտածում ես՝ նրան ավելի մոտեցա՞, թե՞ պարզապես քայքայվեցի նրա մեջ, կամ պարզապես ինձ կորցրի նրա մեջ…