Ձեռքերս չորացել են: Ոտքերս մշտապես սառն են: Իսկ բակի ծիրանենու տերևները չորացել ու թափվել են:
Արդեն կարող եմ հագնել ոտքերս չտաքացնող աշնանային կոշիկներս ու տրորել չորացած տերևները: Քայլում եմ մեջքս ուղիղ, արագ, վստահ: Այնպես, որ աշնանային, ոտքերս չտաքացնող կոշիկների ձայնը որքան կարելի է համահունչ ու բարձր լսվի: Կանգնում եմ իմ դիմաց հայտնվող յուրաքանչյուր տերևի վրա, որ լսեմ աշնան ձայնը:
Քայլում եմ աշնանային անձրևի ժամանակ, որպեսզի զգամ աշնան անձրևի հոտը: Չտաքացնող կոշիկներով մտնում եմ ջրափոսի մեջ: Մեկ է, ոտքերս չեն թրջվի: Մեկ է, ոտքերս միշտ սառն են:
Արդեն կարող եմ հագնել իմ սիրած վերնաշապիկներն ու ջինսե վերարկուն:
Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր: Այնքան սիրուն է հնչում: Ամիսներ, երբ չեմ անհանգստանում արևից ալերգիայիս համար: Բայց նաև չեմ բողոքում արևի բացակայության համար:
Աշուն, երբ սպասում եմ աշնանային անձրևներին, այն օրվան, երբ կարող եմ հագնել ոտքերս չտաքացնող աշնանային կոշիկները, անհամբեր սպասում եմ՝ երբ կարող եմ ուտել ցիտրուսային մրգեր: Թե երբ կարող եմ նարինջ, մանդարին ուտել, կիտրոնով թեյ խմել: Ցիտրուսներից ալերգիան իմ աշնանային ալերգիան է: Միակ ալերգիան, որից երբեք չեմ զզվի:
Հաշվում եմ, թե երբ է գալու ծննդյանս օրը: Սիրում եմ նոյեմբերը: Այդ ժամանակ արդեն կան ցիտրուսներ: Արդեն կարող եմ հագնել իմ գնած նոր աշնանային շորերը: Կարող եմ դնել աշնանային գլխարկներս: Կարող եմ ընտրել՝ կարմիր, թե մոխրագույն, որովհետև պահարանումս միայն այդ գույներն են: Կարող եմ նոր սանրվածք անել: Էլ ոչ ոք չի հարցնի, թե ինչու են մազերս սպիտակ, որովհետև աշնանը սպիտակ մազերս չեն փայլում:
Նոյեմբեր: Այդ ժամանակ ձեռքերս շատ չոր են, իսկ ոտքերս ավելի սառը, քան սեպտեմբերին:
Աշուն: Երբ ուզում եմ փաթաթվել տաք ծածկոցի մեջ, խմել կիտրոնով թեյ, գիրք կարդալ ու լսել աշնանային անձրևի ձայնը: Երբ կարող եմ նկարագրել այս իրավիճակը, բայց երբեք չիրականացնել:
Աշուն է: Ես ծնվել եմ աշնանը: Աշնանը ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, որովհետև ձեռքերս միշտ չոր են, իսկ ոտքերս երբեք չեն տաքանում: