Շունը

-Ախ, Աստված իմ, տեսնես գոնե մի րոպե այս ձայնը կդադարի՞, թե՞  ոչ… Ուֆ,- ասացի ես  դժգոհ դեմքով ու գլուխս մտցրի վերմակի տակ: 

Անցավ մոտավորապես կես ժամ, բայց այդ անտանելի հաչոցը չէր դադարում: Արդեն մի երկու շաբաթ էր, ինչ ես անընդհատ, ամեն գիշեր լսում էի այդ ձայնն  ու չէի կարողանում գոնե մի րոպե աչք կպցնել: Հանկարծ  հասկացա, որ վերմակը ինձ չի «փրկի»,  ու ապավինեցի բարձի  օգնությանը՝  փորձելով սողալով մտնել նրա տակ, բայց  ոչ… Դա էլ չօգնեց: Վերջապես ընդունեցի այն միտքը, որ ես այս գիշեր ևս չեմ քնելու, ինչպես նախորդ և վերջին մի քանի օրերը ու քնատ շարժումներով վեր կացա անկողնուց: Իմ ստեղծած աղմուկից արթնացավ տատս, որ պառկած էր կողքի մահճակալին, ու անհանգստացած տոնով ասաց.

-Հը՞, բալես, ի՞նչ ա էղել, ինչի՞ չես քնում:

-Ուֆ՜, տատի, մի ասա, հա՞, խնդրում եմ: Արդեն մի երկու շաբաթ ա, ինչ ձեր տանն եմ, ու մի գիշեր անգամ չեմ քնել այդ ընթացքում,- ասացի ես` վերմակը բարկությամբ մի կողմ հրելով:

-Ընչի՞, բալես,- անհանգստացավ տատս,- կարո՞ղ ա տեղդ փափուկ չի:

-Չէ, տատի, ի՞նչ տեղ, է՜,- պատասխանեցի ես` քունս կիսատ մնացած երեխայի դժգոհությամբ,- էդ անտեր շունն ա մեղավոր, որ ամեն գիշեր պարտաճանաչ կերպով քունս խանգարում ա:

-Է՜, բալես, անտեր ա, բա ինչ ա,- ցավագին գլուխը թափ տվեց տատս,- դրա տերերն էլ թողին գնացին:

-Ո՞ւր, տատ, ո՞ւր,- անփույթ հարցրի ես, քանի որ այդ գիշերվա կեսին ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ:

-Խոպան,- մի կերպ լսելի եղավ նրա բերանից:

Մի քանի րոպե լռություն էր: Հետո տատս, չգիտեմ ինչու, սկսեց հուզված տոնով պատմել այդ ընտանիքի պատմությունը: Ասում էր, մի տարի առաջ էր, որ գնացին Հայաստանից, որ ամեն ինչ ունեին, բայց գնացին, որ թողեցին իրենց տունը առանց ափսոսալու, իրենց շանը՝ առանց խղճի խայթի, ու հիմա մի տարի է՝ այս շունը ամեն գիշեր հաչում ու տերերին է կանչում, որ չի լքում տունը, որ հավատարիմ է: Ասում էր, որ ասում են, թե նրանք հայերեն էլ չեն խոսում, որ մոռացել են, որ հայ են, որ ինքը մեղադրում է, որ ինքը չի մեղադրում, որ այսպես, որ այնպես, որ…, որ…, որ…

-Տատ, տեսնես դրանք չե՞ն լսում էդ խեղճ կենդանու ձայնը,- հարցրի ես զգացված տոնով:

-Է՜ բալես, դրանք մի շան չափ հավատարմություն էլ չունեցան իրենց տանը, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Գնա, գնա, բալես, արդեն լուսանում ա,- վերջացրեց տատս դառը հեգնանքով ու դուրս եկավ սենյակից:

Այդ օրվանից անցել է երկո՞ւ… Չէ, չէ, համարյա երեք տարի: Հիմա ես էլի տատիկենց տանն եմ, ու հիմա էլի գիշեր է դրսում, ու լսվում է այդ նույն շան հավատարիմ ու անդավաճան հաչոցը: Ու ամեն անգամ, երբ լսում եմ, թե այսինչը կամ այնինչը թողին, գնացին երկրից, բերանիս մի անկյունում սառում է այն նույն հեգնանքը, ինչ տարիներ առաջ տատիս մոտ, և ուղեղիս մեջ արձագանքում են տատիս խոսքերը. «Է՜, բալես, մի շան հավատարմություն էլ չունեցան…»: