Գրում եմ, որ պատմեմ ձեզ՝ մի կտոր թղթի ու մի կապույտ գրչի հույսին ապավինած: Գրում եմ, ինչքան էլ դժվար լինի փոխանցել այսօրվա իմ ապրումները:
Դե, գնում եմ Երևան. սկսվում են դասերս: Հրաժեշտի թելերը կապվել են վզիցս և այնպես են խեղդում, չեք պատկերացնի: Վերջին օրս է Սիսիանում, մեր տան մեջ՝ իմ կապույտ սենյակում, ուր իմ աշխարհն է՝ լիքը հուշերով ու երազանքներով:
Երգ էի լսում, մեկ էլ հայրիկս եկավ ու ասաց.
-Շո՛ւշ, գնում ենք գյուղ՝ տատիկենց հաջող անես:
Նստեցի մեքենան ու գնացինք: Այնքան հարազատ է մեր գյուղի ճամփան՝ կանաչ, կապույտ, բարի գույներով, խաղաղությամբ: Ամբողջ ճանապարհին ինքս ինձ համոզում էի. «Վերջ, Շուշա՛ն, գոնե այս անգամ քեզ տղամարդավարի կպահես ու չլացես, այդ մարդկանց էլ չլացացնես»:
Տեղ հասանք, սովորականի պես նստեցինք, զրուցեցինք, տատիկս, ինչպես միշտ, չգիտեր էլ, թե ինչ դներ սեղանին, որ ուտեի:
-Դե հերիք է, էլի, ա՛յ տատ ջան, սոված չեմ:
Ամբողջ ժամանակ վախով սպասում էի բաժանման այդ պահին (տանել չեմ կարողանում բաժանումները) ու ինձ համոզում, որ լաց չլինեմ, բայց, չէ՚, սկսվե՚ց: Հիմա պիտի նստեմ մեքենան, գրկել եմ տատիկիս, համբուրում եմ, ուզում եմ ինձ հավաքել, միևնույն է, չեմ կարողանում: Պապիկիս եմ գրկել ու շա՜տ ուժեղ: Զգում եմ՝ չի խոսում, ինձ ամուր գրկել է ու լաց է լինում:
-Ի, պապի՞, մի լացի, պապի ջա՛ն:
Հիմա էլ, որ գրում եմ, աչքերիս առաջ պապիկիս արցունքոտ հայացքն է: Ես զարմացած եմ. այն մարդը, ով միշտ-միշտ չափազանց լուրջ է, չափազանց փակ իր աշխարհով ու հույզերով, զգացմունքներով, այսօր լաց եղավ, լաց եղավ այդ ուժեղ մարդը՝ պապիկս:
Հիմա միայն Աստծուն խնդրում եմ, որ պապիկիս ու տատիկիս շատ լավ պահի, երկնքից պահապան լինի, մինչև որ ես նորից կգամ…
Sep 1, 2016