sargismelknyan12

Ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն

Մի քանի օր առաջ Երեւանի Աջափնյակ համայնքի բնակիչ, տասնվեցամյա Անի Գեւորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով չորրորդ էկո-վազքը, որին մասնակցեցին շուրջ 40 կամավորներ, ընդ որում՝ ոչ միայն Երեւանից։ Կամավորների թվում էի նաեւ ես։

Առավոտյան 9։04 էր, ու ես հասա նախապես սահմանված վայրը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտ, որտեղ մեզ տվեցին ձեռնոցներն ու տոպրակները։ Սկսեց Էկո-վազքը, բաժանվեցինք երեք խմբի, որոնցից մեկը պիտի գետնից վերցներ պլաստիկը, մյուսը՝ ապակյա իրերը, իսկ երրորդը՝ ընդհանուր աղբը։

Մոտ 2 ժամվա ընթացքում հավաքվեց շուրջ 50 կիլոգրամ աղբ, որից 29,5-ը ընդհանուր աղբն էր, 14,25 կգ ապակին եւ 6,25 կգ պլաստիկը։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ ֆանտաստիկ էր ու դրական, թիմը՝ անկրկնելի, տրամադրությունը՝ բարձր․․․

Բայց ինչպես միշտ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ինչպես Սարոյանն էր ասում։ Ու էդ սխալը էս անգամ մարդկանց վերաբերմունքի մեջ էր։

Մի շենքի բակ էինք մտել, որտեղ ծառեր կան, ու վստահաբար երեխաներ էլ են խաղում, նստարաններ կան, որտեղ մարդիկ են նստում․․․ Ուղղակի զարմանալ կարելի էր կոտրած ապակու կտորներն ու պոլիէթիլենային տոպրակները, կոնֆետների եւ անգամ լվացքի փոշու տարաներ, պլաստիկե եւ մետաղական հյութերի շշեր, նույնիսկ մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակներ։ Կներեք, բայց քաղաքի մաքրությունից բողոքելուց առաջ գոնե կարելի՞ է քթի դիմացի պլաստիկե շիշը կռանալ եւ վերցնել, թե՞ կռանալու մեջ ամոթ բան կա։ Իսկ գցելուց ինչ-որ մեկը մտածու՞մ է, որ հենց դա է իսկապես ամոթը․․․ բայց էս ամենը դեռ մի կողմ, երբ շենքի բակում հավաքում էինք աղբը, մարդիկ էին գալիս-գնում ու «Ապրեք, լա՛վ մաքրեք, երեխեք ջան․․․»-ից բացի ուրիշ ոչ մի բան։ Իսկ լուսամուտներից որոշ մարդիկ նայում էին, թե կամավորներն ինչպես են մաքրում տարածքը։ Բայց կարելի՞ էր իջնել ու ինչ-որ կերպ օգնել կանգնած նայելու փոխարեն, գոնե տոպրակ պահել, ի վերջո ոչ ոք ձեզնից բացի պարտավոր չէր մաքրել ձեր բակը, չէ՞։

Շատ հաճախ, երբ ինչ-որ իրադարձություն է լինում, ես փորձում եմ միշտ այն համեմատել իմ տարածաշրջանի հետ, թե ինչպես այն կլիներ, եթե մեզ մոտ լիներ, կամ՝ եթե արդեն չէր եղել։ Ու ես հիշեցի, թե ինչպես մայիսին Արմանի նախաձեռնությամբ մաքրվեց հարյուր մետր երկարությամբ ու երեւի մի այդքան էլ լայնությամբ տարածք՝ մարդու հասակի խոտից, ընդհանուր եւ շինարարական աղբից, պլաստիկից ու ապակուց։ Սկզբում ընդամենը մի քանի հոգի էինք, հետո շենքի մյուս բնակիչները տեսնելով էս ամենը, եկան ու միացան, մյուսները սառը թան, ջուր ու սուրճ էին բերում աշխատող մարդկանց, մի ամբողջ շենք էր պայքարում հանուն բակի այդ հատվածի մաքրության։ Ուղղակի մի կայծ էր պետք, որ մարդիկ հավաքվեին իրար գլխի ու մաքրեին էդ ամենը։

Բայց Երեւանին վախենամ դա էլ չի փրկի, քանի որ շատերը չեն գիտակցում, որ քաղաքն իրենց տունն է, բակը իրենցն է, հետո՞ ինչ, որ տասնյակ մարդիկ են ապրում նույն շենքում։

Ինչեւէ, ես չեմ կորցնում հույսը, որովհետեւ դա եւս մեկ անգամ գտա էն երիտասարդների աչքերում, ովքեր այդ եւ ոչ միայն այդ օրը ապացուցեցին, որ երկրի ցանկացած խնդիր նաեւ իրենցն է, ու իրենք պարտավոր են դա լուծել որպես քաղաքացի։ Երիտասարդներ, ովքեր միայն կարդալով հայտարարությունը, եկել ու մասնակցել էին նախաձեռնությանը հանուն ավելի մաքուր քաղաքի։ Ես վերագտա հույսը, երբ եկել էին ուրիշ մարզերից երիտասարդներ, եկել էին օգնելու իրենց ընկերներին սեփական գաղափարներն իրագործելու։ Ես եւս մեկ անգամ գտա հույսը եւ շարունակում եմ վառ պահել։

Ու թեեւ ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն, ես հույս, մեծ հույս ունեմ, որ դրա կարիքը շատ շուտով չի լինի, ու դուք կկարողանաք ինքնակազմակերպվել ու հոգալ սեփական տարածքի մաքրությունը։

Հ․Գ․

Չեմ հիշում, թե ով է այս խոսքերի հեղինակը, բայց «Նրանք, ովքեր չեն ցանկանում ինչ-որ բան անել, որոնում են պատճառներ։ Նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ բան անել, որոնում են ուղիներ․․․»։