Գիտե՞ք` ես միշտ կարծել եմ, որ հայ ժողովրդի համար եկեղեցին ամենակարևոր հենասյունն է: Եվ արդարև, ավելի կարևոր, քան ղեկավարությունը: Ես սովորել եմ, որ եկեղեցին հայ ազգի դիմագիծն ու ամենաազդեցիկ հավաքական ուժն է: Ես ցավ եմ ապրում այն մտքից, որ այժմ իմ հայրենակիցներից որոշները լիարժեք չեն հասկանում հայ եկեղեցու դերը: Ինչքան էլ հիմա թերի ենք համարում մեր կրթական համակարգը, վստահ եմ, որ այդ նույն կրթական համակարգում մենք սովորել ենք և գիտենք, որ պետությունը կործանելու համար միշտ սկսել են եկեղեցուց: Եկեղեցին է պետության հենասյունը, և եկեղեցու կործանումը բերում է պետության և ազգի կործանմանը: Սա այն միտքն է, որը միշտ պնդել են, բայց ավաղ, այդ ճշմարտությունը դժվար կլինի հերքելը:
Մտածե՞լ եք արդյոք, թե այժմ հայ եկեղեցու դեմ շարժումը իրականացնողների քանի տոկոսն է պատկանում ամենատարբեր աղանդների: Չեմ ուզում եզրակացություններ անել, բայց կարծում եմ, որ Առաքելական եկեղեցու իսկական հետևորդը երբևէ դեմ չէր գնա հոգևոր առաջնորդին, անգամ եթե նրա աշխատանքը իրեն չի գոհացնում: Չեմ ուզում հերքել եկեղեցու որոշ թերացումները, հատկապես` աղանդավորական կառույցների տարածման խնդիրը: Եկեղեցին չպետք է թույլ տար, որ աղանդները այսքան տարածում գտնեին մեր երկրում: Բայց այս խնդիրը ո՛չ միայն եկեղեցու, այլև պետության և հենց մեր՝ ժողովրդիս թերացումն է: Եկեղեցու խնդիրները միայն եկեղեցունը չպետք է լինեն, և հակառակը՝ եկեղեցին պետք է կիսի պետության խնդիրները: Անկախ սեփական հավատքից և եկեղեցու նկատմամբ վերաբերմունքից` կարծում եմ` եկեղեցու համար այս ծանր պահին ղեկավարությունը պետք է կանգնի եկեղեցու կողքին:
Ուզում եմ հասկանալ` ո՞ւր են մեր եկեղեցու հավատացյալները, ինչո՞ւ հիմա ի պաշտպանություն եկեղեցու ոտքի չեն կանգնում, ինչո՞ւ չեն պաշտպանում եկեղեցու իրավունքները: Ի՞նչ է նշանակում՝ հոգևոր առաջնորդը պետք է հրաժարական տա, կներեք, բայց իմ ուղեղին դա հասու չէ, և առավել ևս, չեմ կարող ընկալել այն միտքը, որ եկեղեցին և պետությունը անջատ են: Նոր Հայաստանի մասին պատկերացումներս այսպիսին չէին: Գուցե այս միտքը միայն ի՞նձ չէ հասու, հնարավոր է` ես է, որ ճիշտ չեմ ընկալում եկեղեցի-իշխանություն կապի կարևորությունը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հավատարիմ մնալ իմ դիրքորոշմանը, այն է` մենք երբեք չենք կարող ունենալ հզոր և առաջադեմ երկիր, եթե եկեղեցին ու իշխանությունը միասնական չլինեն:
Առհասարակ, անհավատ լինելուս փաստի մասին չեմ ասում, բայց հիմա ուզում եմ ասել, որ ոչ մի կրոնական պատկանելություն չունենալով էլ, այսօր եկեղեցու կողքին եմ և պատրաստ եմ պայքարել հայ եկեղեցու համար, և երբևէ ոչ մի ցույցի մասնակցած չլինելով` այսօր խոստանում եմ` եթե ի պաշտպանություն եկեղեցու ցույց լինի, առաջինը ես փողոց դուրս կգամ:
Հետևությունները ձեզ կթողնեմ, դե ինչպես ասում են` խաղաղություն բոլորիդ…